Կյանքի 72-րդ տարում անժամանակ մահացավ ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր, Լոռու նախկին մարզպետ, Երևանի նախկին փոխքաղաքապետ Վիգեն Խաչատրյանը։ Radar Armenia-ն ներկայացնում է Վիգեն Խաչատրյանի՝ 1990թ. օգոստոսի 4-ին ՀՀ Գերագույն խորհրդում ԳԽ նախագահի ընտրության առթիվ ունեցած ելույթը՝ ի նշանավորումն նրա հիշատակի։ Այս ելույթը փաստացի հեղափոխական ելույթ էր խորհրդային խորհրդարանում, որի արդյունքում՝ ՀԿԿ-ի մի թևը սատարեց Արցախյան շարժմանը և քվեարկեց ՀՀՇ-ի՝ ԳԽ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի օգտին։
Այս օրերին շատ ապրումներ եմ ունեցել և ստիպված եմ հետևյալն ասել՝ ծանր էր լսել այս դահլիճում մեղադրանքներ ապարատի, նոմենկլատուրայի, կուսակցության վերնախավի հասցեին։ Այդ մեղադրանքներն այստեղ հաճախ նաև հասնում էին անձնական վիրավորանքի, մտքերի կիզակետից շոշափում մարդկանց արժանապատվությունը, և եթե երբեմն կոչ եմ արել համախմբման, պատճառը եղել է ոչ միայն իմ դաստիարակությունը, այլ նաև այն խոր համոզմունքը, որ այդ ամենի համար, վերջապես, օբյեկտիվ հիմքեր կան։ Այն, որ մեր ազգը հասել է այս խորը ճգնաժամին, իրոք «պարտական ենք» հայ բոլշևիկներին, ղեկավար և ուղղություն տվող ուժին՝ Կոմկուսին։ Ամենացավալին այն է, որ վերջին տարիներին կուսակցությունը ծայր աստիճանի կառչում է իշխանությունից, չի գիտակցում այն պարզ ճշմարտությունը, որ, վերջապես, հարկավոր է ճանապարհը զիջել ժողովրդավարական ուժերին։ Հանրապետությունում առաջացել է սոցիալական ծայր աստիճանի լարվածություն, խիստ ընկել է մարդկանց սպասարկման մակարդակը։ Աղետի գոտու վերականգնման տեմպերը մարդկանց հույս չեն ներշնչում, չեն լուծված տասնյակ հազարավոր մարդկանց պրոբլեմներ, զինված ջոկատների մի մասի գործունեությունը, հանցագործությունների աճը լարված դրության մեջ են պահում ազգաբնակչությանը։ Օր օրի քայքայվում է ժողովրդական տնտեսությունը։ Առայժմ չի երևում ԼՂԻՄ արդարացի պահանջի լուծման ուղին։ Կարելի է այս տխուր նկարագրությունը շարունակել։ Մարդկանց մոտ խորանում է հիասթափության, անբավարարվածության, անվտանգության բացակայության, սոցիալական անպաշտպանվածության և դժգոհության զգացումը։ Ժողովուրդը հոգնել է անվերջ բանավեճերից և համաժողովներից։ Մի խոսքով՝ հանրապետությունը մտել է տնտեսական ու քաղաքական խորը ճգնաժամի մեջ։
Անտարակույս, մեզանից յուրաքանչյուրն անհանգստացած է ստեղծված իրավիճակով, պատասխանատվության իր չափն է կրում ժողովրդի առջև, նրա բախտի ու ապագայի հանդեպ։ Պահի առանձնահատկությունը այն է, որ հասարակական, քաղաքական, տնտեսական, հոգևոր կյանքի փոփոխոությունների օբյետկտիվ անհրաժեշտությունը ոչ մի կերպ չի վերածվում գործնական, ամենօրյա գործողությունների ու հետևաղականորեն, համառորեն իրականացվող քաղաքականության։
Հանրապետության, ազգի, թերևս, ամենաբախտորոշ ժամանակաշրջանում է ժողովուրդը վստահել պատգամավորական մանդատը, մեզնից յուրաքանչյուրին ձայն տալով, մարդիկ հույս են կապել, որ կյանքը կփոխվի դեպի լավը, որ մենք կգործենք՝ ելնելով միայն ու միայն ժողովրդի ու ազգի շահերից։ Վաղուց եմ եկել համոզման, որ այդ շահերը պահանջում են հաստատել ժողովրդավարություն, փոխանցել իշխանությունը խորհուրդներին, օգնել նրանց իշխանության գլուխ կանգնելու։
Ով-ով, բայց ես լավ գիտեմ, որ մեզանում չի եղել իշխող կուսակցություն, իշխել և փորձում է իշխել կուսակցական ապարատը։ Գիտեմ նաև, թե որքան շատ ազգաես ու աշխատասեր մարդիկ կան այդ ապարատում, սակայն կան նաև ապարատային կյանքի օրենքներ, որոնք այդպես էլ չփոխվեցին և շատերին այսօր կանգնեցրել են անձնական դրամայի շեմին։ Սկսվել է մի օրինաչափ պրոցես, ապարատը իրեն փրկելու ուղղությամբ ամեն մի քայլ կատարելիս էլ ավելի է վատթարացնում իր և ժողովրդի վիճակը, ավելի է խորացնում մարդկանց թերահավատությունը։
Ահա թե ինչու, մեզ անհրաժեշտ է Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահ ընտրել մի այնպիսի մարդու, որի վերաբերյալ ժողովուրդը հիմնավորված կասկած չունենա։ Իմ կարծիքով՝ դա չափազանց կարևոր է։ Պետք է ընտրել անկախ, համարձակ, խոհեմ ու ազնիվ մի անձնավորության, որին ժողովուրդն անվերապահորեն կվստահի։ Ահա թե ինչու, իմ ձայնը տալով Լևոն Տեր-Պետրոսյանին՝ ուզում եմ ասել նաև, որ ձայնս տալիս եմ ոչ թե անձամբ իրեն, այլ ժողովրդի հույսին։ Այն հաշվով, որ վերջապես բարեփոխումներ կսկսվեն մեր կյանքում։ Ձայն եմ տալիս նաև տեսնելով, որ չունեմ առավել ճիշտ ընտրության հնարավորություն, բայց կարծում եմ նաև, որ այս դեպքում Գերագույն խորհուրդը ժամանակ կշահի, հնարավորություն կստանա փորձել դուրս բերել Հայաստանը ճգնաժամից։
Երկար մտորումներից հետո որոշեցի գնալ այս քայլին այն հույսով, որ ժողովրդի մեջ կմեծանա հավատը Գերագույն խորհրդի նկատմամբ։ Ելույթս նպատակ չունի ներազդելու դահլիճի վրա։ Կարծում եմ՝ յուրաքանչյուրը կխորհրդակցի իր խղճի հետ։ Պարտքս համարեցի անկեղծ լինել և մաքուր խղճով քվեարկել։ Նման քայլի գնալով, անկախ ընտրությունների արդյունքներից, լավ եմ գիտակցում, որ այլևս չպետք է աշխատեմ որպես շրջկոմի առաջին քարտուղար ու անբարոյական է հավակնել Գերագույն խորհրդի կազմում մի որևէ կարևոր դիրքի։ Դրան ևս պատրաստ եմ։ Անկախ ընտրությունների արդյունքից՝ ձեռնամուխ կլինեմ զուտ պատգամավորական պարտականություններիս կատարմանը։ Ինձ համար դա արդեն մեծ ու պատվաբեր հնարավորություն է ծառայել ժողովրդին ու իմ ընտրողներին։
Վիգեն Խաչատրյանի վերջին հարցազրույցը Radar Armenia-ի տաղավարում։
«Երրորդ Հանրապետություն» հաղորդաշարի հերթական դրվագը՝ «ԽՍՀՄ փլուզում»։