1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո Ռոբերտ Քոչարյանը հանդիպել էր լրագրողների հետ, անդրադարձել կատարվածին։
Radar Armenia-ն ներկայացնում է այդ հարցազրույցից հատվածներ.
«Գնահատականներ պետք է տրվեն 27-ի դեպքերին, բայց, կարծում եմ, դրա համար ժամանակ է պետք: Առաջին հերթին ժամանակ է պետք հետաքննությունը ավարտելու համար, որից հետո բոլորիս համար շատ ավելի պարզ ու հասկանալի կլինի, թե ինչ կարգի գնահատական մենք կտանք այդ երևույթին:
Մինչև հարցերին անցնելը, ես կցանկանայի որոշ հարցերի պատասխանն ինքս տալ: Գիտեմ, որ ես ձեզանից այդ հարցերն անպայման կլսեմ, գիտեմ, որ ժողովրդին այդ հարցերը հուզում են:
Առաջինը. ինչո՞ւ նախագահը չդիմեց ժողովրդին: Անձնական շփումների ժամանակ անընդհատ այս հարցադրումը հնչում էր: Անկեղծ պետք է ասեմ, որ առաջին երկու-երեք օրվա ընթացքում դա ֆիզիկապես ուղղակի հնարավոր չէր: Ես ամբողջ գիշեր զբաղված էի պատանդների ազատմամբ, ընդհանրապես դեպքի վայրում էի և զբաղվում էի օպերացիայի ընդհանուր կոորդիանացիայով: Գիշերը չքնելով, մյուս օրը շատ ակտիվ աշխատանք էի տանում քաղաքական ուժերի, տարբեր կուսակցությունների, բանակի հետ, որովհետև իրավիճակը բավականին նյարդային էր, և պետք էր անել ամեն ինչ, որ վիճակից ելնելով այլ զարգացումներ տեղի չունենային:
Ես, փաստորեն, միակ օրինական պաշտոնյան էի երկրում, և ամբողջ ծանրաբեռնվածությունն իմ ուսերին էր: Նույնիսկ ասեմ, որ մեր շենքում կամերաներն արդեն տեղադրված էին հատուկ իմ դիմումը ձայնագրելու համար, բայց երկրորդ, թե երրորդ օրը ես ազատվել եմ միայն գիշերը մեկին և հայտնաբերել, որ սափրված չեմ և վիճակս վիճակ չէ ելույթ ունենալու համար: Այդ վիճակում չեմ կարծում, որ մեծ օպտիմիզմ կներշնչեի մեր ժողովրդին: Հետո սկսվեց հուղարկավորությունը, բազմաթիվ պատվիրակություններ ժամանեցին, որից հետո կառավարության ձևավորումը, և այստեղ կային երևույթներ, որոնց այն ժամանակ ես շատ խիստ գնահատականներ կտայի: Հասկանալով, որ դա կարող է սրել վիճակը, լրացուցիչ լարվածություն ստեղծել և ոչ թե հնարավոր լուծումների բերել, ես որոշեցի այդ քայլին չդիմել: Հիմա շատ ավելի հանգիստ իրավիճակում, երբ ձևավորված է կառավարությունը, ես ասում եմ, որ իմ դիմումը չի եղել հենց այդ պատճառներով:
Երկրորդ հարցը: Ես, իհարկե, հնարավորության չափով հետևում էի մամուլի գնահատականներին: Միշտ հնչում էր այն միտքը, թե Հայաստանում կա քաղաքական ճգնաժամ: Արդյո՞ք եղել է Հայաստանում քաղաքական ճգնաժամ, թե՝ ոչ: Իմ պատասխանը միանշանակ է՝ ոչ: Այո, եղել է ֆորս մաժորային վիճակ: Եղել է շատ ծանր իրավիճակ: Բայց բոլոր քաղաքական ուժերը, հատկապես պառլամենտական ուժերը, իրենց հայտարարություններով և իրենց քայլերով միանշանակ սատար են կանգնել երկրի նախագահին: Դատապարտել են հոկտեմբերի 27-ի դեպքերը և միանշանակ կոչ են արել բոլոր հնարավոր ջանքերը գործադրել այդ երևույթի հետևանքների հաղթահարման համար: Սա նշանակում է, որ այդ ճգնաժամից դուրս գալու քայլերի վերաբերյալ քաղաքական ուժերի, իշխանության տարբեր թևերի միջև հակասություն չկար: Եվ այն մթնոլորտը, որում ընտրվեցին Ազգային Ժողովի նախագահը և տեղակալները, ցույց էր տալիս, որ իսկապես երկրում կար շատ ծանր իրավիճակ, բայց չկար քաղաքական ճգնաժամ: Սա կարևոր է, քանի որ խոսում է երկրի վարկանիշի մասին, երկրի նկատմամբ ամբողջ աշխարհի վերաբերմունքի մասին: Մեկ դեպքում հնարավոր է, որ նման իրադարձություններից հետո երկիրն ընկնում է խորը քաղաքական ճգնաժամի մեջ, մեկ այլ դեպքում՝ երբ որ երկիրը նման իրադարձություններից հետո, համախմբված բոլոր քաղաքական ուժերի հետ, փորձում է հաղթահարել ահաբեկչական գործողության հետևանքները»: