2017թ. ԱԺ ընտրություններից հետո ապրիլի 10-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդես եկավ հրապարակմամբ՝ պնդելով, որ ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի ձգձգումը և ստատուս-քվոյի պահպանումը պատճառ է դառնալու բազմաթիվ նորանոր զոհերի, և որ ավելի լավ լուծում, քան այն, ինչ ներկայումս դրված է բանակցությունների սեղանին, այսուհետև չի լինելու։
Radar Armenia-ն ներկայացնում է հատված Տեր-Պետրոսյանի հոդվածից։
«Եվ վերջապես, երրորդ մտահոգիչ հանգամանքը 1992–1994 թթ. Ղարաբաղյան պատերազմի բնույթի թերընկալման միտումն է, որն արտահայտվում է խաղաղության կողմնակիցներին և մասնավորապես ինձ ուղղված հետևյալ հարցադրման մեջ. «Եթե այսօր մենք անիմաստ ենք համարում սահմանային ընդհարումներում տված զոհերը, ապա ինչո՞ւ նույնը չի կարելի ասել նշված թվականներին ունեցած մարդկային կորուստների մասին»։ Սա ցույց է տալիս, որ նման հարցադրում կատարողները տարրական պատկերացում անգամ չունեն Ղարաբաղյան պատերազմի և զինադադարից հետո տեղի ունեցող սահմանային բախումների էական տարբերության մասին։
Ղարաբաղյան պատերազմը մեզ պարտադրված պատերազմ էր, քանի որ Ադրբեջանի կազմից դուրս գալու և Հայաստանին միանալու՝ ղարաբաղցիների սահմանադրական պահանջին Ադրբեջանը պատասխանել էր բացարձակ բռնությամբ, որի շարունակական դրվագներն էին՝ Սումգայիթի (1988թ. փետրվար), Կիրովաբադի (1988թ. նոյեմբեր) և Բաքվի (1990թ. հունվար) հակահայկական ջարդերը, ինչպես նաև «Կոլցո» գործողությունը (1991թ. մայիս-հունիս), որի ընթացքում տեղահանվեց Ղարաբաղի 24 հայկական գյուղերի ողջ բնակչությունը։ Ուստի հայկական կողմին այլ բան չէր մնում, քան դիմել զենքի և, անվտանգության հուսալի գոտի ստեղծելով, կանխել Ղարաբաղի բնակչության բնաջնջումը կամ բռնի տեղահանումը։
Դա անշուշտ տեղի ունեցավ հազարավոր զոհերի արյան գնով, բայց դատելով պարտադրված լինելու հանգամանքից ու ձեռքբերված արդյունքից, դրանք միանգամայն իմաստավորված զոհեր էին՝ արժանի ողջ հայ ժողովրդի հավերժ երախտագիտությանը։ Բացի Ստեփանակերտին օրուգիշեր հրթիռակոծություններով սպառնացող Շուշիի ազատագրումից և Հայաստանի հետ ցամաքային կապի ապահովման նպատակով ձեռնարկված Լաչինի միջանցքի վերահսկողության անհրաժեշտությունից, Ղարաբաղը տարածքային ընդարձակման որևէ այլ մտադրություն չուներ։ Եթե Ադրբեջանը դրանից հետո, իր ագրեսիվ գործողությունները շարունակելու փոխարեն, փորձեր բանակցությունների միջոցով Ղարաբաղի հարցում որևէ փոխզիջումային լուծում գտնել, ապա տարածքային նոր կորուստներ չէր ունենա, ինչի համար պետք է մեղադրի ոչ թե հայկական կողմին, այլ միայնումիայն իրեն՝ մի բան, որ տարիներ շարունակ չի դադարում պնդել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման լավագույն միջազգային փորձագետ Վլադիմիր Կազիմիրովը։
Իսկ ինչ վերաբերում է 1998 թվականից հետո ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և Հայաստանի սահմանամերձ գյուղերում հայկական կողմի տված զոհերին, ապա դրանք, նույնքան թանկ ու ցավալի, որքան Ղարաբաղյան պատերազմի զոհերը, այնուամենայնիվ որևէ առումով արդարացված ու իմաստավորված չեն, որովհետև արդյունք են ստատուս-քվոյի պահպանման՝ Հայաստանի իշխանությունների որդեգրած անհեռանկար ու հանցավոր քաղաքականության։ Անհեռանկար ու հանցավոր այն պատճառով, որ այդ քաղաքականությունը ոչ մի պարագայում Ղարաբաղի խնդրի ավելի լավ լուծման չի հանգեցնելու, քան մեզ առաջարկվում էր 1997 թվականին, կամ այդքան զուր ու անիմաստ կորուստներից հետո առաջարկվում է այսօր։
Եթե Ղարաբաղյան խնդրի ավելի շահեկան լուծման հնարավորություն լիներ, գուցեև կարելի էր համաձայնել պատերազմասերների ու ոչմիթիզհողականների պնդումներին։ Սակայն գործընթացի ձգձգումը և ստատուս-քվոյի պահպանումը պատճառ է դառնալու բազմաթիվ նորանոր զոհերի, որոնք որևէ արժեցող նպատակի չեն ծառայելու, քանի որ, կրկնում եմ, ավելի լավ լուծում, քան այն, ինչ ներկայումս դրված է բանակցությունների սեղանին, այսուհետև չի լինելու։ Այլ բան ակնկալելը սին պատրանք է և մեծագույն հանցագործություն մեր ժողովրդի հանդեպ»։