84 տարի առաջ այս օրը՝ 1940թ. հունիսի 18-ին, «Մարտնչող Ֆրանսիա» շարժման առաջնորդ գեներալ Շառլ դը Գոլը Լոնդոնից հանդես եկավ ռադիոելույթով, որը հեռարձակեց BBC-ն։
Այն ժամանակ լայն զանգվածներին դեռ անհայտ գեներալը Լոնդոնից դիմեց գերմանացիների զավթած Ֆրանսիայում գտնվող հայրենակիցներին՝ շեշտելով, որ պատերազմը դեռ չի ավարտվել։ Նա հայրենասեր բոլոր ֆրանսիացիներին կոչ արեց ներգրավվել դիմադրության շարժման մեջ։ Շառլ դը Գոլի այդ հակիրճ ռադիոելույթը համարվում է Ֆրանսիայի պատմության մեջ ամենակարևորներից մեկը։ Դը Գոլի ելույթին հաջորդեց մարշալ Պետենի՝ Ֆրանսիայում «Վիշիի» պրոհիտլերյան վարչակարգի ղեկավարի հրամանագիրը՝ գեներալի կոչումից զրկելու, ունեցվածքը բռնագրավելու և հեռակա մահվան դատապարտելու մասին։
Իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինստոն Չերչիլը Շառլ դե Գոլի ելույթից շուրջ մեկ շաբաթ անց հայտարարեց, որ նա ճանաչվում է որպես «Ազատ Ֆրանսիայի» առաջնորդ, և Ֆրանսիան համարվում է հակահիտլերյան կոալիցիայի լիիրավ անդամ։
1944թ. արդեն «Դիմադրության շարժմանը» հաջողվեց կազմակերպել Ֆրանսիայի ազատագրումը, իսկ ամռանը դը Գոլը դարձավ ժամանակավոր կառավարության ղեկավարը։ Շառլ դը Գոլը Ֆրանսիայի հինգերորդ հանրապետության հիմնադիր նախագահն է։
Radar Armenia-ն ներկայացնում է Շառլ դը Գոլի՝ 1940թ. հունիսի 18-ին BBC ռադիոկայանով հնչեցրած լեգենդար ելույթը.
«Այն առաջնորդները, որոնք տարիներ շարունակ ղեկավարում էին ֆրանսիական բանակները, ձևավորեցին կառավարություն։
Այս կառավարությունը, վկայակոչելով մեր բանակների պարտությունը, կապի է դուրս եկել թշնամու հետ՝ դադարեցնելու մարտական գործողությունները։ Իհարկե, թշնամու ուժը՝ մեխանիկական, ցամաքային և օդային, հեղեղել ու հեղեղում է մեզ։ Անթիվ տանկերը, ինքնաթիռները, գերմանացիների մարտավարությունը ստիպում են մեզ նահանջել։ Դրանք անակնկալի բերեցին մեր առաջնորդներին՝ բերելով նրանց այնտեղ, որտեղ նրանք այսօր են:
Բայց արդյո՞ք վերջին խոսքն արդեն ասված է: Արդյո՞ք հույսը պետք է վերանա: Արդյո՞ք այս պարտությունը վերջնական է։ Ոչ։ Հավատացեք ինձ, ես ձեզ ասում եմ՝ հիմնվելով փաստերի իմացության վրա, ասում եմ ձեզ, որ Ֆրանսիայի համար ոչինչ կորած չէ: Այն միջոցները, որոնք մեզ հաղթեցին, կարող են մոտեցնել Հաղթանակի օրը։ Քանզի Ֆրանսիան միայնակ չէ: Նա միայնակ չէ: Նա միայնակ չէ: Դրա ետևում հսկայական կայսրություն է։ Այն կարող է միավորվել Բրիտանական կայսրության հետ, որը գերիշխում է ծովերում և շարունակում է պայքարը։ Նա, ինչպես Անգլիան, կարող է առանց սահմանափակումների օգտագործել Միացյալ Նահանգների հսկայական արդյունաբերությունը։
Այս պատերազմը չի սահմանափակվում միայն մեր երկրի թշվառ տարածքով։ Այս պատերազմի արդյունքը չի լուծվում Ֆրանսիայի համար մղվող մարտով։ Սա համաշխարհային պատերազմ է: Բոլոր սխալները, ձգձգումները, տառապանքները չեն նշանակում, որ աշխարհում չկան բոլոր անհրաժեշտ միջոցները մեր թշնամիներին ջախջախելու համար: Այսօր մեխանիկական ուժով հարվածված՝ մենք կարող ենք ապագայում հաղթել վերադաս մեխանիկական ուժի օգնությամբ։ Աշխարհի ճակատագիրը կախված է դրանից։
Ես՝ գեներալ դը Գոլս, որն այժմ գտնվում է Լոնդոնում, կոչ եմ անում ֆրանսիացի սպաներին և զինվորներին, որոնք գտնվում են բրիտանական տարածքում կամ կժամանեն այնտեղ՝ զենքով կամ առանց զենքի, կոչ եմ անում ինժեներներին և զենքի արդյունաբերության աշխատողներին, որոնք գտնվում են բրիտանական տարածքում կամ կժամանեն այնտեղ, կապ հաստատել ինձ հետ։
Ինչ էլ պատահի, ֆրանսիական դիմադրության բոցը չպետք է մարվի և չի մարի:
Վաղը, ինչպես այսօր, ես կխոսեմ Լոնդոնի ռադիոյով»:
Նյութը պատրաստեց Արման Գալոյանը