Ռետրո

Րաֆֆի Հովհաննիսյանից ստացել եմ պատասխան` խաչի տեսքով. Սերժ Սարգսյան

2013թ. մարտի 18-ին՝ նախագահական ընտրություններից հետո Սերժ Սարգյանը հանդիպել էր մի խումբ լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ, որոշ մանրամասներ հայտնել այն ժամանակ ընդդիմության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի հետ հանդիպումից։

«Կարծես, պարտավոր եմ բացելու, որովհետև, իրոք, այդ հանդիպման մասին բազմիցս խոսեցին և՛ Րաֆֆի Հովհաննիսյանը, և՛ այն մարդիկ, ովքեր այդ զրույցին, այդ երկխոսությանը ներկա չէին: Եվ վատն այն է, որ աղճատված, ոչ ստույգ տեղեկություններ էին տալիս հանրությանը: Իրականությունը հետևյալն է՝ լրագրողների հեռանալուց հետո, մենք պարոն Հովհաննիսյանի հետ փոխադարձաբար մեկս մյուսի որպիսությամբ հետաքրքվեցինք, այնուհետև ես հարցրեցի պարոն Հովհաննիսյանին, թե արդյո՞ք նա ասելիք ունի, ի՞նչ է կատարվում, ի՞նչն է այդ հավաքների պատճառը: Նա ասաց, որ, իհարկե, ասելիք ունի և իր ասելիքը հետևյալն է՝ ի՞նչ պետք է անենք: Ես բառացիորեն ասել եմ՝ Րաֆֆի՛, մինչև անելիքներին անցնելը, ես երկու հարց ունեմ. հարց առաջին՝ դու հաղթե՞լ ես ընտրություններում: Ասաց՝ ոչ: Ասացի՝ բա ի՞նչ է եղել: Ասաց՝ մերոնք ասում են, որ Դուք էլ չեք հաղթել: Ասացի՝ Րաֆֆի՛, դու չես հաղթել, ես չեմ հաղթել, բա ո՞վ է հաղթել: Պարոն Հովհաննիսյանը ժպտաց, և ես անցա երկրորդ հարցին: Հարցրեցի՝ քարոզարշավի ընթացքում ինքն ինձնից լսե՞լ է արդյոք մի անձնական վիրավորանք, մի կոշտ ձևակերպում, բացի մեկ դեպքից, երբ ես գնահատականը տվել եմ երևույթին, որովհետև չափազանց կարևոր երևույթ էր: Եթե այդ մասին հարց լինի՝ ես կպատասխանեմ, եթե ոչ՝ ինքս կբացեմ դա: Պարոն Հովհաննիսյանն ինձ բացատրեց, որ իր խոսքի կոշտության պատճառն այն է, որ ես ժամանակից շուտ իմ շրջապատում շամպայնով շնորհավորել եմ իմ հաղթանակը: Ես շատ զարմացած էի:

... Ասացի` Րաֆֆի՛, ես տեսնում եմ ընդամենը երեք տարբերակ. տարբերակ համար մեկ` հիմա այստեղից դուրս ես գալիս, գնում ես հրապարակ և նորից կրկնում ես այն, ինչ դու այնտեղ ասել ես` որ դու ստացել ես ձայների 80 տոկոսը, իսկ Հանրապետության նախագահը հիմա իր լիազորությունները ինձ չի հանձնում, շարունակում ես ձևավորել դաշտային դատարաններ, ինչպիսին արդեն սկսել ես ձևավորել, նշանակում ես նախարարներ և հայտարարում, որ այս երկրում դու պետք է հասնես իշխանության, այսինքն՝ պետք է հեղաշրջում իրականացնես: Այս պարագայում երկու բան կարող եմ խոստանալ. մեկ` ոստիկանությունը, բոլոր իրավապահ մարմինները, իշխանության բոլոր օղակները գործելու են օրենքի սահմաններում: Եվ երկրորդ` ոստիկանությունը, բոլոր իրավապահ մարմինները, իշխանության բոլոր օղակները 100 տոկոսով օգտագործելու են այն լիազորությունները, որ տրված է նրանց սահմանադրական կարգը պաշտպանելու, պահպանելու համար: Այդ դեպքում՝ պատասխանատվությունը լինելու է միայն քեզ վրա: Եթե պատրաստ ես այդպիսի պատասխանատվություն կրելու` խնդրեմ:

Տարբերակ համար երկու`դուրս ես գալիս այստեղից, գնում ես հրապարակ և այնտեղ հայտարարում ես, որ դու ստացել ես ոչ թե ձայների 37 տոկոսը, այլ՝ ավելին, բայց այնուհանդերձ, ելնելով Րաֆֆի Հովհաննիսյանի սիրուց առ Հայաստան, առ հայ ժողովուրդ, նրա հավատարմությունից ժողովրդավարության արժեքներին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը օրինականության սահմաններում ստիպելու է այս իշխանություններին, որպեսզի դադարեցնեն արտագաղթը, պայքարեն կոռուպցիայի դեմ, վերացնեն ատկատները, այսինքն այն բոլորը, ինչ դու հայտարարել ես քարոզարշավի ընթացքում: Այս պարագայում, ես` որպես Հանրապետության նախագահ, ի պաշտոնե էլ պարտավոր եմ աջակցել ընդդիմությանը, ես կաջակցեմ ձեզ: Ձեր ստացած 500 հազարից ավելի ձայները դարձրեք ձեր կապիտալը, ձեր սեփականությունը: «Ժառանգություն» կուսակցությունը դարձրեք 500 հազարանոց: Ընդամենը երկու ամիս հետո Երևանի ավագանու ընտրություններն են լինելու, մասնակցեք այդ ընտրություններին, նախ հաղթեք և սկսեք կառավարել հանրապետության 1/3-րդ բնակչությանը, ապա պատրաստվեք խորհրդարանական ընտրություններին, որոնք սարերի ետևում չեն` ընդամենը 4 տարի հետո լինելու են խորհրդարանական ընտրությունները, կստանաք մեծամասնություն, կձևավորեք կառավարություն և այսպիսով` իշխանությունը կանցնի «Ժառանգություն» կուսակցությանը:

Տարբերակ համար երեք` այստեղից դուրս ես գալիս, գնում ես հրապարակ և ժողովրդին հայտարարում ես, որ Սերժ Սարգսյանն առաջարկել է ինձ՝ ներգրավվելու իշխանության մեջ և համատեղ ջանքերով լուծելու մեր երկրի առջև ծառացած խնդիրները: Ասաց` Դուք կոալիցիա՞ նկատի ունեք: Պատասխանեցի՝ ոչ: Ասացի` հիմա էլ եմ ազնիվ քեզ հետ և չեմ ուզում քննարկել որևէ դետալ, մանրամասնություն, որովհետև երկու ժամ հետո հրապարակում խոսելու են, որ Րաֆֆին ծախվեց, պաշտոն էր ուզում և այլն: Այ, երբ այդ հայտարարությունը կանես, կգաս և մենք միասին կորոշենք ձեր ներգրավվածության հարցը: Բայց այս դեպքում պետք է մոռանաք ընդդիմադիր լինելու հանգամանքը: Ես իրեն չեմ ասել, բայց ուզում եմ այս առիթով մեկ անգամ ևս կրկնել այն, ինչ ես բազմաթիվ անգամներ ասել եմ՝ ինձ համար անհասկանալի են ոմանց այն մոտեցումները, որ լինելով իշխանության մեջ` ընդդիմություն են խաղում: Իշխանության մեջ գտնվողները չեն կարող անել հայտարարություններ, որոնք հակասում են իշխանությունների քաղաքական գծին: Իշխանության մեջ գտնվողը չի կարող ասել, որ մենք պետք է ճանաչենք ԼՂՀ անկախությունը: Ես 10 րոպե հետո նրան աշխատանքից կազատեմ: Իշխանության մեջ գտնվողը չի կարող տարածքային պահանջներ ներկայացնել որևէ հարևան երկրի: 10 րոպե հետո ես նրան աշխատանքից կազատեմ: Ընդհանրապես` իշխանության մեջ գտնվողը իրավունք չունի որևէ քաղաքական գծի նկատմամբ վերադասի հայտարարություններ անել: Բոլոր այն մարդիկ, ովքեր գտնվում են իշխանության մեջ և ցանկանում են քննադատել իրենց վերադասներին, պարտավոր են դիմում գրել, ներկայացնել հրաժարական, այնուհետև գնալ, քշտել թևքերը և անխնա քննադատել բոլորին: Սա իրենց իրավունքն է: Իշխանության մեջ գտնվողը չի կարող անձնական վիրավորանքներ հասցնել որևէ երկրի, նույնիսկ Ադրբեջանի նախագահին: Չի կարելի, անթույլատրելի է: Ի՞նչ է նշանակում անձնական վիրավորանքներ հասցնել Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Ֆրանսիայի նախագահներին: Ինչպե՞ս կարելի է: Ինչպե՞ս կարելի է ընկնել ադրբեջանական ուղեգիծ և պայքարել Մինսկի խումբը ցրելու, համանախագահներին ցրելու համար: Մենք շատ երկար տարիներ պայքարում ենք, որ ձևաչափը չփոխվի, որովհետև այդ ձևաչափը ճիշտ է ընտրված: Այդպես մենք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ ավարտեցինք մեր հանդիպումը: Իսկ մնացած բոլոր բաները` սկսած նրանից, թե իբր մենք այդ խոսակցությունը ձայնագրել ենք և պատրաստվում ենք հանրության սեփականությունը դարձնել, իբր, ես նրանց առաջարկել եմ Երևանի քաղաքապետի տեղակալ, իբր, ես առաջարկել եմ մեկ-երկու նախարարի պաշտոն` իրականությանը չեն համապատասխանում: Եվ ես բարոյական չեմ համարում խոսակցության խեղաթյուրումը` ով էլ դա կատարի։

