Այսօր՝ սեպտեմբերի 16-ին ԱԺ առաջին նախագահ, Ղարաբաղ կոմիտեի անդամ, երջանկահիշատակ Բաբկեն Արարքցյանի ծննդյան օրն է. նա կդառնար 80 տարեկան։
Այս կապակցությամբ Radar Armenia-ն ներկայացնում է Բաբկեն Արարքցյանի՝ 2005թ. ապրիլի 12-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում հրապարակված հարցազրույցից հատվածներ։
- Ինչպե՞ս եք գնահատում արտաքին ուժերի` Հայաստանում գործընթացներ հարուցելու հնարավորությունը:
- Որևէ արտաքին ուժ չի կարող վճռորոշ ազդեցություն ունենալ, եթե բացակայում է հասարակության ներքին լիցքը: Սովետական Միությունը հսկայական միջոցներ էր ներդնում, ընդհուպ մինչև ռազմական կոպիտ միջամտությունը՝ այլ երկրներում իր գաղափարները տարածելու, կոմունիստական կուսակցություններն ուժեղացնելու և նրանց իշխանության բերելու համար, բայց դա հաջողություն չբերեց, քանի որ այդ երկրների հասարակությունները մերժեցին կոմունիզմի գաղափարները: Ասեմ, որ կտրականապես դեմ եմ այն մեկնաբանություններին, թե Վրաստանում և Ուկրաինայում դա տեղի է ունեցել միայն Արևմուտքի ռեսուրսների շնորհիվ: Իրականում այդ երկրների հասարակությունն ինքը ընտրեց ազատ և արժանապատիվ ապրելակերպը:
- Այնուամենայնիվ, եթե խոսում ենք համամարդկային արժեքների հանրային ընկալունակության մասին, կա տեսակետ, որ հասարակության ընկալունակության չափանիշը գործող քաղաքական ուժերն են: Որպես այդ արժեքների կրող, համենայնդեպս ազատական դաշտում, հանդես են գալիս այն քաղաքական ուժերը, որոնց ներկայացնում եք նաև Դուք: Այս իմաստով Ձեր քաղաքական թիմը խնդիր ունի՞ օգնելու, որ մեր հանրությունն այդ արժեքների նկատմամբ ընկալունակություն ցուցաբերի:
- Անկասկած: Այլ հարց է՝ մենք դա բավարա՞ր չափով ենք անում, թե՞ ոչ, ունե՞նք այդ հնարավորությունները, թե՞ ոչ: Ոստիկանապետության համակարգում, լրատվամիջոցները՝ հատկապես հեռուստատեսությունն ու ռադիոն, ամբողջությամբ գտնվում են պետության հսկողության տակ: Մյուս կողմից, կարծում եմ կհամաձայնեք՝ մեր ազդեցությունը վերջին տարիներին որոշ չափով նշմարվում է ներքաղաքական գործընթացների վրա: Ես խոսել եմ դրա մասին. եթե մի քանի տարի առաջ գտնում էի, որ Լևոն Տեր-Պետրոսյանի անձի և թիմի վերադարձի քաղաքական պահանջարկ կա, ապա այժմ միանշանակ կարող եմ ասել, որ հասարակական պահանջը նույնպես այս տարիների ընթացքում էապես ավելացել է:
- 1998թ. քաղաքական թիմը հեռացել էր իշխանությունից և իշխանության վերադառնալու խնդիր այդ պահին չէր կարող դնել: Ձեր կարծիքով, հասե՞լ եք արդյոք այն ռեալության սահմանին, երբ որ ձեր թիմը կարող է նորից հավակնել իշխանության: Ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր վերադարձը իշխանության՝ ընտրություններո՞վ, թե՞ ժողովրդական հեղափոխությամբ: Եվ ընդհանրապես, Դուք հավակնո՞ւմ եք վերստին ժողովրդավարական հեղափոխության առաջնորդի դերին:
- 1998թ. իշխանափոխությունը կատարվել է՝ շահարկելով ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման՝ բանակցությունների համար մշակված պլանը: Մեր թիմին վերագրվել է «պարտվողականություն», և դրան հակադրվել են «հաղթողական» ծրագրեր, որոնք զուգորդվել են կեղծ հայրենասիրական, ռազմատենչ կարգախոսներով: Հեղաշրջման կազմակերպիչներին հաջողվեց առժամանակ պառակտել հասարակությունը: Մեր թիմն ինքը հրաժարական տվեց, քանի որ կարող էր բորբոքվել ծանր հետևանքներ ունեցող շատ սուր պայքար: Մենք ասացինք «հաղթողականներին»՝ եկեք և իրականացրեք ձեր ծրագիրը: Սակայն, իշխանատենչության մոլուցքով տարված, նրանք իրականում դավաճանեցին և՛ Ղարաբաղին, և՛ Շարժման իդեալներին: Տիրապետության ութերորդ տարում նրանք արդեն հրաժարվել են իրենց «հաղթողական» ծրագրերից և, չունենալով ինքնուրույն իրատեսական ծրագիր, վերադարձել են հակամարտության լուծման մեր կոնցեպցիային՝ չխորշելով կրկնել նույն հիմնավորումները, փաստարկները, անգամ՝ տոնայնությունը: Այս ամենը տեսանելի է ժողովրդին, և ժողովուրդն իր վճիռը կկայացնի:
- Այնուամենայնիվ, 1998 թվականից հետո հնարավոր համարո՞ւմ եք, որ ԼՂ հարցի այնպիսի լուծում գտնվի, որ բավարարի մեզ: Ի վերջո, Ղարաբաղի անկախությունն, այնուամենայնիվ, քաղաքական մի՞ֆ է, թե՞ կա դրան հասնելու քաղաքական հնարավորություն:
- Ղարաբաղի կարգավիճակն ունի 3 հնարավոր տարբերակ՝ Ղարաբաղի անկախությունը կամ Հայաստանին միացումը և Ադրբեջանի մաս կազմելը: Առաջին երկուսը, որ Հայաստանի իշխանությունների, այդ թվում նաև Ազգային ժողովում ներկայացված բոլոր ուժերի միասնական դիրքորոշումն է, ընդունելի չէ Ադրբեջանի համար, երրորդը՝ Հայաստանի: Կարծում եմ, որ այս երեք տարբերակն էլ, համենայնդեպս մեծ առումով, գոնե մինչև 1998թ. ընդունելի չէին նաև միջազգային հանրության համար: ՀՀ իշխանությունների կողմից վերջին տարիներին վարվող ապաշնորհ քաղաքականության հետևանքով իրավիճակը փոխվել է և Ադրբեջանի համար նպաստավոր տարբերակն արդեն բավական ընդունելի է դարձել: Իհարկե, շատ դժվար կլինի անիվը ետ պտտել, սակայն Հայաստանը պետք է հասնի նրան, որպեսզի նշված երեք տարբերակն էլ մի կողմ դրվի, որովհետև ռեալ լուծումն այն փուլային տարբերակն է, որտեղ չի նշվում Ղարաբաղի կարգավիճակը, ապահովվում է խաղաղություն, Ղարաբաղի բնակչության անվտանգությունը, ցամաքային սահմանը Հայաստանի հետ:
Հետագա գործընթացները միայն կարող են թույլ տալ կարգավիճակի հստակեցում: Ղարաբաղի կարգավիճակի հեռանկարը պահպանելու կարևոր պայմանը կայուն խաղաղության, հարևանների հետ բնականոն հարաբերությունների հաստատումն է, միջազգային և տարածաշրջանային համագործակցության խթանումը, ժողովրդավարության հաստատումը: Ժամանակակից աշխարհի համար ընդունելի չէ հարևանների հետ սահմանները ճակատ վերածելը, ռազմատենչ փսիխոզի և ատելության բորբոքումը: Աշխարհը ցույց տվեց իր վերաբերմունքը Սադամ Հուսեյնի, Միլոշևիչի և նրանց նմանների նկատմամբ:
Հ.Գ. Բաբկեն Արարքցյանն իր մահկանացուն կնքեց 2023թ. դեկտեմբերի 12-ին՝ 79 տարեկան հասակում։