Ռետրո

Եվրոպական գերտերությունները միջամտություններով վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի համար

Այսօր Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցն է։ Մեծ եղեռնի տարելիցի առթիվ Radar Armenia-ն ներկայացնում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի՝ ցեղասպանության 80-րդ տարելիցի առթիվ կազմակերպված գիտաժողովում ունեցած ելույթը, որում նա քաղաքական գնահատական է տվել տեղի ունեցած իրադարձություններին։

«Պատմական փորձի ռացիոնալ յուրացման և անցյալի սխալները չկրկնելու առումով, կարծում եմ, ժամանակն է իրերը գնահատել սառը դատողությամբ՝ հրաժարվելով զգացական ընկալումներից և հոգեբանական պայմանականություններից։

Հայոց ցեղասպանությունն անտեղի է բացատրել հայ և թուրք ժողովուրդների կրոնական, էթնիկական, ռասայական անտագոնիզմով կամ տնտեսական և սոցիալական մրցակցությամբ, քանի որ Օսմանյան կայսրության մեջ ձևավորված modus vivendi-ն դարերի ընթացքում, համենայն դեպս, կարողացել էր ապահովել նրանց քիչ թե շատ խաղաղ համակեցությունը։ Ճիշտ է՝ այդ համակեցությունը հիմնված էր կայսրության մահմեդական և քրիստոնյա ժողովուրդների ամենևին ոչ իրավահավասար դրության վրա, բայց պետությունը, համենայն դեպս, երաշխավորում էր որոշակի հավասարակշռություն։

Հայոց ցեղասպանությունը զուտ քաղաքական ծրագիր էր՝ թելադրված Օսմանյան կայսրության կոնկրետ պետական շահերից։

Բալկանյան ժողովուրդների ազատագրումից հետո հայկական հարցը Եվրոպական գերտերությունների կամքով մտավ միջազգային քաղաքականության ոլորտը՝ ձևակերպվելով Բեռլինի դաշնագրի 61-րդ հոդվածում որպես Օսմանյան կայսրության հայկական նահանգներում բարենորոգումների անցկացման ծրագիր։

Թուրքիայի համար այդպիսով պարզ դարձավ, որ ևս մեկ պատերազմ՝ և նա կորցնելու է նաև Հայաստանը։ Դրանից խուսափելու միակ միջոցը հայ ժողովրդի ֆիզիկական բնաջնջումն էր, որ թուրքական իշխանությունները մեթոդիկ կերպով իրականացրեցին 1878–1915 թվականների ընթացքում։

Հայ ժողովրդի բնաջնջման ծրագրի մտահղացման, մշակման և իրագործման ողջ պատասխանատվությունն ըստ այդմ կրում են սուլթան Համիդը և երիտթուրքերի կառավարությունը։

Եվրոպական գերտերությունները՝ Անգլիան, Ֆրանսիան, Գերմանիան և Ռուսաստանը 1878–1914 թվականների ընթացքում ոչ միայն որևէ գործնական քայլ չկատարեցին Օսմանյան կայսրության հայկական նահանգներում բարենորոգումների ծրագրի իրականացման ուղղությամբ, այլև իրենց անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար։ Այսինքն՝ հայկական հարցի միջազգայնացմամբ գրգռելով օսմանյան իշխանություններին, գերտերություններն իրենց հոգնություն չպատճառեցին վայրկյան անգամ մտածել հայ ժողովրդի ֆիզիկականգոյության տարրական երաշխիքների մասին, որով և չափվում է Ցեղասպանության հարցում նրանց բարոյական, իսկ Գերմանիայի դեպքում՝ նաև ուղղակի պատասխանատվության բաժինը։

Նկատի ունենալով Օսմանյան պետության և հայ ժողովրդի ուժերի ակնհայտորեն անհակակշռելի հարաբերակցությունը, ինչ- պես նաև Արևելյան հարցում գերտերությունների միջև գոյություն ունեցող հակասությունները, դժվար է չխոստովանել, որ կենաց-մահու այդ պայքարում հայերն ի սկզբանե դատապարտված էին կործանման։ Հայ ժողովուրդն իր բոլոր կարողությունների գերլարմամբ հանդերձ ի զորու չէր վիժեցնելու Օսմանյան պետության մշակած հրեշավոր ծրագիրը, մանավանդ որ՝ հայերի մոտ, ցավոք սրտի, ակնհայտորեն բացակայում էր այդ ծրագրի գոյության գիտակցությունն անգամ։

Տիրապետող այն տեսակետը, թե հայ ժողովուրդը կարող էր խուսափել արհավիրքից, հրաժարվելով Թուրքիայի ներքին գործերին ևրոպական երկրների միջամտությանը նպաստելու գաղափարից և փորձելով հայկական նահանգների բարենորոգումների հարցը լուծել թուրքական իշխանությունների հետ անմիջական համագործակցությամբ, կարծում եմ, հեռու է իրատեսությունից, քանի որ, անկախ հայերի կամքից, Եվրոպական պետություններն այլևս չէին կարող հրաժարվել հայկական նահանգների բարենորոգումների պատրվակով Թուրքիայի վրա ազդելու քաղաքականությունից»։