...Ես էլ մի քիչ մտածեցի և գտա, որ այո, մենք կարող էինք Րաֆֆի Հովհաննիսյանի հետ պայմանավորվել և ստեղծել մի սահմանադրական խորհուրդ, որը կգլխավորեր Րաֆֆի Հովհաննիսյանը: Այդ խորհրդում կընդգրկեր Հայաստանի, հայ ժողովրդի լավագույն ուժերին, որպեսզի սահմանադրական փոփոխությունների ռազմավարություն մշակի, այնուհետև այդ ռազմավարությունը դարձնեն առաջարկություններ, տանեն համաժողովրդական քննարկման, հրավիրեն փորձագետներ: Այսինքն, լուրջ աշխատանք տանեն և դնենք հանրաքվեի, և եթե մեր ժողովուրդը քվեարկի, ասենք՝ ընդունում ենք սահմանադրության այս փոփոխությունները: Իսկ մինչև այդ աշխատանքն անելը, յուրաքանչյուրի մտքով ինչ անցնում է հրապարակային դարձնել և պահանջներ ներկայացնել, ես համարում եմ գոնե ոչ արդյունավետ։

... Ես հասկանում եմ հաջորդ հարցն ես ուզում տալ, բայց մի քիչ անհարմար ես զգում, թե ի՞նչ պատասխան եմ ստացել: Ասեմ միայն աթոռից չընկնեք: Ստացել եմ պատասխան` խաչի տեսքով: Էլ ի՞նչ պետք է ես անեի: Ասեք` էլ ի՞նչ: Րաֆֆին լիներ կասեր` եթե տղամարդ ես հրաժարական տուր: Արդյո՞ք, տղամարդկությունը դրանով է որոշվում: Եվ, իրոք, կարելի՞ է այդպիսի արտահայտություններ անել:

Լրագրող - Թղթի՞ վրա խաչ քաշած:

Սերժ Սարգսյան - Այո, փաստաթղթի: Հանրապետության նախագահի կողմից ուղարկված նույնիսկ ոչ պաշտոնական գրությունը` փաստաթուղթ է: Այ, սա է մեր իրականությունը և մարդկանց խոսելու և գործելու տարբերությունը»: