Ռետրո

«Չեմ չափազանցնում՝ նրանք պատրաստ էին քաղաքացիական պատերազմի». Լևոն Տեր-Պետրոսյան

27 տարի առաջ՝ 1998թ. այս օրը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական ներկայացրեց։

«Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ։

Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում Նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը և հայտարարում իմ հրաժարականը։

Զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով։ Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր։ Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ։ Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն»,- հայտարարել էր ՀՀ առաջին նախագահը։

Տեղի ունեցածից 23 տարի անց՝ 2021թ. Տեր-Պետրոսյանը որոշ մանրամասներ էր հայտնել 1998թ. տեղի ունեցածից։ Այս կապակցությամբ Radar Armenia-ն ներկայացնում է Տեր-Պետրոսյանի՝ ՀԱԿ համագումարում 2021թ. մայիսի 16-ի հայտարարությունից հատված, երբ ներկայացրել է իր հրաժարականի պատճառները.

«Նախևառաջ, ժողովրդին բացեիբաց դիմել եմ «Պատերա՞զմ, թե խաղաղություն» հոդվածով, իսկ նախագահի պաշտոնից հրաժարվել եմ՝ քաղաքացիական պատերազմից խուսափելու նկատառումով: Խաղաղության իմ ծրագիրը տապալելուն ուղղված իրենց գործողություններում, իշխանության ներսում ձևավորված խմբավորմանը հաջողվել էր քայքայել խորհրդարանական մեծամասնությունը և ինձ զրկել քաղաքական ուժերի աջակցությունից:

Այս առիթով ուզում եմ մի գաղտնիք բացահայտել: Անշուշտ, իշխանության ներսում, այսինքն՝ Վազգեն Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի շրջապատում, ոչ բոլոր ուժերն էին, որ գոհ էին իրադարձությունների նման զարգացումից: Շատերի՝ այդ թվում բանակի, ազգային անվտանգության, ոստիկանության, երկրապահի որոշ շրջանակների կողմից ես ստացել եմ աջակցության լուրջ առաջարկներ և այդ հեղաշրջումը զսպելու պատրաստակամություն: Աջակցության առաջարկ եմ ստացել նաև Ռուսաստանից՝ հանձին նախագահ Ելցինի, ինչի մասին վերջինս հրապարակավ հանդես է եկել իմ հրաժարականի հաջորդ օրը (տեսագրությունը կարող եք տեսնել համացանցում): Ես մերժել եմ աջակցության բոլոր այդ առաջարկները, կրկնում եմ՝ բացառապես քաղաքացիական պատերազմից խուսափելու համար: Չեմ չափազանցնում՝ Վազգեն Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը պատրաստ էին նման պատերազմի»։