Ռետրո

«Հայաստանը ոչ մի քոռ կոպեկ չի ստանա տարածաշրջանների փոխադրումներից». Վանո Սիրադեղյան

Այսօր «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի ծննդյան օրն է։ Նա կդառնար 78 տարեկան։

Այս առթիվ Radar Armenia-ն ներկայացնում է հատված Վանո Սիրադեղյանի՝ «Հայ հեղափոխական իրավիճակ» հոդվածից։

«Հիմա արդեն դաշնակ գործիչները բացահայտ լպիրշությամբ հայտարարում են, որ չեն ուզում Թուրքիայի սահմանը բացվի: Այսինքն, որ չբացվեն նաև մյուս սահմանները: Էլ ո՞վ բացահայտ չի ուզում, որ այդ սահմանը բացվի: Բացահայտ՝ միայն Ադրբեջանը: Ոչ բացահայտ՝ Իրանը, որ առանց մրցակցության Հայաստանի վրա սաղացնի շիրպոտրեբի իր աղբը, նաև Հունաստանը, որ հայ զանգվածները չիմանանինչ բան է իսկական լիմոնն ու նարինջը և առնեն հունական միրգ ու պտուղ, որ իրենց երկրում օգտագործում են միայն որպես անասնակեր:

Համ էլ Հայաստանը դիտում են որպես փուշ Թուրքիայի քամակին՝ թեկուզ և ժամանակավոր, բայց անհարմարություն իր թշնամու համար: Իսկ կառավարության մակարդակով հույները բանակցում են արդեն Ադրբեջանի հետ՝ ադրբեջանական գազը ապագայում Թուրքիայից Հունաստան և Բալկաններով՝ Եվրոպա քաշելու համար: Եւ Ալիևը քամահրալից ներողամտությամբ չի բացառում այդ տարբերակը, բայց ասում է՝ հետո, երբ Թուրքիայի պահանջները կբավարարենք:

... Մնաց Թուրքիա-Վրաստան երկաթուղին: Ի դեպ, խիստ խորհրդանշական է, որ երբ մի քանի ամիս առաջ Վրաստանն ու Թուրքիան Ստամբուլում թե Անկարայում ստորագրում էին Ախալքալաքով անցնող երկաթուղու կառուցման համաձայնագիրը, այդ նույն ժամանակ Ծաղկաձորում հերթական անգամ «սխոդկայի» էին նստել մի քանի ժուլիկ հայ ու հույն պաշտոնյա, նաև մի քանի պարսիկ և Ծաղկաձորի մաքուր օդում խզբզում էին Հունաստան-Հայաստան-Իրան եռանկյունին: Տարբերակներ՝ Կուբա-Չինաստան-Հայաստան սուր եռանկյունի, Հունաստան-Կիպրոս-Հայաստան ուղիղ եռանկյունի, Լիբանյան-Սիրիա-Իրաք-Հայաստան զիգզագը... և այլ՝ հոգեկան հիվանդի վառ երևակայության արգասիք նկարչություն: Մինչդեռ իրական աշխարհում խողովակներն ու ճանապարհները շրջանցում են Հայաստանը: Երկու-երեք տարուց կառուցված կլինի նաև Ախալքալաքի երկաթուղին և Գյումրի-Նախիջևան երկաթգիծը, որը մեզ պիտի կապեր մեր չորս հարևաններից երեքի հետ և նրանց միջոցով՝ նաև Միջին ու Առաջավոր Ասիայի, նաև՝ Եվրոպայի հետ,- այդ գիծը հիմա կծառայի Թավրիզի, Արարատյան դաշտի և մեզ սահմանակից թուրքական շրջանների բազարի ժողովուրդ տեղափոխող «էլեկտրիչկաներին»: Իհարկե, դեպքից-դեպք ապրանքատար վագոններ էլ կանցնեն-կդառնան, երբ, ասենք, Իրանը չամիչ և կաֆել արտահանելու լինի հատկապես Հայաստան: Վրաստան, Ռուսաստան, Ուկրաինա և Եվրոպա իր արտադրանքը Իրանը կհանի Ադրբեջանով: Եւ Հայաստանը ոչ մի քոռ կոպեկ չի ստանա տարածաշրջանների փոխադրումներից, որովհետև բոլոր ճանապարհները շրջանցում են Հայաստանը: Այս բանը կարող էին կռահել անգամ հայ բոշեքը, եթե պետականություն ունենային Հայաստանի տարածքի վրա: Բայց պատմականորեն այդ բանը վիճակված էր հայերին, ովքեր տարածաշրջանի երկրների ու ժողովուրդների ապագայի համար վճռորոշ այս տարիներին հնարավոր ու անհնարին ամեն բան արեցին, որ իրենց սերունդները վերջնականապես մնան «Ջերմուկի» հույսին:

Եւ որ երբ Լոսում ապրող երևանցի տղերքի սիրտը մեկ-մեկ «Ջերմուկ» ուզի և դա գտնեն հայկական դուքաններում, Բուրջ-Համուդի ու Ասկերանի տղերքը երկու կոնտեյրներ «Ջերմուկ» Ամերիկա հասցնելը համարեն արտահանում: Դամասկոսում չկծված փախլավա ուտելը համարեն դիվանագիտություն: Ռուս գեներալների պարտյանկաները փաթաթելը համարեն դարավոր բարեկամություն: Չափառից չափառ ժապավեն կապելն ու կտրելը համարեն արտադրության աճ: Ինչ փույթ, որ Հայաստանը օրը-օրի ետ է գնում դեպի Էրիվանի խանության ժամանակները»: