1998թ. հունվարի 7-8-ը տեղի ունեցավ ՀՀ անվտանգության խորհրդի ընդլայնված նիստը, որտեղ ելույթով հանդես եկավ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ պնդելով ԼՂ հակամարտության կարգավորման գնալու անհրաժեշտության մասին։
Այս նիստը շրջադարձային էր Հայաստանի պատմության համար. մոտ մեկ ամիս չանցած Տեր-Պետրոսյանը հայտնի ուժերի ճնշման ներքո հրաժարական տվեց։
Radar Armenia-ն ներկայացնում է Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԱԽ նիստում ունեցած ելույթից հատված.
«Ամենաապշեցուցիչը, սակայն այն պնդումն է, թե Ղարաբաղի հարցում մենք պետք է փոխզիջման գնանք այն ժամանակ, երբ հարկադրված կլինենք։ Մի՞թե հասկանալի չէ, թե ինչ է նշանակում հարկադրված զիջում. հարկադրված զիջումը նշանակում է կապիտուլյացիա։ Իսկ կապիտուլյացիայի ժամանակ դու ոչինչ չես զիջում, կամ եթե զիջում էլ ես՝ դրա դիմաց ոչինչ չես ստանում, այլ հլու հնազանդ ընդունում ես այն, ինչ փաթաթում են քո վզին։ Քի՞չ է մեր անցյալի դառը փորձը։ Քի՞չ են Բաթումի ու Ալեքսանդրապոլի խայտառակ պայմանագրերը, երբ ավելի վաղ հնարավորություն կար շատ ավելի ձեռնտու լուծումներ գտնելու, բայց ժամանակի պատասխանատուները կորցրին այդ հնարավորությունները։ Ստիպված եմ կրկնել իմ վերջին հոդվածի տրիվիալ միտքը. փոխզիջման պետք է գնալ այն պահին, երբ ուժեղ ես։ Հայաստանը վաղն ավելի ուժեղ չի լինելու, քան այսօր։ Հետևաբար, վաղվա ցանկացած լուծում ավելի վատն է լինելու, քան այսօրվանը։
Այսպիսով, Լեռնային Ղարաբաղի հարցի հրատապ լուծման անհրաժեշտության դեմ բերված ոչ մի փաստարկ, իմ կարծիքով, քննադատության չի դիմանում։ Ավելին, այդ փաստարկների մեջ ես դիտում եմ հարցի էությունից շեղվելու և փաթեթային ու փուլային տարբերակների շուրջ ֆորմալ բանավեճ ծավալելու միտում։ Թեև խոստացել էի չանդրադառնալ այդ տարբերակներին, բայց, քանի որ այստեղ դրա մասին շատ խոսվեց, ստիպված եմ անել որոշ պարզաբանումներ։
Հարցն այնպես է ներկայացվում, թե իբր Հայաստանը պաշտպանում է փուլային, իսկ Ղարաբաղը՝ փաթեթային տարբերակը։ Մոռացության է տրվում այն փաստը, որ Հայաստանը (ճիշտ է՝ սկզբունքային վերապահումներով) ընդունել է փաթեթային տարբերակը, և Ղարաբաղն ինքն է կտրականապես մերժել այն։ Փաթեթայինը մերժվելուց հետո մեզ ներկայացվել է փուլային տարբերակը, և Հայաստանը (նորից սկզբունքային վերապահումներով) այն ընդունել է։ Ղարաբաղը սա նույնպես մերժել է և այժմ առաջարկում է կրկին վերադառնալ փաթեթային տարբերակին։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է այդ դեպքում Հայաստանը շարունակում պնդել փուլային տարբերակի վրա։ Պատասխանում եմ. Առաջին՝ մենք գտնում ենք, որ Ղարաբաղի հարցը պետք է լուծել այսօր, իսկ այսօր ուրիշ լուծում չկա, քան փուլայինը, և երկրորդ՝ մենք համոզված ենք, որ երկար ժամանակ, գուցե թե երբևէ, փաթեթային տարբերակի շուրջ համաձայնություն չի կայացվելու Ղարաբաղի և Ադրբեջանի միջև։ Փաթեթային տարբերակին վերադառնալու առաջարկն, ու ստի, հետապնդում է ոչ թե հարցը լուծելու, այլ ժամանակ շահելու նպատակ։ Կարծում եք՝ դժվա՞ր բան է ժամանակ շահելը, կարծում եք՝ ես չեմ կարող 3-4 տարի, մինչև իմ պաշտոնավարման ժամկետի ավարտը, պահպանել ղարաբաղյան ստատուս-քվոն։ Բայց ի՞նչ է լինելու դրանից հետո, ի՞նչ անելանելի վիճակի մեջ է հայտնվելու հաջորդ Նախագահը։
Ավարտում եմ։ Երկու օրերի քննարկումն, այսպիսով, ինձ լուրջ հիմքեր է տալիս կասկածելու, թե փուլային տարբերակին ընդդիմացողներն ընդհանրապես Ղարաբաղի հարցը լուծելու մտադրություն ունեն։ Շատերն առանձնապես դա չեն էլ թաքցնում, ինչը պարզորոշ կերպով երևում է ելույթիս սկզբում ամփոփված կարծիքներից։ Փաթեթային, փուլային կամ այլ տարբերակների շուրջ թվացյալ բանավեճը, վստահ եմ, սոսկ շղարշ է՝ կարգավորման պրոցեսը ձգձգելու, այսօրվա իրավիճակը, այսինքն ստատուս-քվոն որքան հնարավոր է երկար պահպանելու համար։ Ես ցավով նախազգում եմ, թե դա ինչ ահավոր վտանգ է ներկայացնում թե՛ Ղարաբաղի, թե՛ Հայաստանի գոյության համար։ Այսօր մենք, ինչպես Բաթումից ու Ալեքսանդրապոլից առաջ, թերևս Ղարաբաղի հարցի նպաստավոր լուծման և Հայաստանի բարգավաճման վերջին պատեհությունն ենք կորցնում։ և դրա համար մենք բոլորս էլ պատասխան ենք տալու մեր ժողովրդին»։