Այսօր լրանում է մարտի 1-ի 17-րդ տարելիցը։ Այս կապակցությամբ Radar Armenia-ն ներկայացնում է «Մարտի 1»-ի՝ 2018թ. հետո վերաբացված գործով Սերժ Սարգսյանի ցուցմունքից հատվածներ.
«Հարց. Առաջարակում եմ պատմել 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ ՀՀ նախագահի նստավայրում հրավիրված խորհրդակցության հանգամանքների մասին, մասնավորապես` ո՞ւմ առաջարկությամբ է հրավիրվել այդ խորհրդակցությունը, ո՞րն է եղել նման ֆորմատով խորհրդակցություն հրավիրելու անհրաժեշտությունն ու նպատակը, ովքե՞ր են մասնակցել, ի՞նչ հարցեր ու խնդիրներ են քննարկվել խորհրդակցության ընթացքում, ի՞նչ որոշումներ են կայացվել, ի՞նչ հանձնարարականներ են տվել ՀՀ զինված ուժերի կատարմանը, ի՞նչ խնդիրներ են առաջադրվել:
Պատասխան. Մանրամասնորեն ներկայումս խորհրդակցության հանգամանքները չեմ հիշում. երկար ժամանակ է անցել: Խորհրդակցությունը հրավիրել է Ռոբերտ Քոչարյանը, մասնակցել է Զինված ուժերի բարձրաստիճան սպայական կազմը, ընդհանուր նպատակն է եղել Զինված ուժերի ղեկավար կազմին նախազգուշացնել, որ ցուցարարների ղեկավարները այդ պրոցեսի մեջ են ներգրավում Զինված ուժերի սպաներին, որ նրանց է միացել փոխնախարարներից մեկը, և բանակցություններ են վարում մյուս փոխնախարարի հետ, որ նա էլ միանա իրենց: Ուստի պետք է թույլ չտալ և կասեցնել այդ ամենը: Դա առիթ հանդիսացավ, որ ՀՀ նախագահը իրավացիորեն հանձնարարական տվեց, որ կա՛մ դիմում են գրում և դուրս են գալիս Զինված ուժերի համակարգից և շարունակում մնալ Երկրապահում, կա՛մ էլ դիմում են գրում և դուրս են գալիս Երկրապահի շարքերից և կատարում են իրենց ծառայողական պարտականությունները:
Հարց. Որո՞նք են հանդիսացել Զինված ուժերը 2008 թվականի հետընտրական գործընթացներում. իրավիճակները, հիմքերն ու առիթները: 2008 թվականի մարտի մեկին ՀՀ օրենսդրությամբ նախատեսված ո՞ր դեպքերում, պաշտոնատար ո՞ր անձինք էին իրավասու տալ ՀՀ զինված ուժերին օգտագործելու հրաման, հրահանգ:
Պատասխան. Հարցը վերաբերում է իրավունքին, իսկ ես իրավաբան չեմ, իսկ օրենքներն էլ իրավունքի զարգացմանը զուգահեռ փոփոխվել են, և միանշանակ չեմ կարող պատասխանել, ուստի առաջարկում եմ նայել այդ ժամանակ գործած օրենքները:
Հարց. Քննությամբ տվյալներ են ստացվել այն մասին, որ դեռևս 2008 թվականի փետրվարի 23-ին ՀՀ պաշտպանության նախարարության բարձրաստիճան հրամանատարական կազմի հետ անցկացված հանդիպման ժամանակ, երբ ոչ մի տեղեկություն չի եղել հավաքների ոչ խաղաղ լինելու մասին, ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը բանավոր հրահանգ է տվել` նշելով. «ժամը 00-ից հայտարարում եմ արտակարգ դրություն»: Նույն օրը ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից գերագույն գլխավոր հրամանատարի կողմից առաջադրած խնդիրները կատարելու համար արձակվել է թիվ 0038 հույժ գաղտնի հրամանը, որով, ըստ էության, գործի է դրվել ռազմական դրությանը համարժեք բանակի օգտագործման մեխանիզմը: Դեռևս 2008 թվականի փետրվարի 23-ի դրությամբ ՀՀ սահամանադրական կարգի տապալման, ՀՀ ներքին անվտանգության դեմ ոտնձգության վերաբերյալ ի՞նչ տեղեկություններ են եղել, որոնք հիմք են հանդիացել օգտագործելու ՀՀ զինված ուժերը:
Պատասխան. Ես կարծում եմ` Ձեր գնահատականը սխալ գնահատական է: Ես չեմ հիշում Քոչարյանի նման խոսքերը: Չի եղել նման բան: Զինված ուժերը զորանոցային վիճակի բերելը որևէ կապ չունի ռազմական դրության հետ, և, անկեղծ ասած, եթե ես լինեի պաշտպանության նախարարը, ապա ես էլ նման կերպ կվարվեի, հրաման կստորագրեի` զորքը զորանոցային վիճակի բերելու մասին, և, իմ կարծիքով, այդ ժամանակ դա եղել է ամենաարդյունավետ միջոցը զորքը հեռու պահելու քաղաքական ազդեցություններից և միջամտություններից:
Հարց. Դուք ծանո՞թ եք ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանի կողմից 2008 թվականի փետրվարի 23-ին ստորագրված թիվ 0038 հույժ գաղտնի հրամանի բովանդակությանը: Եթե այո, ապա հայտնեք, թե ինչն է հանդիսացել ՀՀ զինված ուժերը զորանոցային վիճակի բերելու նպատակը, դրանով ի՞նչ խնդիրներ էին լուծվում:
Պատասխան. Այդպիսի հրաման ես չեմ տեսել, ծանոթ չեմ եղել: Ծանոթ եմ այնքանով, որքանով մամուլում հրապարակվել է վերջերս: Ասեմ նաև, որ աղոտ հիշում եմ, որ դեռևս 2009 թվականին Պաշտպանության նախարարության կապիտալ շինարարության վարչության պետ Արմեն Սարգսյանն է դատապարտվել հիշյալ հրամանից քաղվածք հրապարակելու համար, և այդ մասին հիշում եմ, որ խոսում էր նաև փաստահավաք խումբը, սակայն այդ ժամանակ նշված հրամանն իմ ուշադրությանը առանձնապես չի արժանացել, որ մտածեմ, թե դա որևէ կապ ունի 2008 թվականի հետընտրական իրադարձությունների հետ:
Հարց. Դուք նշեցիք, որ հիշյալ հրամանի հրապարակած քաղվածքի մասին է խոսել նաև 2008 թվականի մարտի 1-ին և 2-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձություններն ուսումնասիրող փաստահավաք խումը: Նման պայմաններում արդյոք այդ ամենը Ձեզ տեղիք չի՞ տվել պարզելու, թե թիվ 0038 հրամանը ինչ կապ է ունեցել 2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների հետ:
Պատասխան. Ոչ, ես չեմ համարում և այդ ժամանակ էլ չեմ համարել, որ փաստահավաք խումբը կարող է փորձագետ լինել այդ հարցում և ես, ինչպես նախկինում նշեցի, նույն իրավիճակում նույնպես Զինված ուժերը կբերեի զորանոցային վիճակի: Նշեմ նաև, որ հրապարակված քաղվածքում նշված էր Զինված ուժերը զորանոցային վիճակի բերելու մասին, ուստի և այն ինձ համար որևէ կասկածի տեղիք չի եղել. դա նորմալ գործընթաց է Զինված ուժերում:
Հարց. Եթե մտավախություն է եղել ԵԿՄ-ի հնարավոր քաղաքական ներգրավվածությունը… և ստացվում է, որ փաստացի գործողություններն ուղղված են եղել այդ վտանգի, մասնավորապես` ԵԿՄ նախագահ, այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մանվել Գրիգորյանի հեռացմանը: Ռոբերտ Քոչարյանը ընդգծված և հստակ նշել է, որ իր կարգադրությամբ Մանվել Գրիգորյանը գնացել է տուն և սպասել է իր ճակատագրի վերջնական որոշմանը: Այնուհանդերձ, ինչո՞ւ է որոշվել արտակարգ դրություն հայտարարելուց հետո այդ ռեժիմի ապահովումը վերապահել նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Պատասխան. Նախ նշեմ, որ վտանգի աղբյուրը եղել է ոչ միայն ԵԿՄ-ի կազմում ընդգրկված գործող սպաների առկայությունը, այլ նաև առանձին զինվորականներ և ստորաբաժանումներ: Սկսենք նրանից, որ Մանվել Գրիգորյանի տուն գնալով վտանգը չէր վերանում: Հո երկրապահը չի՞ սկսվում և վերջանում Մանվել Գրիգորյանով: Բացի դրանից, զորանոցային վիճակ հայտարարելը նաև կանխարգելիչ միջոց էր:
Հարց. Քննությամբ փաստական տվյալներն են ստացվել, որ ՀՀ կառավարության շենքը 2008 թվականի փետրվարի 28-ից մինչև մարտի 1-ը առավոտյան արդեն իսկ շրջապատված է եղել ինչպես ոստիկանության, այնպես էլ Ռազմական ոստիկանության մեծաքանակ ծառայողների կողմից: Բացի այդ, արդեն կառավարության շենքի մոտ` Մելիք Ադամյան փողոց և Հանրապետության հրապարակ են տեղափոխվել նաև Զինված ուժերի հիշյալ համահավաք գումարտակները իրենց տեխնիկայով: …Ավելին, պարզվել է նաև` ԱՀ զինծառայողները փետրվարի 29-ի լույս մարտի 1-ի գիշերը կենտրոնական հավաքակայանից տեղափոխվել և տեղակայվել են ՀՀ կառավարության նկուղային հարկում և ավելի քան մեկ ամիս կառավարության շենքում և հետնամասի դարպասների մոտ իրականացրել են պարեկապահակետային ծառայություն: Իսկ ԱՀ ԱԱԾ հատուկ նշանակության ջոկատը հենակետեր է ընտրել կառավարության շենքում և իրականացրել է հարակից տարածքի դիտարկում: Այսինքն` եթե Դուք 2008թ մարտի 1-ին գտնվել եք աշխատանքի վայրում, ապա չէիք կարող չնկատել այդ շենքը շրջապատած ՀՀ Զինված ուժերի և այլ զորքերի ստորաբաժանումներին, նրանց զինտեխնիկան, զրահամեքենաները: Ի՞նչ կասեք այս կապակցությամբ:
Պատասխան. Հարցադրման մեջ նշված հանգամանքների մասին միայն կարող եմ ասել, որ մարտի 1-ի առավոտյան, երբ եկել եմ կառավարության շենք, այդ ժամանակ ոչ ոք չի եղել, կառավարության մոտ եղել են միայն ոստիկանության աշխատակիցները: Արդեն երեկոյան կառավարության շենքի հետնամասում` Մելիք Ադամյան փողոցում, նկատել եմ Վազգեն Սարգսյանի անվան ինստիտուտի կուրսանտներին: Արդեն մարտի 3-ին կամ 4-ին կառավարության շենքում տեսել եմ Արցախի Հանրապետության ՊԲ ղեկավար սպաների և հասկացել եմ, որ Երևան են եկել նաև Արցախի բանակային ստորաբաժանումներ: Վերջիններիս գալու անհրաժեշտության, նպատակի կամ դրդապատճառների մասին չեմ հետաքրքրվել և որևէ մեկին որևէ հարցադրում այդ կապակցությամբ չեմ արել:
Հարց. Ինչպես արդեն նշեցի, գործով ձեռք բերված տվյալները, որ, ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 0038 հույժ գաղտնի հրամանով, ՀՀ Զինված ուժերը բերվել են զորանոցային վիճակի, առանձնացված ստորաբաժանումները ուղարկվել են պաշտպանության նախարարի տեղակալ, Երևան կայազորի պետ Յուրի Խաչատուրովի ենթակայության տակ: Հաջորդիվ պարզվել է նաև, որ 2008 թվականի մարտի 1-ի կեսօրից հետո և հաջորդ մի քանի օրերին Յուրի Խաչատուրովը իր տրամադրության տակ անցած զինվորական վարչակազմի գործունեությունն իրականացրել է ՀՀ կառավարության շենքում` երկրորդ հարկում` Ձեր աշխատասենյակին հարակից: Ի՞նչ գործունեություն էր ծավալում զինվորական այդ վարչակազմը` Յուրի Խաչատուրովի գլխավորությամբ: Նաև նշեմ, որ, քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն, Դուք, ինչպես նաև փոխվարչապետ, նույն ինքը` տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը, այցելել և մասնակցել եք վարչակազմի աշխատանքներին: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ. հարցադրմանը դրական պատասխանելու դեպքում կխնդրեի հանգամանալից ցուցմունք տալ այդ ամենի կապակցությամբ:
Պատասխան. Նախ նշեմ, որ Յուրի Խաչատուրովի մշտական տեղակայման վայրը եղել է գլխավոր շտաբը: Բայց քանի որ Յուրի Խաչատուրովին հանձնարարված էր պահպանել պետական կարևորագույն օբյեկտները, իսկ ՀՀ կառավարության շենքը նման կարգավիճակից է օգտվում, ուստի նա, ամենայն հավանականությամբ, ժամանակավորապես տեղակայվել է ՀՀ կառավարության շենքում` ապահովելու կառավարության շենքի անվտանգությունը: Իսկ ինչ վերաբերում է իմ մասնակցությանը նրանց աշխատանքներին, ապա դա չի համապատասխանում իրականությանը: Ես միայն հիշում եմ մեկ դեպք. դա եղել է մարտի 1-ի երեկոյան, երբ Գորիկ Հակոբյանն ինձ զեկուցեց, որ ցուցարարները հասել են Պրոսպեկտ և կարող են բարձրանալ կառավարության շենքի ուղղությամբ: Ես այդ ժամանակ մտել եմ 2-րդ հարկում գտնվող խորհրդակցությունների սենյակ և այնտեղ գտնվող բոլոր զինվորականներին և մյուս մարդկանց ասել եմ, որ եթե ցուցարարները գան կառավարության շենք, ես դուրս եմ գալու և պաշտպանելու եմ շենքը, որից հետո հարց եմ ուղղել բոլորին` նրանք ինձ հե՞տ են, թե՞ ոչ, և բոլորը միաձայն դրական պատասխան են տվել»։