Ժամանց

Մայքլ Ջեքսոնի չհրապարակված 12 ձայներիզ է հայտնաբերվել (ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)

Պոպ-արքա Մայքլ Ջեքսոնի չհրապարակված ձայնագրություններով 12 ձայներիզ են գտել․ գրում է The Hollywood Reporter թերթը: Դրանք հայտնաբերվել են  Կալիֆոռնիայի լքված պահեստում։

Նշվում է, որ դրանք ձայնագրվել են մինչև «The Dangerous» ալբոմի թողարկումը՝ մոտավորապես 1989-91թթ․։ Հավաքածուն հայտնաբերած ամերիկացու խոսքով՝ պահեստը նախկինում պատկանել է երաժշտական պրոդյուսեր և երգիչ Բրայան Լորենին։

Չհրապարակված ձայնագրությունների թվում կա մի երգ, որը կոչվում է «Don' t Believe It», որը, կարծես, վերաբերում է պոպ-աստղի մասին լրատվամիջոցներում շրջանառվող լուրերին: Երգի մթնոլորտն ու ոճը համապատասխանում են այն ժամանակ Ջեքսոնի թողարկած երաժշտության ոճին։

Մեկ այլ ձայնագրության մեջ կարելի է լսել, թե ինչպես է Ջեքսոնը բացատրում «Seven Digits» երգի իմաստը, որ վերաբերում է դիահերձարանում դիակների ստացած նույնականացման համարին։ Ամենահետաքրքիր երգերից մեկը կոչվում է «Truth on Youth», որն, ըստ երևույթին, Ջեքսոնի և LL Cool J-ի ռեփ դուետն է: Ռեփերը նախկինում խոսել է Ջեքսոնի հետ աշխատելու մասին՝ հաստատելով, որ նրանք միասին երաժշտություն են ձայնագրել։ Այս երգը առանձնանում է նրանով, որ Ջեքսոնը ռեփ է կարդում։

Ի դժբախտություն Մայքլ Ջեքսոնի մոլի երկրպագուների, ձայներիզները չեն հրապարակվի, և դրանք հայտնաբերած մարդը, հավանաբար, կլինի այն քչերից մեկը, ով երբևէ կլսի այդ երգերը։