2008թ. ապրիլի 9-ին սկսվեց Սերժ Սարգսյանի պաշտոնավարումը: Ինչպե՞ս է այդ օրը ներկայացրել ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգտոնը:
Radar Armenia-ն ներկայացնում է «Վիկիլիքսի» հանրայնացրած հերթական փաստաթղթում այդ օրվա առթիվ Փենինգտոնի մանրամասները։
ԱՄՆ Պետդեպին ուղարկած իր զեկուցագրում վերջինս ներկայացնում է 2008թ. ապրիլի 9-ի իրադարձությունները՝ ուշադրություն դարձնելով հատկապես Սերժ Սարգսյանի ելույթին և դրանում առկա մեսիջներին: Հատկանշական է, որ օտարերկրացու վրա բավականին մեծ ազդեցություն էր թողել Ազատության հրապարակը զինվորներով լցնելու իշխանությունների քայլը:
Փենինգտոնի գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանի՝ երդմնակալության կապակցությամբ հնչեցրած ելույթը լի էր նախագահական քարոզարշավի ու իր հիմնական մրցակից Լևոն Տեր-Պետրոսյանի հանդեպ ծածուկ ակնարկներով:
«Նրա ելույթի տոնը ընդհանրականորեն խաղաղարարական էր: Անդրադառնալով նախագահական ընտրարշավին՝ Սարգսյանն այն որակեց նշանակալից, բայց վնասներով լի, շնորհակալություն հայտնեց նրանց, ովքեր արժանապատվությամբ ճանաչեցին իրենց պարտությունը և ընդունեցին իր՝ համագործակցության մեկնած ձեռքը»:
Փաստաթղթում դիվանագետը հավելում է, որ «Սերժ Սարգսյանը խոսեց նաև ազատության հիմնախնդրից, ինչը, սակայն, այնքան էլ հուսադրող չէր»:
Ամերիկացի դիտորդի համար երդմնակալության օրը նշանակալից է դարձել նաև այն հանգամանքով, որ «նոր նախագահի ու իբր նրան ընտրած քաղաքացիների միջև որևէ շփում չեղավ: Ոստիկանության կողմից իրականացված խիստ միջոցառումները՝ մաքրել քաղաքի կենտրոնը սովորական քաղաքացիներից, փաստեցին, որ ոչ մի հայի, բացի արարողությանը մասնակցած պատվիրակներից, չթույլատրվեց անգամ հպանցիկ հայացք գցել իր նոր նախագահի վրա:
Ոչ մի ժպիտ, ոչ մի ձեռքսեղմում, ոչ մի հասարակական ողջույն: Այսօրինակ վիճակը կարող է մասամբ բացատրվել մշակութային առանձնահատկությամբ: Մեզ տեղեկացրին, որ փակ արարողությունը սպասելի էր և բարձր պաշտոնյաների համար բավականին բնութագրական: Մի կողմ թողնելով մշակութային տարբերությունները՝ մենք չեն կարող չնկատել, որ Սերժ Սարգսյանի համար սա իրականում դարձավ կորսված հնարավորություն:
Երդմնակալության արարողության ամեն պարագան՝ Սերժ Սարգսյանի ֆիզիկական մեկուսացվածությունը, նրա քարացած ու չժպտացող կեցվածքը և որոշումը՝ զինվորական ուժերն օգտագործել այս արարողության մեջ, միայն ու միայն խորացնում են նրա սառը ընկալումը հասարակության մեջ»:
Փենինգտոնի կարծիքով՝ Սերժ Սարգսյանը հայ հանրության մոտ ընկալվում է որպես ժողովրդից հեռու և թույլ՝ գլխավորապես հենված անվտանգության մարմինների վրա:
Փենինգտոնը փաստաթղթի ավարտին նկատում է, որ Սերժ Սարգսյանն ազատության արժեքին վերաբերվում է ոչ թե որպես իդեալի, այլ որպես սպառնալիքի, որից պետք է զգուշանալ:
Այս ընկալումը դիվանագետը բացասական է գնահատում, քանզի նրա համոզմամբ՝ այն հազիվ թե օգնի քաղաքական խաղաղության հաստատման ու Մարտի 1-ի վերքերը բուժելու գործում:
«Աննախադեպ քայլը՝ զինվորներին Ազատության հրապարակ բերելը, կարող է, հավանաբար, դիտվել որպես ուղղակի ռևանշ ու զգուշացում Լևոն Տեր-Պետրոսյանին, նրա աջակիցներին ու նաև հատկապես այն մարդկանց, ովքեր այս հրապարակը դիտարկում են որպես հակասովետականության ու Ղարաբաղյան շարժման խորհրդանիշ: Հայերը կարճ հիշողություն չունեն. զինվորների քայլքը հրապարակով և հանդուրժողականության մասին խոսքերն ուղիղ հակասության մեջ են միմյանց հետ և հազիվ թե հեշտությամբ մոռացվեն»: