Ռետրո

Քանդենք չհասկացվածության պատը. Սերժ Սարգսյանը՝ 2008-ին

2008թ. ապրիլի 9-ին տեղի ունեցավ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի երդմնակալության արարողությունը։ Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնը ստանձնեց նախագահական կեղծված ընտրությունների արդյունքում՝ 2008թ. «Մարտի 1-ի» արյունալի բախումներից հետո։

Radar Armenia-ն ներկայացնում է Սերժ Սարգսյանի երդմնակալության ելույթից մի հատված.

«Մեր ժողովրդի մի մասը պաշտպանել է այլ թեկնածուների, ու ես հիմա դիմում եմ նրանց: Դուք իրավունք ունեիք քվեարկել ոչ իմ օգտին, սակայն ես իրավունք չունեմ չլինել ձեր նախագահը: Մենք չպետք է բաժանվենք, մենք չպետք է մեր ժողովրդի մի մասի ու մյուսի միջեւ անջրպետներ ստեղծենք, չպետք է անհաղորդ լինենք միմյանց մտահոգության ու ցավի նկատմամբ, չպետք է դուրս գանք փոխադարձ հասանելիության սահմանից: Եթե անգամ մեր միջեւ չհասկացվածության պատ կա, կո՛չ եմ անում, եկեք քանդենք այդ պատը...

Այս արարողությունը տեղի է ունենում ցավալի իրադարձություններից շուրջ մեկ ամիս անց, իրադարձություններ, որոնց թողած վերքերը դեռ թարմ են: Այդ վերքերը բոլորիս ցավ ու դառնություն պատճառեցին: Այսօր ես հորդորում են առաջ նայել, միասնաբար փնտրել ու գտնել ապաքինման ու համախմբման ճանապարհը, վաղվա Հայաստանի զարգացման ճանապարհը: Ես համոզված եմ, որ մենք չենք կարողանա ունենալ իրական ու շոշափելի հաջողություններ ապագայում, եթե չսերտենք անցյալի դասերը: Տեղի ունեցածը բոլորիս համար պետք է զգոնության ու սթափության դաս լինի, պետք է բոլորիս ստիպի աշխատել կրկնակի եռանդով ու նվիրումով:

Անսահման ազատությունը կարող է հանգեցնել ինչպես հանրության շահերի, այնպես էլ այլ անձանց իրավունքների հետ բախման: Նման հնարավոր բախումները կանխելու և տարբեր շահերն ու իրավունքները միմյանց հետ համաձայնեցնելու համար պետությունն իրավունք ունի միջամտել որոշ հիմնական իրավունքների իրականացմանը:

Հիմնական իրավունքների սահմանափակումները, սակայն, չեն կարող լինել բացարձակ, քանի որ նման պարագայում հիմնական իրավունքը պարզապես կդադարի փաստացի գոյություն ունենալուց: Սահմանափակումները չպետք է բովանդակազրկեն Սահմանադրությամբ ամրագրված հիմնական իրավունքներն ու ազատությունները:

Մենք պետք է կարողանանք իրավունքների և ազատությունների յուրաքանչյուր սահմանափակման դեպքում, այդ թվում նաև խաղաղ հավաքների իրավունքի հետ կապված, գտնել հավասարակշռությունը մի կողմից հասարակական կարգի, այլոց իրավունքների ու ազատությունների պաշտպանության և խաղաղ հավաքների իրավունքի միջև:

Մենք կարճ ժամկետներում տասնյակ օրենքների հետ միասին պետք է փոփոխության ենթարկենք նաև խաղաղ հավաքների իրավունքը կարգավորող օրենքները` նպատակ ունենալով մի կողմից ապահովել յուրաքանչյուրի խաղաղ հավաքներ անցկացնելու իրավունքի իրականացումը Եվրոպական չափանիշներին համապատասխան, մյուս կողմից` բացառել ցանկացած հրապարակային միջոցառման անցկացում, որը խաղաղ չէ, կամ որի նպատակը իրավաչափ չէ:

Բարեկամներ,

Մեր ժողովուրդն ինձ վստահության քվե է տվել, և ես պետք է առաջիկա հինգ տարիների ընթացքում իրականացնեմ իմ ծրագիրը, քվե է տվել, որպեսզի մեր երկրում շատ ավելի քիչ խնդիրներ մնան, որպեսզի կարողանամ անդրադառնալ բոլորի սպասելիքներին: Հինգ տարի, որն այդ ամենի համար բավական սեղմ ժամկետ է, ամենօրյա ու կարևոր աշխատանքի ժամկետ: Ժամանակ, որի ընթացքում պիտի հասցնենք անել հնարավորն ու անհնարը մեր երկրի զարգացման ու մեր առջև ծառացած հիմնախնդիրների լուծման համար: Դա է պատճառը, որ այս հանդիսավոր օրը իմ քաղաքական թիմի համար ես համարում եմ աշխատանքային»: