1996թ. նախագահական ընտրություններից հետո սեպտեմբերի 25-ին նախագահի թեկնածու Վազգեն Մանուկյանի կողմնակիցները գրոհեցին ԱԺ վրա, առևանգելով խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանին, ծեծի ենթարկելով փոխնախագահ Արա Սահակյանին։
Ավելի ուշ, երբ իրավապահների միջամտությունից հետո ամբոխը ցրվել էր, ուժային կառույցների ներկայացուցիչները հանդես էին եկել ասուլիսով։
Radar Armenia-ն ներկայացնում է Ազգային անվտանգության նախարար Սերժ Սարգսյանի՝ սեպտեմբերի 26-ի կեսգիշերային ելույթի սղագրությունը:
«Այսօր Հայաստանի պատմության մեջ խայտառակվեցինք, որովհետեւ հայերը կրակեցին հայերի վրա: Խայտառակվեցինք մի խումբ բախտախնդիրների իշխանատենչության պատճառով: Խայտառակվեցինք, որովհետեւ մի խումբ մարդիկ ամեն գնով ցանկանում են ունենալ իշխանություն, բայց, փառք Աստծո, այս խայտառակությունը արյունահեղության չվերածվեց` միայն ու միայն հանրապետության նախագահի սառնասիրտ կեցվածքի պատճառով:
Ես հաստատում եմ լրատվական գործակալությունների այն հաղորդագրությունը, որ Ազգային ժողովի շենքը պաշտպանում էր նաեւ ազգային անվտանգության նախարարության հատուկ ջոկատը եւ այդ ջոկատը բարեխղճությամբ կատարեց հանրապետության նախագահի հրամանը: Բոլորիս քաջ հայտնի է, որ նրանք տիրապետում են զենքին, ու եթե լիներ հրաման, անպայման կլիներ արյունահեղություն: Ինչպես զարգացան դեպքերը. ես կարող եմ մի երկու խոսքով ասել. մոտ 10-15 հազար մարդ, որ հավաքվել էին հանրահավաքի, նախօրոք պատրաստված լինելով լուրերով, սադրանքներով, Վազգեն Մանուկյանի կոչով շարունակեցին դեպի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նստավայր, որը, ինչպես գիտենք, ԱԺ շենքն է: Վերջին խոսքերը, որ լսել են հանրահավաքի մասնակիցները, հետեւյալն էր` հիմա շարժվում ենք դեպի ԿԸՀ, եթե մեզ ներս չթողնեն` այնտեղ ինչ-որ բաներ պարզելու, ապա մենք ուժով ներս կմտնենք:
Այստեղ մենք ոչ մի սարսափելի բան չենք տեսնում, երբ մի խումբ պատգամավորներ մտնում են ԿԸՀ շենք, գրասենյակ, այդպես տեղի ունեցավ եւ երեկ, բայց այսօր արդեն պարզվեց, որ նպատակը ոչ թե հանդիպելն էր ԿԸՀ նախագահի հետ, այլ պատրաստվում էր, այսպես ասած, արյունահեղություն, պատրաստվում էր պետական հեղաշրջում: Երբ Ռուբեն Հակոբյանը, Սեյրան Ավագյանը, Շավարշ Քոչարյանը Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ մտան ԿԸՀ շենք, արդեն ժողովրդի մեջ լուրեր էին շրջում, թե նրանց պիտի ձերբակալեն, եւ պատրաստ եղեք, որպեսզի ազատենք մեր նախագահ Վազգեն Մանուկյանին:
Համարյա բոլորի մոտ կային երկաթյա ձողեր, փայտեր, եւ արդեն ժամը 19:15-ին հայտարարվոց, որ եթե Վ.Մանուկյանը դուրս չգա շենքից, ապա մենք կգրոհենք շենքը: Վազգեն Մանուկյանը, բնական է, այդ ժամին շենքից դուրս չեկավ, եւ արդեն նախապատրաստված ամբոխը սկսեց հարձակումը ԱԺ շենքի վրա: Այսօր ուշ երեկոյան դուք հնարավորություն ունեցաք դիտելու այս պահը, թե ինչպես էին զինորները իրենց պահում, եւ ինչպես էր ամբոխը ջարդում պարիսպները: Եվ ես չեմ կարող չասել, որ պատգամավոր Արշակ Սադոյանը, մի խումբ խուժանի գլխավորությամբ ներս մտավ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանի գրասենյակը եւ լկտիաբար ասաց` սրանք են, վերցրեք: Եւ նորմալ մարդու ուղեղի մեջ չի կարող տեղավորվել, որ ԱԺ նախագահին կամ նրա տեղակալին այս ամբոխի միջով ծեծելով, ծանակելով գողացան, հասցրին ինչ-որ մի նկուղ, որտեղ արդեն գտնվում էր Աշոտ Մանուչարյանը: Եվ նա տեսնելով ԱԺ նախագահին, որ արնաքամ է լինում, բժիշկների պնդմամբ նրան տարան հիվանդանոց:
Ես կարծում եմ, որ ոչ միայն ժողովրդի այն մասը, որ քվեարկել է Լեւոն Տեր-Պետրոսյանի օգտին, այլ նաեւ ամբողջ ժողովուրդը կդատապարտի այս մի խումբ դավաճաններին, այդ մի խումբ հանցագործների արարքը, եւ վստահեցնում եմ, որ այն մարդիկ, ովքեր կատարել են այդ հանցագործությունը, անպայման պատասխանության կենթարկվեն: Այստեղ ես ուզում եմ ավելացնել նաեւ այն մասին, որ թե՛ երեկ, թե՛ այսօր այս հանրահավաքի մասնակիցների շրջանում տարածել էին այն լուրը, որ իշխանությունները պատրաստվւմ են ձերբակալել, պատժել այն մարդկանց, ովքեր եղել են Վազգեն Մանուկյանի ընտրական շտաբի անդամներ եւ նույնիսկ այն մարդկանց, ովքեր քվեարկել են Վ.Մանուկյանի օգտին: Ես կարծում եմ, որ բոլորս հասկանում ենք այդ լուրերի անհեթեթությունը, եւ վստահ եմ, որ ոչ մեկի մոտ այդպիսի կասկած չի առաջանում, եւ ուզում եմ նշել նաեւ, որ հանրահավաքի այն մասնակիցները, ովքեր քրեական հանցագործություն չեն կատարել, նրանք, բանական է, չեն պատժվի»: