Ռետրո

2023թ. Ռոբերտ Քոչարյանը հերքում է 2003թ. Ռոբերտ Քոչարյանին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն օրերս հերթական անգամ հայտարարություն տարածեց՝ հայտարարելով, թե Ղարաբաղին բանակցային սեղանից դուրս է թողել ոչ թե ինքը, այլ դա եղել էր շատ ավելի վաղ՝ մինչ իր նախագահությունը։ Սակայն պատմությունը ետին թվով անգամ ասորեստանյան գրիչները չեն հաջողեցրել սրբագրել քարակերտ արձանագրություններով, ուր մնաց թղթային ու թվային դարաշրջանում դա տեղի ունենա։ Radar Armenia-ն ներկայացնում է, թե ինչպես էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2003թ. նախագահական ընտրություններից առաջ Հ1-ի «Հայլուր»-ին տված հարցազրույցում բացատրում, թե ինչու Հայաստանը որոշեց խոսել նաև Արցախի փոխարեն։ Ըստ Քոչարյանի՝ դա արվել է, որպեսզի միջազգային հանրությունը գործ ունենա «միավորված հայ ժողովրդի մոտեցման հետ»։ Այլ կերպ ասած, փաստացի, այսօր Ռոբերտ Քոչարյանը փորձում է հերքել է հենց իրեն՝ 2003թ. Ռոբերտ Քոչարյանին։

«Կապված Ղարաբաղի՝ բանակցային կողմ լինելու հարցի հետ, այո, հիմա նման մեղադրանքներ հնչեցնում են։ Բայց փորձենք հասկանալ՝ ինչու մենք հինգ տարի առաջ ունեցել ենք մի առաջարկ սեղանի վրա, որը հայկական կողմերը մերժել են, բայց ընդունվել է Ադրբեջանի կողմից, և ինչու հիմա ունենք առաջարկ, որ ընդունում են երկու հայկական կողմերը, և չի ընդունում Ադրբեջանը։ Շատ հասկանալի պատճառ. այն ժամանակ Հայաստանն ասում էր՝ մենք կընդունենք յուրաքանչյուր տարբերակ, որին կհամաձայնվի Ղարաբաղը։ Եվ այնպիսի տպավորություն էր, որ Հայաստանի համար մեկ է՝ ինչ առաջարկ է լինելու։ Իսկ Ղարաբաղին ճնշելը կամ ճնշելը Հայաստանին, որը սեփական դիրքորոշում չունի և պատրաստ է ընդունել անբարենպաստ որոշում, շատ ավելի դյուրին է։ Եվ, ըստ էության, այդ դիրքորոշումը ինչ-որ տեղ նաև խթանեց ճնշման այդ միտումները։

Երբ Հայաստանը հստակ հայտարարեց, որ ինքն անտարբեր չի, ունի իր մոտեցումը, պատրաստ է իր վրա վերցնել ծանրաբեռնվածությունը՝ կապված ԼՂ հարցի հետ, տվյալ դեպքում՝ նաև ես, երկու հայկական միավորներին ներկայացրեցինք բանակցային գործընթացում, և իրավիճակը լրիվ փոխվեց։

Գործ ունեն արդեն ոչ թե չճանաչված պետության և տատանվող Հայաստանի հետ, այլ միավորված հայ ժողովրդի՝ Հայաստանի, Ղարաբաղի և Սփյուռքի միասնական մոտեցման հետ»։