1999թ. հոկտեմբերի 27-ի մասին շատ է գրվել ոչ միայն հայաստանյան, այլև համաշխարհային մամուլում։ Այդ համատեքստում Radar Armenia-ն ներկայացնում է BBC-ի հեղինակներից Ստեֆան Մալվիի հոդվածը ոճրագործության մասին՝ հեղինակված հենց հոկտեմբերի 27-ի օրը։
Հայաստանում շփոթված են
Հայաստանում, որտեղ քաղաքական և տնտեսական շահերը հաճախ սերտորեն կապված են, քաղաքական գործիչների նկատմամբ հարձակումները նոր երևույթ չեն, սակայն այս անգամ կատարվածը, թվում է, չի ենթարկվում տրամաբանական բացատրության։
Վարչապետ Վազգեն Սարգսյանը նախկինում Հայաստանի պաշտպանության նախարար էր՝ Ադրբեջանի հետ Լեռնային Ղարաբաղի հարցով պատերազմի շրջանում։ Նա վաղուց Հայաստանի ամենաազդեցիկ քաղաքական գործիչներից էր՝ նույնիսկ նախքան կոմկուսի նախկին առաջնորդ, այնուհետ ՀՀ ԱԺ խոսնակ դարձած Կարեն Դեմիրճյանի հետ դաշինքով մայիսին ԱԺ ընտրություններում տարած հաղթանակը։
Լուրեր էին շրջանառվում, որ Սարգսյանը վերահսկում էր երկրի տնտեսության մեծ հատվածները, և վերջին ամիսներին տեղի ունեցած սպանությունները կարող էին կապված լինել տնտեսական ազդեցության համար մղվող պայքարի հետ՝ պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների կոռումպացված շրջանակների միջև։
Սակայն Հայաստանի հանցագործ շրջանակներին բնորոշ էր հնարավորինս քիչ ուշադրություն գրավելը, ուստի այս դեպքում քաղաքական շարժառիթն ավելի հավանական է թվում։ Սա համահունչ է այն տեղեկություններին, որ զինված անձինք, հարձակման ժամանակ, անհեթեթորեն հայտարարել են, թե պետական հեղաշրջում են սկսում։ Այնուամենայնիվ, դեռևս որևէ ակնհայտ քաղաքական դրդապատճառ չի նշմարվում։ Միգուցե Հայաստանում կան մարդիկ, ովքեր դեմ են Ադրբեջանի հետ վերջին ամիսներին նկատվող հարաբերությունների որոշակի բարելավմանը, սակայն այդ քաղաքականությունը ղեկավարում էր ոչ թե կառավարությունը կամ խորհրդարանը, այլ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ում դեմ զինված անձինք իրենց զենքը չեն ուղղել։ Բացի այդ, Սարգսյանը հայտնի էր իր կոշտ դիրքորոշմամբ Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի հարցում։
1998թ. անարյուն հեղաշրջումը
Վազգեն Սարգսյանը 1998 թվականի սկզբին առանց արյունահեղության իշխանությունից հեռացրեց նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին, երբ վերջինս սկսեց առաջ մղել մի ծրագիր, որի համաձայն՝ Հայաստանը պետք է Ադրբեջանին վերադարձներ գրավյալ տարածքները՝ մինչև վերջնական քաղաքական լուծումը։ Քոչարյանը, ով հետագայում ընտրվեց Հայաստանի նախագահ, ևս աջակցում էր Տեր-Պետրոսյանի հեռացմանը։
Ահաբեկիչների գործողությունների դրդապատճառների հնարավոր բացատրություններից մեկը նրանց կապն է Հայ յեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) հետ, որը ձախական ռադիկալ ազգայնական կազմակերպություն է՝ հարուստ պատմությամբ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում ապրող հայերի շրջանում։ Կա տեղեկություն, որ հարձակվողներից մեկը նախկինում եղել է Դաշնակցության անդամ։ Այս կազմակերպությունը հեղափոխական ոգին կենդանի է պահել հայկական քաղաքական դաշտում դեռևս 20-րդ դարասկզբից։ Սակայն վերջին տարիներին նրա հիմնական ներկայացուցիչները լավ հարաբերություններ ունեին գործող իշխանության հետ, որը ձևավորվեց Տեր-Պետրոսյանի հեռացումից հետո։
Տեր-Պետրոսյանը 1990-ականների կեսերին արգելել էր Դաշնակցությունը՝ մեղադրելով վերջինին զինված գաղտնի խմբեր գործարկելու, զենքի ու թմրանյութերի ապօրինի շրջանառությամբ զբաղվելու և քաղաքական սպանություններ իրականացնելու մեջ։ Սակայն նրա հաջորդը վերացրեց այդ արգելքը, իսկ Դաշնակցության առաջնորդները կառավարության մեջ ընդգրկվեցին։
Անորոշություններ
Ուստի, նույնիսկ եթե հարձակվողները երբևէ կապ են ունեցել Դաշնակցության հետ, նրանց շարժառիթները մնում են անորոշ։
Անորոշ է նաև, թե ինչպես կարող էին մի քանի հոգի, առանց դրսից աջակցության, հեղաշրջում իրականացնելու հույս ունենալ։
Հայ վերլուծաբանները նշում են, որ տեղի ունեցածում շատ բան անհասկանալի է։ Կատարվածի մասին հնարավոր կլինի պատկերացում կազմել միայն այն ժամանակ, երբ զինված անձինք սկսեն հրապարակային խոսել իրենց նպատակներից։