Ռետրո

Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է. Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց

6 տարի առաջ այս օրը՝ 2018թ. ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց հրաժարականի մասին։

Radar Armenia-ն ներկայացնում է Սերժ Սարգսյանի հրաժարականի տեքստից մի հատված.

«Որպես երկրի ղեկավար դիմում եմ վերջին անգամ։

Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի։ Ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին ես չեմ գնա։ Դա իմը չէ։ Ես թողնում եմ երկրի ղեկավարի` Հայաստանի վարչապետի պաշտոնը։

Փողոցի շարժումն իմ պաշտոնավարման դեմ է։ Ես կատարում եմ ձեր պահանջը։

Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին:

Շնորհակալ եմ»։

Ավելի ուշ՝ 2021թ. իր հարցազրույցում Սերժ Սարգսյանը մանրամասներ էր պատմել այդ օրվանից. «Ես այդ հայտարարությունը խմբագրել եմ երեք անգամ․ առաջին անգամ՝ ապրիլի 23-ի առավոտյան, ավելացրել եմ մի քանի նախադասություն, այնուհետև հայտարարության տեքստը դրել եմ մի կողմ, 30-40 րոպե մտածել եմ, այնուհետև այդ նախադասություններից՝ քերականության տեսակետից բարդ նախադասություններից կրճատել եմ որոշ բաներ, պարզեցրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ կարծիքով՝ այդպիսի տեքստը կարող էր իրավիճակն էլ ավելի թեժացնել, և երբ որ որոշ ժամանակ հետո իմ պատկերացմամբ այդ տեքստն արդեն իր վերջնական տեսքն ուներ, հրավիրել եմ վարչապետ Կարեն Կարապետյանին և ուղիղ նրան հարցրել՝ ասելով հետևյալը. «Կարե՛ն ջան, պարո՛ն վարչապետ, ես կարծում եմ, որ հանգուցալուծումը կարող է լինել իմ հեռանալով, պատրա՞ստ ես արդյոք այս իրավիճակում ամբողջ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա»։ Նա անմիջապես ասաց՝ այո, ինչը ես գնահատում եմ։ Ասացի՝ ուրեմն պայմանավորվենք հետևյալ կերպ՝ մենք որոշ ժամանակ հետո պետք է գնանք նախագահական, այնտեղ խորհրդակցություն կար Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ, և այդ խորհրդակցությունից անմիջապես հետո կարող ես գնալ մեկուսարան և նրանց հայտնել, որ ես այսօր հրաժարական եմ տալու, թող նրանք իրավիճակը լիցքաթափեն։ Չմոռանանք, որ հաջորդ օրը ապրիլի 24-ն էր։ Պայմանավորվեցինք»։