Radar Armenia-ն ներկայացնում է Վանո Սիրադեղյանի՝ «Պարիտետի ժամը» հոդվածից մի հատված։
Մարիուս Յուզբաշյանը սպանվեց՝ իր հետ գերեզման տանելով Ղարաբաղյան շարժման սկզբնավորման գաղտնիքը։ Հետագայում Մոսկվայում երիտասարդ տարիքում կյանքից հեռացավ Ղարաբաղի ղեկավարի պաշտոնում Կեւորկովին փոխարինած Հենրիկ Պողոսյանը, որին վիճակվա՞ծ, թե՞ վերապահված էր գլխավորել խռովության օրենսդրական փուլը եւ որի օգնականն էր, ի դեպ, Սերժ Սարգսյանը։ Վերջինս միաժամանակ լինելով Շարժման ակտիվիստ՝ նաեւ մարզի ղեկավարի կապն էր գործադուլային ղեկավար մարմնի՝ Դիրեկտորների խորհրդի հետ։ Այս փաստը առավել չարագուշակ երանգ է ստանում, եթե հիշենք, որ նա նաեւ Ստեփանակերտի ռուսական կայազորի եւ հայկական կողմի միջեւ կապավորի դեր ուներ։
Չարագուշակ այն իմաստով, որ բոլոր նրանք, ովքեր պաշտոնի բերումով Ղարաբաղում եւ Հայաստանում պիտի որ առաջինը տեղյակ լինեին պատրաստվող ստորագրահավաքի մասին (Միացման մասին֊խմբ․), այդ մարդիկ այսօր կենդանի չեն։ 1988թ․ Ղարաբաղի մարզկոմի քարտուղար Պողոսյանը, Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Դեմիրճյանը, հանրապետության անվտանգության նախարար Յուզբաշյանը եւ ներքին գործերի նախարար Շահինյանը։ Ես ինձ հաշիվ եմ տալիս, որ միայն բացառիկ հիվանդ երեւակայություն ունեցողը կարող է այսպիսի պատկեր տեսնել, եւ առավել հակված եմ սա վերագրել հայ ավանդական փնթի ինքնահոշոտման կրքին, բայց փաստը մնում է փաստ։ Եթե այս անուններին ավելացնենք Վազգեն Սարգսյանի եւ ժամանակի մարզխորհրդի նախագահ Լեոնարդ Պետրոսյանի անունները, ամբողջանում է այն մարդկանց շարքը, ում պիտի որ Ղարաբաղի անվտանգության երաշխիքներ տված լինեին սովետական հետախուզական ծառայությունները եւ ովքեր «իրավունք ունեին» այդ բանը ակնկալելու ներկայիս... բայց ումի՞ց։ Ցուցակը ամբողջանում է այն պահին, երբ օրախնդիր է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու հարցը։
Անհասկանալի է մնում Սերժ Սարգսյանի պարագան։ Կամ նա հայտ չի ներկայացնում Ղարաբաղին տրված երաշխիքների «պահանջատերը» լինելու, կամ սկզբում հասարակ սադրիչի դեր է ունեցել, ինչ դեր ուներ Իգոր Մուրադյանը՝ Յուզբաշյանին կից, կամ դեռ անելիք ունի Հայաստանում՝ այս պատմության ավարտական փուլում։ Թող որ մենք սխալված լինենք, բայց, կարծես թե, չունի։ Քանի որ այդ դերը կապված է լինելու ոչ միայն նոր պատերազմի հանգամանքներին, այլեւ նոր խառնակչությանը՝ այս դեպքում Ջավախքի ուղղությամբ։ Եւ ուրեմն, այդ դերի համար բոլորովին նոր մարդ է պետք՝ կազմակերպությամբ հանդերձ։
Հասկանալի է, որ դա Դաշնակցությունը կլինի։ Օգնականներ կգտնվեն «Ջավախք» հայրենակցական միությունում, Սիլվան դեռ կա, ախալքալաքցի Զորի Բալայանի հարցը ավելի հեշտ է։ Բայց տանող ուժը կլինի Դաշնակցությունը։ Ոչ միայն այն պատճառով, որ կոմպլեքսավորված է, որ առաջին անգամ իր պատմության մեջ բաց է թողել խառնակչության պահը, այլեւ սեփական քաղաքական համոզմունքից ելնելով եւ քաղաքական ծրագրին ի նպաստ։ Ծրագիր, որի էությունն այն է, թե ինչքան խոր խրվի Հայաստանը տարածաշրջանային կոնֆլիկտների մեջ, այնքան կախված կլինի Ռուսաստանից, ինչքան կախված լինի Ռուսաստանից, այնքան ժամանակ թշնամի կլինի Թուրքիային, եւ որքան երկար ժամանակ Հայաստանը թշնամի մնա Թուրքիային, այնքան տեւական ժամանակ իրենք հնարավորություն կունենան դրսում զբաղվելու Հայ դատով։
Արդյո՞ք Ղարաբաղի տարբերակը Վրաստանի դեմ կիրառելու անհրաժեշտություն կլինի, դժվար է ասել, բայց Հայաստանում դրան պատրաստ թե´ ուժեր կան, թե´ բախտախնդիր իշխանություն։ Այդ ուժերը եղել են միշտ, բայց Հայաստանի նախկին իշխանությունները ժամանակին կարողացան զինաթափել ՀԱԲ֊ը, գուցե կանխարգելիչ միջոցառում որպես՝ փակեցին Դաշնակցությունը, նաեւ Գամսախուրդիան ժամանակին պաշտոնազրկվեց։ Վերջին հաշվով, գուցե շնորհիվ այն բանի, որ Հայաստանում չկարողացան իշխանության գալ Էլչիբեյի եւ Գամսախուրդիայի տիպի գործիչները։
Թերեւս, այս անգամ էլ խուսափենք երկրորդ ճակատից, բայց դա կախված կլինի միմիայն Վրաստանից։ Իսկ Հայաստանում այդ ավանտյուրան նախապատրաստվում է դաշնակցականների պաշտոնեական առաջխաղացումով։ Քոչարյանը ընդհանրապես պատրաստվում է պատերազմի եւ այդ վիճակին համապատասխան կոալիցիոն կառավարություն կազմելը, համենայն դեպս, սկսել է ծնունդով ջավախքեցի դաշնակցական Լոքյանով։ Եթե ուժային կառույցներից մեկնումեկն էլ հանձնի դաշնակցությանը, կարելի կլինի գրեթե համոզված լինել, որ, դաս չքաղելով ոչ մի բանից, նշմար է տալիս ում որ հարկն է, որ պատրաստ է ծառայել Վրաստանի ուղղությամբ համը հանելու գործում։ Սերժի «ռուսական կողմնորոշումը» չփրկեց, պետք է մի նոր դեմք, ում ռուսական գաղտնի ծառայությունները համարում են իրենցը։ Արեւմուտքն էլ, գուցե, իրենցը համարի, բայց այդպես պատահում է հետախույզների առօրյայում։
Քոչարյանը կուզենար այդ մարդը ինքը լիներ։ Այսինքն, այդ էլ ինքը լիներ։ Մի կողմից՝ Ամերիկան չդադարեր փող տալ, մյուս կողմից՝ Ռուսաստանը նրան համարեր իրենը։ Որովհետեւ ինքը ծնունդով, ավանդաբար, դաստիարակությամբ, ուղնուծուծով նրանցն է ու ասիացի, բայց ստիպված է խաղալ եվրոպամետ։ Վիրավորական է՝ իր արդար հացը իրենից հանիրավի խլողներից վրեժխնդիր լինելու աստիճան։ Բայց ո՞ր մեկի դեմն առնի։ Բարեբախտաբար, դաշնակցականները նաեւ իրենն են եւ պետք են գալու պատերազմի ժամանակ։ Ոչ թե կռվելու համար, այլ ռազմաճակատի գիծ գնացած երկրապահների ու զորքի հնարավոր նահանջը գնդացիրներով թիկունքից կանխելու համար։ Նաեւ խոր թիկունքում՝ որպես ռազմական դրության ռեժիմը ապահովող զինված ուժ։ Իսկ ամենամոտ ապագայում դաշնակցականի ղեկավարած պատժիչ ծառայությունը կապահովի, որ «27»֊ի դատավարության ժամանակ Նաիրի Հունանյանը ավելորդ բաներ չասի։
Գուցե եւ հարցը «արմատապես» լուծելու միջոցով։ Սերժ Սարգսյանը խանդի տեսարաններ չի սարքի։ Նրան կործանելու է ագահությունը։ Վերջին ամսի վերջին միլիոնին հետամուտ՝ նա այս անգամ բաց է թողնելու դավաճանելու պահը։ Եւ այդ կողմից Քոչարյանը ապահով է։ Նա ապահով է զգում իրեն նաեւ Արեւմուտքի եւ Ռուսաստանի կողմից՝ Հայաստանի ներսում ուզած քաղաքական կոմբինացիաներ անելու տեսակետից։ Նրան դեռ ամեն ինչ ներվելու է․ անգամ ռուսական հեռուստաալիքների փակումը, մամուլի ոլորտում դեռ սպասվող սահմանափակումները, երկրապահական֊զինվորական թեւի հանդեպ քրեական հետապնդումների փուլը, որը, թերեւս, կսկսվի «27»֊ի դատավարությանը համընթաց։ Ներվելու է, որովհետեւ Ստամբուլի դաշնագրի տառին հավատարիմ՝ Ղարաբաղի խնդիրը տանում է հանգուցալուծման, մեծ տերությունների կարծիքով՝ ստորագրության, իր հաշվարկով՝ պատերազմի միջոցով։ Այս ճանապարհին նա ոչ Ղարաբաղում, ոչ Հայաստանում ոչ մի հենարան չունի, Դաշնակցությունից բացի։ Բայց այստեղ էլ միակարծիք չեն։
Դատելով այն բանից, թե Բազեյանի հրաժարականը ինչ աստիճան ջղագրգիռ է դարձրել դաշնակցական մամուլին, նրանք հասկանում են, որ պարտության պատասխանատվությունը կրելու են միայնակ եւ որ կապիտուլյացիան ստորագրելուց հետո զրկվում են ո´չ միայն իշխանությունից։ Ի տարբերություն սկսնակ դաշնակցական Քոչարյանի, որը իր խելքից է ընկել «Մահ կամ ազատության» թակարդը, Դաշնակցությունը լավ բան չի սպասում առանց Ռուսաստանի զինակցության մղվելիք պատերազմից, առավել եւս՝ իշխանությունը պահելու ձեւ չի տեսնում այդ հանգամանքներում։ Եւ զարմանալի չէ, որ վերջերս սկսել է իր բառապաշարին անհարիր բառեր արտաբերել (ճիշտ է՝ գերագույն ջանքով) հանդուրժողականության թեմայով՝ ելքը տեսնելով նրանում, որ պարտությունը լինի ազգովին, միասնաբար, համազգայնորեն, անզիջում ու չպարտվողաբար։ Որովհետեւ չի կարելի արյունով նվաճած հողը ետ տալ, բայց ավելի մեծ արյունով՝ խնդրեմ։