Ռետրո

Ոստիկանական գործողություններով մաքրել այդ հրապարակը. Ռոբերտ Քոչարյանը՝ մարտի 1-ի նախօրեին

2008թ. մարտի 1-ի նախօրեին այն ժամանակ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդիպել էր ԵՊՀ ուսանողների հետ, անդրադարձել այդ օրերին Ազատության հրապարակում նախագահի ընդդիմադիր թեկնածու, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ տեղի ունեցող շուրջօրյա հանրահավաքներին։ Radar Armenia-ն ներկայացնում է Ռոբերտ Քոչարյանի ելույթից հատված.

«Այդ զանգվածային միջոցառումներին դուք ծանոթ եք, դա թատերական հրապարակում տիրող իրավիճակն է: Հետո ի՞նչ է լինելու: Երևի սա է բոլորին հետաքրքրում: Փորձեմ տարբեր սցենարներ նկարագրել: Իմ պատկերացմամբ` կա իրավիճակի զարգացման չորս հնարավորություն:

Առաջին` այդ զանգվածային միջոցառումները նույն ձևով ակտիվ շարունակվում են` փորձելով ներգրավել նորանոր մարդկանց: Բայց մեր կանխատեսումները հետևյալն են. ինչքան շատ շարունակվեն այդ միջոցառումները, ինչքան շատ և ակտիվ փորձեն մարդկանց անընդհատ պահել թատերական հրապարակում, այնքան ավելի մեծ է լինելու այդ նույն մարդկանց հիասթափությունը: Այդ փորձը մենք անցյալից ունենք, սա լուրջ հոգեբանական գործոն է: Մարդիկ որոշակի ստրես են ապրում և հետո չեն ներում նրանց` ում մեղքով նրանք այդ ապրումներն ունեցել են: Սա ուղղակի փակուղի է, և այն, առաջին հերթին, ժամանակի մեջ վարկաբեկելու է նրանց, ովքեր այդ գործիքն այսօր փորձում են կիրառել:

Երկրորդ` հուսահատության պատճառով փորձել անել այն, ինչ արվել էր 1996 թ-ին` գրոհել պետական մարմինները: Միանգամից կազմակերպիչները հայտնվելու են օրենքից դուրս` այս կարգավիճակից բխող իր բոլոր հետևանքներով: Իրավապահ մարմիններն ունեն բավարար ուժ, բավարար հնարավորություն` սահմանադրական կարգը պահպանելու համար: Այստեղ որևէ կասկած որևէ մեկը չպետք է ունենա: Բայց դրանից հետո հարթակում կանգնածները երկար տարիներ անց են կացնելու բանտերում և բավարար ժամանակ են ունենալու` մտորելու և վերլուծության ենթարկելու անցած ճանապարհը և գործած սխալները: Իհարկե, սա ամենից անցանկալի տարբերակն է բոլորի համար և Հայաստանի Հանրապետության համար:

Երրորդ հնարավոր սցենարը հետևյալն է. շնորհակալություն է հայտնվում այդ զանգվածին` աջակցության համար, մարդկանց ուղարկում են տուն` պահպանելով այդ մարդկանց վրա ազդեցությունը: Պահպանելով նաև կոշտ ընդդիմություն լինելու կեցվածքը` պատրաստվում են հաջորդ ընտրություններին: Սա ևս սցենար է: Համարում եմ` ողջամիտ սցենար, հնարավոր սցենար: Բայց այս սցենարի համար պետք է սառնասիրտ գնահատվի իրավիճակը, սթափվեն և մտածեն, որ քաղաքական պայքարը հարյուր մետր վազելը չէ, այլ ավելի երկար և դժվար աշխատանք է պահանջում:

Եւ կա չորրորդ սցենար` ամենից մեղմը, դա հետևյալ է. մարդկանց ուղարկում են տուն, շնորհակալություն են հայտնում աջակցության համար, շնորհավորում են նորընտիր նախագահին, խնդրում են մեղմ վերաբերվել նրանց, ովքեր օրենքը խախտել են այս կամ այն պատճառներով, և գնում են իրենց հերթական աշխատանքին` գիտական: Երևի սա ամենից մեղմ, ամենից տրամաբանականը կլինի: Բայց, կրկնում եմ, այս չորս տարբերակն է, այլ հնարարվոր զարգացում ուղղակի չկա: Ընտրությունն արդեն իրենցն է: Ի դեպ, երևի նկատում եք` որևէ մեջբերում, որևէ որակավորում չեմ ուզում տալ, ուղղակի ուզում եմ վերլուծել իրավիճակը և տալ հնարավոր սցենարները: Ընտրությունն իրենցն է: Մենք պատրաստ ենք այս չորսից յուրաքանչյուր տարբերակին: Իհարկե, ամենաողջամիտ տարբերակները համարում ենք երրորդ և չորրորդ տարբերակները:

Հիմա, ի՞նչ տարբերակներ ունենք մենք: Առաջին` համբերատար սպասել, թե երբ է թատերական հրապարակի բեմադրությունը մարելու: և, ի դեպ, բոլորը, ովքեր փորձել են այդ մարտավարությամբ ինչ-որ բանի հասնել, բավական լուրջ ձախողում են ունեցել և չի կարելի վիճակը համեմատել 89-90-ական թվերի հետ, այն ժամանակ փլուզվող կայսրության հոգեվարքի երևույթներ էին: Անկախ Հայաստանում սա ուղղակի հնարավոր չէ և այն մարդիկ, ովքեր փորձել են գրոհել շենքեր, ավելի մեծ ձախողումներ են ունեցել: Ուրեմն մեկ տարբերակը` հնարավորություն տալ մարվելու:

Երկրորդ տարբերակը` ոստիկանական գործողություններ կիրառելով այդ հրապարակը մաքրելն է, և նաև ժողովրդին հնարավորություն տալ ավելի հանգիստ կյանքով ապրել: Ես կարծում եմ, որ սա այսօր մեծ աջակցություն կլինի առաջին հերթին այն մարդկանց, որոնք մոլորված և հոգեբանական ապրումների մեջ քնում են այդ հրապարակում, որովհետև, ուղղակի տարբեր հնարքներով նրանց այնտեղ պահում են: Այս երկու տարբերակն է: Տեսնում եք` մեր տարբերակներն ավելի քիչ են: Իհարկե, շատ ավելի ցանկալի տարբերակ է, որ ամեն ինչն իր հունով մարվի, և ուժ կիրառելու անհրաժեշտություն չլինի:

Ի դեպ, ե՞րբ են ասում ոստիկանությունն ուժ կիրառում է, թե ոչ: Ոստիկանությունն ուժը կիրառում է երբ դիմադրության է հանդիպում, եթե օրինական պահանջը չի կատարվում` միայն այդ դեպքում: և որևէ մեկի մոտ բռնությունների գնալու հատուկ ցանկություն, իհարկե, չկա: Մեր ժողովրդի մի հատվածն է այստեղ, և պետք է փորձենք հնարավորինս համոզելով, նաև քաղաքական գործընթացը տրամաբանական ձևով զարգանալու հնարավորություն տալով, այս իրավիճակն իր հանգուցալուծմանը հասցնենք` հանդարտ, հանգիստ ճանապարհով: Ի դեպ, հարթակի հռետորների կեցվածքը ձեր հոգեբանական ֆակուլտետի լաբորատոր դասերի համար շատ լավ օրինակ կարող է ծառայել: Մյուս կողմից էլ ասեմ, որ վատ չեն զվարճացնում ժողովրդին, կարծում եմ, բավական հետաքրքիր էր և ամենից հետաքրքիրը` կերակրում են, որովհետև ՀՀՇ-ն սովորաբար չէր կերակրում, միշտ հակառակն էր անում, հիմա սկսել է կերակրել: Գոնե այս ամենի մեջ ինչ որ դրական երևույթներ ևս կան»։