31 տարի առաջ այս օրը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հանրապետությունների միջև «խիստ գաղտնի» պայմանագիր էր կնքվել։ Ստեփանակերտ էր այցելել ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, որ իր հետ տարել էր այդ պայմանագիրը։
Radar Armenia-ն ներկայացնում է այդ պայմանագիրն ու այդ օրվա հետ կապված քննարկումները։
«Խիստ գաղտնի
Պայմանագիր ԼՂՀ-ի և ՀՀ-ի միջև
Լեռնային Ղարաբաղի հանրապետությունը, վստահելով միջազգային հանրության, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և մասնավորապես Հայաստանի Հանրապետության նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի երաշխիքներին՝
1. Համաձայնում է ԵԱՀԽ-ի Մինսկի խմբի խաղաղարար նախաձեռնությանը,
2. Պարտավորվում է ճշգրտորեն կատարել խաղաղարար ծրագրի իրեն վերաբերող բոլոր պահանջները և իր կողմից թույլ չտալ որևէ խախտում,
3. Պարտավորվում է պատժել ԼՂ իշխանությունների կողմից ծրագրի կատարմանը ուղղված որոշումների ու հրամանների բոլոր խախտողներին:
4. Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է.
– ստանձնել խաղաղարար ծրագրի կատարման և ԼՂՀ բնակչության անվտանգության երաշխավորի դեր,
– ԼՂՀ բնակչության ֆիզիկական գոյության կամ բռնի տեղահանության վտանգի դեպքում գործի դնել իր բոլոր հնարավորությունները, այդ թվում՝ անմիջական ռազմական միջամտությունը:
– հետագա բանակցություններում բացառել Լաչինը Ադրբեջանին զիջելու հնարավորությունը,
– հետագա բանակցություններում բացառել ԼՂՀ-ի զինված ուժերի ապառազմականացման և զինաթափման հնարավորությունը,
– հետագա բանակցություններում հետևողականորեն և վճռականությամբ պայքարել ԼՂՀ համար ընդունելի իրավական կարգավիճակ ձեռք բերելու ուղղությամբ:
ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար՝
Կարեն Բաբուրյան
ԼՂՀ պաշտպանության պետական կոմիտեի նախագահ՝
Ռոբերտ Քոչարյան
ՀՀ նախագահ՝
Լևոն Տեր-Պետրոսյան»։
ԼՂ ԳԽ մամուլի ծառայության ղեկավար Գեղամ Բաղդասարյանն այս կապակցությամբ ներկայացնում է Տեր-Պետրոսյանի խոսքերը. «Ես եկել եմ մենակ: Կռվել եմ ընկերներիս հետ, որ մենակ գամ` չէին թողնում Բաբկենը, Վահանը, Վազգենը: Եկել եմ ասելու իմ վերջին խոսքը: Ձեզ հետ չեմ վիճելու` տրամադիր չեմ: Ոչ մի բանավեճ տեղի չի ունենալու, ամեն ինչ արդեն ասել ենք միմյանց: Ձեր փաստարկները ես գիտեմ, դուք գիտեք իմը: Կարող ենք տեղներս փոխել, բայց դրանից ոչինչ չի փոխվի: Չեմ ուզում կրկնել ելույթս, բայց մի բան կասեմ` ցայսօր Ղարաբաղն ու Հայաստանը (չեմ անջատում իրարից) եթե պատերազմում էին Ադրբեջանի դեմ և հաջող, մերժման դեպքում պիտի պատրաստ լինել կռվելու ամբողջ աշխարհի դեմ: Չի կարելի ծաղրել միջազգային հանրությանը, որը պատասխան է պահանջում: Այսօր դուք պիտի ապացուցեք, որ իշխանություն եք: Մենք ձեռք ենք բերում կոնկրետ թշնամի` Թուրքիան չէ դա, Ադրբեջանը չէ, Իրանը չէ: Ռուսաստանն է: 300 տարվա հայ-ռուսական հարաբերությունների ընթացքում այսքան անկեղծ ու դաշնակցային չեն եղել մեր հարաբերությունները, որքան վերջին մեկուկես տարում` Ելցինի և Տեր-Պետրոսյանի շնորհիվ: Եթե Ղարաբաղն այսօր կա ու գոյություն ունի` միայն Ռուսաստանի շնորհիվ: Ռուսաստանն այսօր խաղաքարտի վրա է դրել իր հեղինակությունը: Խաղաքարտի վրա է նաև Ելցինի հեղինակությունը: Աստված չանի, որ ձեռք բերենք Ելցինի պես հիշաչար մարդու անբարյացակամությունը: 40 օր հետո փամփուշտը վերջանալու է: 7 օր հետո վերջանալու է մթերքը: Բաթումից Ելցինի խոստացած նավը հետ է դարձել: Եթե Հայաստանը երեք օր սոված մնաց, կարող եք պատկերացնել, թե ինչ կլինի: Անցյալ անգամ մենք կոնսենսուսով որոշում ընդունեցինք: Դուք մենակ թողեցիք Գեորգի Պետրոսյանին, բայց համաձայնվեցիք, որ նա ստորագրի: Բոլորիդ է վերաբերվում սա: Հեռախոսային ձայնագրություններից գիտեմ, թե ինչ տեղի ունեցավ հետո, և դուք կանգնեցրիք մեզ փաստի առաջ: Եվ վերջինը` այսքան ստորացում հանդուրժել եմ, մեկն էլ կարող եմ հանդուրժել: Տասը օր որպես պատանդ պատրաստ եմ մնալ Ղարաբաղում:
Ռոբերտ Քոչարյանն այդ պահին հարցրեց.
– Լևոն Ակոպովիչ, ստորացումն ի՞նչ է:
– Унижение, Ռոբերտ: Պատերազմից հետո ես քեզ մի տարի գրաբար կդասավանդեմ:
ԼՂՀ ԳԽ նախագահության անդամներից մեկը տեղից.
– А также ассирийский, Левон Акопович.
Լևոն Տեր-Պետրոսյան (լրջացած)- Ես կարող եմ մի բան խնդրել ձեզ` քննարկում մի սարքեք: Ես հեռանում եմ ու կես ժամից կգամ:
Ինչ-որ մեկը տեղից.
– А потом что?…
Լևոն Տեր-Պետրոսյան (նորից ժպտում է).- А потом танцы, господа, шампанское…
Տեր-Պետրոսյանը մռայլ քայլում է սենյակով մեկ` ձեռքերը կրծքին խաչած: Լռություն: Սեղանի շուրջ նստած են ԼՂՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի նախագահի պաշտոնակատար Գեորգի Պետրոսյանը, ՊՊԿ ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, ԼՂՀ Գերագույն խորհրդի նախագահության անդամներ Լևոն Մելիք-Շահնազարյանը, Վալերի Ղազարյանը, Կարեն Բաբուրյանը, Սլավա Աղաբալյանը, Հրանտ Խաչատրյանը, Վալերի Բալայանը, Վալերի Ալեքսանյանը, Համլետ Գրիգորյանը, Վլադիկ Հակոբյանը, ինչպես նաև Սամվել Բաբայանը, Կամո Աբրահամյանը (ՊԱԿ), Լեոնարդ Պետրոսյանը, Արմեն Իսագուլովը, Մաքսիմ Միրզոյանը, Արկադի Ղուկասյանը, Ժիրայր Պողոսյանը, Շահեն Կարամանուկյանը»: