26 տարի առաջ փետրվարի 2-ին նախագահի հենարան համարվող ԱԺ «Հանրապետություն» խմբակցությունը պառակտվեց, որի անդամների մի մասը անցավ ԱԺ «Երկրապահ» խմբակցության կազմ. վերջինս դարձավ ԱԺ մեծամասնություն և հարում էր ՀՀ Պնախարար Վազգեն Սարգսյանին։ Իշխող խմբակցության պառակտմամբ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը կորցրեց խորհրդարանում մեծամասնության աջակցությունը, ինչը մի քանի ամիս ընթացած ներիշխանական հակամարտության վերջին ակորդն էր։
ԱԺ-ում կորցրած լինելով մեծամասնության աջակցությունը և, փաստացի ու իրավականորեն անկարող լինելով իր քաղաքականությունն առաջ տանել, փետրվարի 3-ի երեկոյան ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Տեր-Պետրոսյանի հրաժարականը փակեց ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ առաջացած ներիշխանական վեճը՝ հօգուտ ստատուս-քվոյի պահպանության քաղաքականության, որի ակտիվ ջատագովներն էին վարչապետ Ռոբերտ Քոչարյանը, պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը և Ազգային անվտանգության ու ներքին գործերի նախարար Սերժ Սարգսյանը։ Հրաժարվելով ԼՂ հակամարտության կարգավորման փուլային տարբերակից՝ եռյակը ստանձնեց Հայաստանի իշխանությունը և վարեց հակամարտության կարգավորման սառեցման, երկրի ներսում ոչմիթիզականության, իսկ միջազգային հարթակներում զիջումների քաղաքականություն։ Ավելի քան քսան տարի ԼՂ հարցը այդպես էլ չդարձավ ներհասարակական բովանդակային քննարկումների առարկա՝ սահմանափակվելով հողատու, դավաճան, հայրենասեր ու ոչ մի թիզ կատեգորիաներով։ Հասարակությունն այդպես էլ մանրամասնորեն չիմացավ, թե ինչ էին առաջարկում միջնորդները 1997թ., ինչին էր համաձայնություն տվել ՀՀ նախագահը։ ԼՂ հակամարտության կարգավորման ողջ պրոցեսում ամենահարմար պահի լուծումը ի չիք դարձավ՝ Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը մատնելով անդառնալի աղետների։
Պատմության վերաիմաստավորման համատեքստում Radar Armenia-ն ներկայացնում է Տեր-Պետրոսյանի հրաժարականի տեքստը։
Սիրելի' հայրենակիցներ,
Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ: Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում Նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը և հայտարարում իմ հրաժարականը:
Զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով: Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր: Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ: Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն:
Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել: Բարդույթների մեջ չպետք է ընկնել. խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասարակություններում, ինչպես, օրինակ, Իսրայելում: Բայց և Իսրայելում, և Հայաստանում դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր նահանջ: Միևնույն է, վաղ թե ուշ խաղաղությունը հարթելու է իր ճանապարհը:
Կոչ եմ անում ձեզ ցուցաբերել զսպվածություն, պահպանել երկրի անդորրը և անցկացնել նոր Նախագահի օրինական, քաղաքակիրթ ընտրություններ: Դա կլինի ութ տարվա ընթացքում ձեզ հետ միասին մեր ստեղծած պետության հասունության վկայությունը և արտաքին վարկի պահպանման գրավականը: Նոր Նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն ի շահ և ի բարօրություն մեր ժողովրդի: Հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը անցած տարիներին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության և աջակցության համար:
Շնորհակալություն եմ հայտնում նաև իմ բոլոր զինակիցներին, ովքեր մշտապես անվերապահորեն եղան և մնում են իմ կողքին: Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր: Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որևէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը:
Բարին ընդ ձեզ: