Ռետրո

«Մի՞թե ես չգիտեմ հերոս ձևանալու, ժողովրդին ամեն գնով դուր գալու էժան հնարքները». Լևոն Տեր-Պետրոսյան

27 տարի առաջ այս օրը լույս տեսավ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը։

Այս կապակցությամբ Radar Armenia-ն ներկայացնում է հատված Տեր-Պետրոսյանի հոդվածից.

«Ընդդիմության հետասուլիսյան քարոզարշավում շրջանառության մեջ են դրվել որոշ թյուրիմացություններ, որոնցից մի քանիսին հարկ եմ համարում թռուցիկ կերպով անդրադառնալ։

Առաջին թյուրիմացությունը, եթե կուզեք՝ վտանգավոր մոլորությունն այն է, թե Ղարաբաղի հակառակորդը Ադրբեջանն է, որին կարելի է հեշտությամբ ծնկի բերել։ Իրականում, սակայն, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է, որին մենք, փաստորեն, ձեռնոց ենք նետել։ Չհասկանալ այս պարզ իրողությունը, կնշանակի մեր ժողովրդին մատնել դաժան փորձությունների։

Երկրորդ թյուրիմացությունը այն անհիմն պնդումն է, թե Ղարաբաղը շահել է պատերազմը, հետևաբար կարիք չունի որևէ զիջման գնալու։ Դժբախտաբար, Ղարաբաղը շահել է ոչ թե պատերազմը, այլ ճակատամարտը։ Պատերազմը շահում են միայն այն ժամանակ, երբ հակառակորդը կապիտուլյացիայի է ենթարկվում։ Պատերազմի ու ճակատամարտի շփոթությունը շատ շատերին է փորձանքի բերել։

Երրորդ թյուրիմացություն. մինչև հիմա մեզ ամեն ինչ հաջողվել է, ուստի այսուհետև ևս կհաջողվի։ Այսինքն՝ մինչև հիմա մենք կարողացել ենք հաղթել Ադրբեջանին, այսուհետև էլ կհաղթենք, մինչև հիմա մենք դիմացել ենք արտաքին ճնշումներին, այսուհետև էլ կդիմանանք և այլն։ Սա թերևս թյուրիմացություններից ամենավտանգավորն է, որովհետև ապագա հաջողությունների գրավականը դիտում է ոչ թե ուժերի ապագա հարաբերակցությունը, այլ անցյալի հաջողությունները։ Այսպես մտածողները լուրջ պրոբլեմ ունեն տրամաբանության տարրական օրենքների հետ։ Եթե ապագա հաղթանակները պայմանավորված լինեին անցյալի հաջողություններով, ապա մեկ անգամ հաղթողն այլևս երբեք չէր պարտվի, այսինքն Հռոմեական կայսրությունը երբևէ չէր կործանվի։

Հաջորդ թյուրիմացությունը կամ ավելի ճիշտ՝ անհեթեթությունն այն է, թե Հայաստանի Նախագահը ծախում է Ղարաբաղը իր իշխանությունը պահելու համար։ Դժվար է հավատալ, որ անգամ խելակորույսի մտքով կանցներ, թե Ղարաբաղը ծախելով, որևէ մեկը Հայաստանում կարող է իշխանություն պահել։

Ի դեպ, իշխանությունը պահելու մարմաջի մասին. ի՞նչը պիտի ինձ ստիպեր ամեն գնով պահպանել իշխանությունը. բարի՞քը, փա՞ռքը, թե հերոսականացումը։

Նախագահության օրոք ոչ մի բարիք կամ սեփականություն չեմ ստացել (կարող եք ստուգել) և չեմ էլ ուզում ստանալ։

Անձնական փառքի կամ հերոսականացման ձգտելու պարագայում ես պարզապես չէի մասնակցի 1996թ. ընտրություններին, սերունդների աչքում մնալով որպես անկախություն նվաճած, ղարաբաղյան հերոսամարտը շահած, հայկական տարածքներն ընդարձակած Նախագահ, անկախ այն բանից, թե որքան արդարացի է այդ ամենի ինձ վերագրումը։ Ինչ փույթ, թե դրանից հետո ինչ կպատահեր և ում վրա կընկներ վիճակի վատթարացման պատասխանատվությունը։ Միևնույն է, իմ վարկանիշը դրանից չէր տուժի, այլև ընդհակառակը, թերևս ավելի շահեր։ Կրկնում եմ, անձնական տեսակետից ինձ համար ամենալավ լուծումը թերևս այդ էր, բայց դա կլիներ ոչ այլ ինչ, եթե ոչ փոքրոգի դասալքություն, որին, դժբախտաբար թե բարեբախտաբար, սովոր չեմ։ Ես վերընտրվել եմ իմ առջև կանգնած դժվարությունների և դրանց հաղթահարման գործում կրելիք պատասխանատվության սառը գիտակցությամբ, որի համար ամենևին չեմ զղջում։

Մի՞թե ես չգիտեմ հերոս ձևանալու, ազգային բոլոր իղձերի իրականացնողը ներկայանալու, ժողովրդին ամեն գնով դուր գալու էժան հնարքները։ Մի՞թե ես չէի կարող գիշեր-ցերեկ հայհոյել թուրքերին, ՄԱԿ-ի առջև բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, չեղյալ հայտարարել Կարսի պայմանագիրը, Թուրքիայից պահանջել Սևրի դաշնագրով գծված սահմանները, վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հայտարարել, որ ոչ մի թիզ հող չենք զիջի և այլն։

Այդ բոլոր հնարքները ես վարպետորեն կարող էի օգտագործել, համենայն դեպս ոչ ավելի վատ, քան Կինոյի տանը հավաքվածներից որևէ մեկը. ինչ է, կրթությո՞ւնս չի ներում, խե՞լքս չի կտրում։ Ես հեշտությամբ կարող էի քաջի ու մեծ հայրենասերի համբավ ձեռք բերել, դառնալ ազգի կուռքը, Հայաստանի ու Սփյուռքի միասնության խորհրդանիշը։

Ի՞նչն է, ուրեմն, խանգարում անել այդ ամենը՝ քաջության պակա՞սը, աշխարհաքաղաքացիական (կոսմոպոլիտ) մտածողությո՞ւնը, ապազգային էությո՞ւնը, թե սխալ դաստիարակությո՞ւնը։ Խանգարում է ընդամենը պարզ քաղաքական հաշվարկը և մեր ժողովրդին փորձանքներից հեռու պահելու գիտակցությունը։ Այլ կերպ վարվելու դեպքում աղետներն ու արհավիրքներն անխուսափելի կլինեին, և այսօր ոչ միայն կորցրած կլինեինք Ղարաբաղը, այլև վտանգված կլիներ Հայաստանի գոյությունը։ Լուսաբանությունների համար հեռու չգնալով, հիշենք մեր հարևանների բախտը։ Մեր աչքի առջև Գամսախուրդիան և Էլչիբեյը որդեգրեցին հերոսանալու քաղաքականությունը, դարձան ազգային կուռքեր, բայց անհամար աղետներ բերին իրենց ժողովուրդների գլխին»։