1995թ. այս օրը համաժողովրդական հանրաքվեով ընդունվեց ՀՀ Սահմանադրությունը։ Այս օրվա առթիվ Radar Armenia-ն ներկայացնում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԳԽ նիստում ելույթից հատված.
«Պատիվ ունեմ ձեր ուշադրությանը ներկայացնելու հանրապետության Գերագույն խորհրդի Սահմանադրական հանձնաժողովի մշակած Սահմանադրության նախագծի հիմնադրույթները՝ կենտրոնանալով բացառապես կարևորագույն սկզբունքների և մեթոդոլոգիական խնդիրների վրա, որոնք, կարծում եմ, ընդհանուր են բոլոր սահմանադրությունների համար։
Մեթոդոլոգիական տեսակետից՝ Սահմանադրական հանձնաժողովի նախագծի հիմքում ընկած են հետևյալ գլխավոր սկզբունքները. Սահմանադրությունը դիտելով որպես պետության տևական կայունությունն ու արդյունավետ կենսագործ ունեությունն ապահովելու կոչված զուտ իրավական փաստաթուղթ՝ հրաժարվել իրավիճակային, կոնյունկտուրային լուծումներից, տուրք չտալ քաղաքական կոմպրոմիսների, առաջնորդվել բացառապես իրավագիտական նկատառումներով՝ հիմնվելով միջազգային փորձի և մեր նորանկախ պետության օրենսդրական ավանդույթի վրա։ Նույնքան կարևոր է նաև այն սկզբունքը, որ պետության և հասարակության կյանքում պետք է բացառված լինի որևէ ճգնաժամային իրավիճակ, որը չունի սահմանադրական լուծում։
Նախ՝ իրավիճակային, կոնյունկտուրային լուծումների և քաղաքական կոմպրոմիսների մասին. գաղտնիք չէ, և այդ մասին երբեմն նույնիսկ բացահայտ խոսվում է, որ Սահմանադրության ընդունման ամենահեշտ ճանապարհը կլիներ հարմարվել խորհրդարանում ներկայացված քաղաքական ուժերի ներկա հարաբերակցությանը և փորձել ինչ-որ փոխզիջումային տարբերակ գտնել։
Սա իսկապես կլիներ ամենահեշտ, բայց միաժամանակ՝ պետության համար ամենավտանգավոր ճանապարհը, որովհետև, նկատի ունենալով քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխականությունը, դժվար չէ գուշակել, թե հետագայում ինչպիսի ցնցումների պատճառ կարող էր դառնալ նման ձևով ընդունված Սահմանադրությունը։ Յուրաքանչյուր նորընտիր խորհրդարանի առաջին գործը կլիներ Սահմանադրությունն անմիջապես հարմարեցնել քաղաքական ուժերի նոր հարաբերակցությանը, և այդպես շարունակ։ Այսինքն, օրենսդիր և գործադիր իշխանությունների՝ միմյանցից լիազորություններ կորզելու ներկա պայքարը, որ հատուկ է բոլոր նորանկախ պետություններին, կդառնար ապակայունացման մշտական գործոն՝ իր ակնհայտ բացասական հետևանքներով։
Փոխզիջումը մինչդեռ խրախուսելի և անհրաժեշտ է հասարակական համակեցության, քաղաքական գործելակերպի և դիվանագիտության ոլորտներում, ապա միանգամայն խոտելի է գաղափարախոսության և մանավանդ իրավագիտության բնագավառներում, հետևաբար Սահմանադրության համար, որ միանշանակ պատկանում է վերջին բնագավառին, քաղաքական կոմպրոմիսի հնարավորությունը և նպատակահարմարությունը բացառված պետք է համարել։
Իրավագիտության բնագավառին պատկանելու հանգամանքը, մյուս կողմից, որևէ Սահմանադրության համար գրեթե պարտադիր է դարձնում հաջորդ սկզբունքի՝ միջազգային փորձի յուրացման անհրաժեշտությունը, տրված լինելով, որ արդի իրավունքը պատմականորեն ձևավորվել է որպես մարդկության հավաքական մտքի արգասիք։ Այս առումով, Սահմանադրական հանձնաժողովի նախագծում համարյա լիակատար կերպով արտացոլվել են պետական ինքնիշխանության սկզբունքներին, մարդու և քաղաքացու իրավունքներին վերաբերող միջազգային օրենքների բոլոր հիմնական դրույթները, ինչպես նաև ժամանակակից ժողովրդավարական երկրների պետական կառույցների ներդաշնակ գործունեության մշակված մեխանիզմներն ու հակակշիռների համակարգը»։