Ռետրո

Հոկտեմբերի 27-ից ժամեր առաջ կայացած կարևոր հանդիպման մասին պատմում են մասնակիցները

1999թ. հոկտեմբերի 27-ի կեսօրին Երևանում՝ նախագահական նստավայրում, տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով կարևոր հանդիպում։ Դրան հայկական կողմից մասնակցել են նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը։ Ամերիկյան կողմը ներկայացրել է ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը, ներկա է գտնվել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմոնը։

Radar Armenia-ն ներկայացնում է այդ կարևոր հանդիպման մասին 3 վավերագրություն՝ ԱՄՆ պետդեպի դիվանագիտական գաղտնի զեկուցագիրը, Քոչարյանի և Օսկանյանի հուշերը։ Տեքստերի համեմատությունից դժվար չէ նկատել առանցքային դրվագները, որոնք տարբերվում են երեք վավերագրություններում։

Օրինակ, ըստ Թալբոթի՝ Վազգեն Սարգսյանն առաջին անգամ է իմացել ԼՂ բանակցությունների որոշ մանրամասներ, իսկ, ըստ Քոչարյանի, Վազգեն Սարգսյանը ոգևորված է եղել։ Օսկանյանը Վազգեն Սարգսյանի «ոգևորության» մասին ոչինչ չի ասում, բայց խոսում է այդ օրվա «բարդ ու դժվարին քննարկումների» մասին։

Ըստ Թալբոթի՝ Քոչարյանը մտահոգություն է արտահայտել, որ ռուսները կարող են կասկածել թիկունքում գաղտնի գործարքի մասին, մինչդեռ, Քոչարյանի հուշերում, ինքն արդեն ուներ ռուսական կողմի աջակցությունը։ Քոչարյանի դիտարկմամբ՝ միջնորդները, զգացել էին հնարավոր հաջողությունն ու փորձում էին արագացնել գործընթացը, թեպետ Օսկանյանը պնդում է, որ Թալբոթը միակողմանի, միջնորդներից լիովին տարբերվող ամերիկյան ինչ-որ առաջարկ էր բերել։

Ի դեպ, Օսկանյանի այս պնդումը ոչ միայն չկա Քոչարյանի հուշերում, այլև չի հայտնաբերվում նաև ԱՄՆ պետդեպի զեկուցագրում։ Խիստ տարօրինակ է, որ ԱՄՆ փոխպետքարտուղարը նոր առաջարկ բերած լիներ ու այդ մասին գաղտնի զեկուցագրում տառ իսկ չլիներ։ Ընթերցողն, արդ, հնարավորություն ունի ինքնուրույն ծանոթանալու երեք վավերագրություններին ու սեփական եզրակացությունն անելու։

Սթրոբ Թալբոթ

«Վազգեն Սարգսյանը Քոչարյան-Ալիև բանակցությունների որոշ մանրամասների մասին այդ հանդիպմանն է առաջին անգամ լսել։ Քոչարյանը գտնվել է զգուշավոր՝ հորդորելով շտապողականություն չդրսևորել։ Քոչարյանը մտահոգված էր՝ ռուսները գուցե ամբողջությամբ տեղյակ չեն Հեյդար Ալիևի հետ իր բանակցություններում արձանագրված առաջընթացի մասին։ Նա նախատեսում էր նոյեմբերի 5-ին Սոչիում հանդիպել նախագահ Ելցինին և քննարկել այս հարցը։ Քոչարյանն անհանգստացած էր՝ Մոսկվան գուցե կասկածի, որ գործընթացը տարվում է նրանից թաքուն, կամ որ այդպես են վարվում ամերիկացիները։ Քոչարյանի պնդմամբ՝ Հայաստանը ցանկանում է պահպանել իր աշխարհագրական և քաղաքական կապերը Իրանի հետ, ուստի Ադրբեջանի և/կամ Թուրքիայի հետ երկխոսության միջոցով պետք է գտնել որոշակի ուղիներ՝ առևտրային կապերը Իրանի հետ ապահովելու համար։ Քոչարյանը խոսեց Թուրքիայի հետ հնարավոր սահմանային ճշգրտումների մասին՝ Հայաստան-Ադրբեջան կարգավորման համատեքստում։ Բաքու և Երևան գալուց առաջ Ժնևում հանդիպել էի Նութ Ուոլլեբեքին (Նորվեգիայի ԱԳ նախարարին,- խմբ.), որպեսզի քննարկեինք ԵԱՀԿ նախագահության ներգրավվումը խաղաղության գործընթացում, քանի որ նա անձամբ կարող էր շատ կարևոր դեր խաղալ»։

ԱՄՆ փոխպետքարտուղար Սթրոբ Թալբոթը այս ամենը պատմել է Թուրքիայի նախագահ Սուլեյման Դեմիրելին։ Նա հայտնել է, որ Քոչարյանին հստակ հասկացրել է, որ ԱՄՆ-ն դեմ է և չի մասնակցի Հայաստանի փորձերին՝ կապելու Հայաստան-Ադրբեջան համաձայնությունը Հայաստան-Թուրքիա հարաբերությունների հետ։ Ըստ ԱՄՆ փոխպետքարտուղարի՝ «Դա սխալ ուղի էր»։ Թալբոթն ընդգծել է, որ Բաքվից Երևան թռչելիս հույս ուներ, սակայն այլևս լավատես չէ ԵԱՀԿ Ստամբուլի գագաթնաժողովում հայ-ադրբեջանական մեծ միջոցառում կազմակերպելու հարցում։ Դեմիրելն իր հերթին համաձայնել է, որ Հայաստանը պետք է խուսափի Ադրբեջանի հետ առաջընթացը Թուրքիա-Հայաստան հարաբերությունների հետ կապելուց. «Երբ խաղաղություն ձեռք բերվի, մենք կարող ենք բացել սահմանները, երկաթուղիները, օդանավակայանները և թույլ տալ, որ Ստամբուլը դառնա Հայաստանի առևտրային կապակցող կենտրոնը»։

Ռոբերտ Քոչարյան

«Ես ու Ալիևն արդեն մի քանի ամիս նոր գաղափարներ էինք քննարկում, որոնք վերջապես կկարողանային բանակցությունները շարժել մեռյալ կետից, ու հասել էր դրանք միջնորդներին ներկայացնելու ժամանակը: Վազգենին հատուկ էի հրավիրել. համենայնդեպս, կարգավորումը բարդ ու ցավոտ թեմա է, և իրականացումը պահանջում է պետության առանցքային դեմքերի ներգրավվածություն: Հասկանալով դա՝ ես միշտ ընթացքին տեղյակ էի պահում Վազգենին, Սերժին և, իհարկե, ԼՂՀ ղեկավարությանը:

Հետաքրքիր ու խոստումնալից խոսակցություն ստացվեց: Երևում էր, որ միջնորդները, զգալով հաջողության հնարավորությունը, մտադիր են ամեն կերպ խրախուսել ու արագացնել գործընթացը: Երկու շաբաթ առաջ Մոսկվայում հանդիպել էի Ելցինի հետ, և նա էլ բանակցություններին լիակատար աջակցության պատրաստակամություն էր հայտնել:

Մենք տարվեցինք մանրամասների քննարկումով, հանդիպումը նախատեսվածից մի քանի ժամ ավելի տևեց։ Իմ ու Վազգենի տրամադրությունը բարձր էր, Վազգենը նույնիսկ ոգևորված էր: Նոր գաղափարներն ու միջնորդների վերաբերմունքը դրանց կարգավորման հարցում լրջորեն առաջ գնալու իրական հնարավորություն էին բացում: Տեսնում էի, որ Վազգենն ուզում է խոսել, քննարկել անցած հանդիպումը. «Երեկոյան հանդիպենք»,- ասացի Վազգենին: Այդ պայմանավորվածությամբ էլ բաժանվեցինք»:

Վարդան Օսկանյան

«Հայց ստացանք, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթրոբ Թալբոթը 1999թ. հոկտեմբեր 27-ին ժամանելու է Երևան՝ հանդիպելու նախագահին և քննարկելու ԼՂ հարցի կարգավորման մի նոր առաջարկություն: Միջնորդական առումով սա շեղում էր Մինսկի խմբի բանակցային գործընթացից, որովհետև նախաձեռնությունը միայն ամերիկացիներինն էր, իսկ բովանդակային առումով այն էապես տարբերվում էր մինչ այդ միջնորդների կողմից արված բոլոր առաջարկություններից:

Քոչարյանը կանչել էր ինձ, վարչապետ Վազգեն Սարգսյանին: Թալբոթի երկհոգանոց պատվիրակությանը միացել էր նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Լեմոնը: Հանդիպումը սկսվեց առավոտ 10-ին և կեսօրվա ընդմիջումից հետո դեռ շարունակվում էր: Բավական բարդ և դժվարին մեր քննարկումները դեռ հեռու էին ավարտվելուց։ Քոչարյանը ի գիտություն ընդունեց առաջարկությունները՝ հույս հատնելով, որ թերևս առիթ կունենանք հարցը շարունակելու քննարկել և եզրահանգման հասնել:

Լեմոնը մի կտոր թղթի վրա գրություն տվեց ինձ, որտեղ ասվում էր, որ Թալբոթը կուզենա ինձ հետ մի քանի այլ հարցերի մասին խոսել, և առաջարկում էր, որ ես իր մեքենայով նրան ուղեկցեմ օդանավակայան, որտեղից նա հատուկ չվերթով պետք է մեկներ Անկարա: Ամերիկացիները հույս ունեին, որ հայկական և ադրբեջանական կողմերի նախնական համաձայնություն ունենալուց հետո, դեկտեմբերին Ստամբուլում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովի ընթացքում նրանց առաջարկությունը կամ դրա մի տարբերակը կարող էր արդեն դառնալ Մինսկի խմբի համանախագահների կողմից պաշտոնապես ներկայացված առաջարկություն, որը և սկիզբ կդներ բանակցային նոր փուլի, որի նպատակը պետք է լիներ ԼՂ հարցին տալ համապարփակ և ամբողջական լուծում»:

Քննարկվող հարցի մասին գրել է նաև Կարեն Դեմիրճյանի կինը՝ Ռիմա Դեմիրճյանը։ Վերջինիս տեքստը լիովին տարբերվում է Քոչարյանի պնդումներից և առավելապես ներդաշնակում Թալբոթի դիտարկմանը։ Radar Armenia-ն ներկայացնում է այդ հատվածը։

«Ճիշտ օրը չեմ հիշում, սակայն դա հոկտեմբերն էր, Գերմանիայից վերադառնալուց հետո: Կարենը կանչեց ինձ ու Ստեփանին, Սամվելը Մոսկվայում էր, և ասաց, որ տեղի է ունեցել Ազգային անվտանգության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է առաջարկություն` Ադրբեջանի սահմանից մինչև Նախիջևան, Մեղրիի տարածքով ճանապարհ կառուցելու մասին:

Ես զարմացած էի, որ Կարենը տանը խոսում է Անվտանգության խորհրդի նիստի` պետական կարևորագույն հարցերի մասին: Անվտանգության խորհրդի հաջորդ նիստի ժամանակ, որը տեղի ունեցավ Մոսկվայից Կարենի վերադառնալուց հետո, հոկտեմբերի 23-ին, շաբաթ օրը, Անվտանգության խորհրդի ութ անդամներից հինգը համաձայնել էին պլանի հետ, Կարեն Դեմիրճյանը և Վազգեն Սարգսյանը դեմ էին, մեկը` ձեռնպահ:

Ըստ մեր վարորդի պատմածի` Կարենը և Վազգենը նիստից դուրս եկան հուզված և փոխված: Վազգենը` քաթանի նման գունատ, մոտեցավ իր մեքենային, նստեց և քշեց կատաղի արագությամբ: Կարենը, ընդհակառակը, կարմրատակած, ըստ երևույթին՝ բարձր ճնշման հետևանքով, նստեց մեքենան և վարորդին ասաց քշել Աշտարակ: Նա, երբ առանձնապես վատ էր լինում, հնարավորության դեպքում գնում էր դեպի բնություն, որպեսզի հանգստանա, հավասարակշռությունը վերականգնի: Անվտանգության խորհրդի առաջին նիստից անմիջապես հետո Կարենի տրամադրությունը կտրուկ փոխվեց: Տանը նա կարծես ուրիշ էր. պարփակվեց իր մեջ, դարձավ լռակյաց, կատակներ չէր անում, շատ անհանգիստ էր քնում, նույնիսկ սիրելի թոռնիկների հետ համարյա չէր շփվում: Այդպիսի վիճակում էլ մեկնեց Մոսկվա: Այն, ինչը նա խնամքով ինձնից թաքցնում էր, Մոսկվայում ասել է եղբորը. «Կամո, իմացիր, ինձ սպանելու են»: Այդ նույնը նա ասել է իրեն ուղեկցող Հրաչիկ Կարապետյանին»։