Ռետրո

«Գոյություն ունի փաստաթուղթ ու դրա տակ դրված ստորագրություն» . Շուշիի ազատագրումից 32 տարի է անցել

32 տարի առաջ այս օրը ազատագրվեց Շուշին։ Այդ ռազմական գործողության նախօրեին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը Թեհրանում էր, որտեղ Իրանի նախագահի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահի պարտականությունները կատարող Յաղուբ Մամեդովի հետ ստորագրվեց հայտարարություն։

Radar Armenia-ն ներկայացնում է Շուշիի ազատագրման մասին հատված Թաթուլ Հակոբյանի «Կանաչ ու սև» գրքից.

«Մայիսի 8-ին Իրանի նախագահ Ռաֆսանջանին ճանապարհում էր Տեր-Պետրոսյանին և Մամեդովին: Վերջինս Շուշիի անկման լուրն ստացել էր Բաքու ուղևորվելուց անմիջապես առաջ. «Այո, այդ լուրն ինձ փոխանցեցին դեռ օդանավակայանում: Ես անմիջապես կապվեցի Ռաֆսանջանիի հետ: Նրա տրամադրությունը շատ ուժեղ ընկավ, նա խոստացավ անմիջապես կապվել Տեր-Պետրոսյանի հետ` պարզելու հանգամանքները: Որոշ ժամանակ անց, երբ ես կրկին կապվեցի Ռաֆսանջանիի հետ, ինձ հաղորդեց, որ Տեր-Պետրոսյանն այդ մասին ոչինչ չգիտի, և Երևան վերադառնալուց հետո մտադիր է տեղեկություններ ստանալ կատարվածի մասին»:

Հայաստանի խորհրդարանի փոխնախագահ Արա Սահակյանը պատվիրակության կազմում Թեհրանում էր: Երբ հարցրի` հիշո՞ւմ է Տեր-Պետրոսյանի առաջին արձագանքը, երբ առավ Շուշիի լուրը, Սահակյանը պատասխանեց. «Ինձ համար այնքան կարևոր չէր Տեր-Պետրոսյանի, որքան կարևոր և հատկանշական էր Ռաֆսանջանիի և Մամեդովի արձագանքը: Տեր-Պետրոսյանին տեղեկացրեց Փափազյանը: Նա լուրն ընդունեց շատ անխռով: Ապոկալիպսիսը ստացավ Մամեդովը, ուղղակի նրա թևերը մտած բարձրացրին դեպի օդանավի շարժասանդուղք: Առաջինը մեկնում էր Մամեդովը: Ծանր էր հարվածը նաև Ռաֆսանջանիի համար, նա հասկացավ, որ իր խաղաղարար նախաձեռնությունը ձախողվեց»:

Նախագահ Տեր-Պետրոսյանի Թեհրան այցը, որը համընկավ Շուշիի ազատագրմանը, հետագայում առիթ դարձավ պնդումների, թե Հայաստանի ղեկավարը տեղյակ չէր` իրականում ինչ է կատարվում Ղարաբաղում: Զուտ արտաքին քարոզչական իմաստով այդ պնդումները բխում էին Հայաստանի պետական շահերից: Ներհայկական իմաստով նման պնդումները Տեր-Պետրոսյանն ու նրա շրջապատը, ինչպես նաև ռազմական գործողություններին մասնակից բարձրագույն զինվորականությունը, համարում են անազնիվ վերաբերմունք, պատմական կեղծարարություն:

Այն ժամանակ Տեր-Պետրոսյանի խորհրդական Վահան Փափազյանը Շուշիի գործողությունից մի քանի օր առաջ մեկնել էր Թեհրան՝ մասնակցելու այն փաստաթղթի պատրաստմանը, որը մի քանի օր հետո պիտի ստորագրեին Հայաստանի, Իրանի և Ադրբեջանի ղեկավարները: Մեկնելուց առաջ Փափազյանը հանդիպում է Տեր-Պետրոսյանին:

«Զրույցի վերջում հարցրեցի՝ ես ճիշտ ե՞մ հասկանում, որ Թեհրանում գտնվելու ժամանակ հնարավոր է, որ Շուշիի գործողությունը տեղի ունենա: Տեր-Պետրոսյանը պատասխանեց՝ այո՛, հնարավոր է, որ համընկնի: Ես անկեղծաբար ասացի՝ իսկ Դուք հասկանում ե՞ք, որ Թեհրանում բանակցություններ եմ վարում զինադադարի փաստաթղթի վերաբերյալ և այդ ժամանակահատվածում մենք գրավում ենք կամ ազատագրում ենք Շուշին, ապա ես բավականին դժվար վիճակի մեջ եմ հայտնվելու: Տեր-Պետրոսյանը պատասխանեց՝ այո, հասկանում եմ, բայց դա քո գործն է»,- Շուշիի ազատագրումից ավելի քան քսան տարի անց պատմում է Փափազյանը:

Սամվել Բաբայանն ասում է, որ Տեր-Պետրոսյանը տեղյակ էր Շուշիի ազատագրման գործողությանը. «Այն նախատեսված էր սկսել դեռ ապրիլին, բայց կային խնդիրներ, օրինակ` զենքի և զինամթերքի պակասության: Միայն Շուշիով հարց չէր լուծվում, պետք էր պահել նաև Աղդամի և Մարտակերտի ուղղությունները: Այդ իսկ պատճառով որոշեցինք գործողությունն սկսել միայն այն բանից հետո, երբ կլրացվեն պակաս զենքն ու զինամթերքը: Պետք էր կատարել նաև հետախուզական մի քանի ճշտումներ: Անհրաժեշտ էր Քիրս սարի բարձունքներում դիրքավորվել, ու թեև այդ տարի ձյունն առատ էր, և առաջացան դժվարություններ, մեզ հաջողվեց դիրքավորվել, օղակի մեջ վերցնել: Սրանք են եղել հիմնական խոչընդոտները, որոնց հետևանքով գործողությունը հետաձգվել է, և պատահականորեն գործողությունների սկիզբը համընկել է Տեր-Պետրոսյանի Թեհրան մեկնելու հետ»:

Արա Սահակյանը գիտի ավելին. «Գոյություն ունի փաստաթուղթ ու դրա տակ դրված ստորագրություն, որն այս հարցում ուղղակի բոլոր արհեստականորեն ստեղծված կնճիռները կլուծի: Շուշիի ազատագրման հարցով կարող եմ մեկ փակագիծ բացել. Անվտանգության խորհուրդը Շուշին ազատագրելու և Լաչինի միջանցքը բացելու` Հայաստան-Ղարաբաղի ցամաքային կապ ստեղծելու հանձնարարություն որպես քաղաքական պատվեր ձևակերպել և տվել է զինվորականությանը: Խորհրդային կրթություն ստացած հայ զինվորականությունը ներկայացրեց, թե անհրաժեշտ է այսքան զինվոր, արկ, տեխնիկա, այսքան կորուստ ենք ունենում և այլն: Ըստ այդ թվաբանության` մենք չէինք կարող այդ ժամանակ ունեցած մեր ուժերով խնդիրը լուծել: Հետևաբար` խնդիրը դրվեց ոչ թե ակադեմիական զինվորականության, այլ ջոկատների, Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի և Վազգեն Սարգսյանի և նրան ենթարկվող ջոկատների մակարդակում: Ու նրանք իրականացրին չափազանց նվազ կորուստներով»:

Մայիսի 8-ի ուշ երեկոյան Տեր-Պետրոսյանը վերադարձել էր Թեհրանից: Հաջորդ օրը նա ընդունում է Մարիո Ռաֆայելլիին, ինչպես նաև` հեռախոսազրույցներ ունենում նախագահ Բուշի և Ռաֆսանջանիի, իսկ մի քանի օր անց` Ֆրանսիայի նախագահ Միտերանի հետ: Հայաստանի նախագահը մայիսի 9-ին նամակով դիմում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին` արտահերթ նիստ հրավիրելու խնդրանքով: Տեր-Պետրոսյանը ՄԱԿ-ին հորդորում է Ղարաբաղ ուղարկել խաղաղարար ուժեր և «այլ միջոցներ ձեռնարկել` պարտադրելու Ադրբեջանին վերանայել տնտեսական շրջափակումը, հաստատել խաղաղություն և անվտանգություն»: