Ռետրո

Մարտի 1-ը շարունակելու է հետապնդել իշխանություններին. Wikileaks-ի գաղտնի փաստաթղթերի արխիվից

Այսօր լրանում է մարտի 1-ի ոճրագործության 15-րդ տարելիցը։ Այս կապակցությամբ Radar Armenia-ն ներկայացնում է Wikileaks-ի կողմից գաղտնազերծված դիվանագիտական փաստաթղթերի՝ մարտի 1-ին առնչվող մասերը։ ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնը 2008 թվականի ապրիլի 9-ին ԱՄՆ Պետդեպին ուղարկված զեկուցագրում պատմում է տեղի ունեցածի մասին։ Ամերիկացի պաշտոնյայի հեղինակած փաստաթղթերը վերականգնվել են՝ ըստ «Ազատություն» ռ/կ-ի։

Հարգանքի բացակայությո՞ւն

Հետմարտիմեկյան շրջանի ևս մեկ վիճահարույց խնդիր, որն առաջ է բերել ընդդիմադիրների և նրանց աջակիցների դժգոհությունը, իշխանությունների անզգայությունն է ութ զոհերի հիշատակը հարգելու հարցում:

Ընդդիմադիր շրջանակները նկատում են, որ նախագահ Քոչարյանը ներկա գտնվեց ոստիկանության սպանված կապիտանի հուղարկավորությանը, սակայն մյուս յոթ զոհերի դեպքում նույնը չի արվել: Ընդդիմադիր ճամբարի որոշ ներկայացուցիչներ պահանջում էին սգո օր հայտարարել, սակայն այդ պահանջն այդպես էլ իրականություն չդարձավ։

Մյուս կողմից՝ զոհերի հարազատները խուսափում են շփումներից։ Լուրեր կան, որ զոհերի հարազատների նկատմամբ ճնշումներ են գործադրում կամ կաշառում, որպեսզի նրանք «ակտիվություն չցուցաբերեն»:

Իրարամերժ լուրեր

Լիարժեք, հրապարակային տեղեկատվության բացակայությունը նպաստում է լուրերի տարածմանը, որոնց համաձայն զոհերի թիվը շատ ավելի մեծ է, իսկ կառավարությունը ցանկանում է թաքցնել փաստերը: Լայնորեն տարածված խոսակցություններից ևս մեկի համաձայն, կառավարությունը մարդկանց սպանությունները նախապես է ծրագրել` հետագայում արտակարգ դրություն մտցնելու, ընդդիմությանը ճնշելու, ընդդիմության առաջնորդներին` նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, վարկաբեկելու նպատակով։ Այն հանգամանքը, որ զոհվածների հարազատների մեծ մասը խուսափում է հրապարակել մահվան հանգամանքներին վերաբերող մանրամասները, էլ ավելի է արժևորում շրջանառվող այս լուրերը:

Լուրեր էին շրջանառվում նաև ծպտված դիպուկահարների մասին, որոնք սպանում էին ցուցարարներին, որպեսզի հետագայում իշխանությունները կարողանան արտակարգ դրություն մտցնել` այդ քայլը պատճառաբանելով հետագա զոհերը կանխելու ցանկությամբ»։

Որպես Հայաստանում պտտվող լուրերի հանդեպ վստահություն ներշնչող ևս մի գործոն է YouTube-ում հայտնված երկու վիճահարույց տեսանյութերը, որոնցից մեկում անվտանգության ուժերը կրակում են ենթադրյալ ցուցարարների ուղղությամբ, իսկ մյուսում` վրաերթի ենթարկում նրանց:

Բողոքի նոտա

Երևանի կենտրոնում տեղի ունեցած բախումներից մի քանի օր անց արդեն ԱՄՆ դեսպանությունը պաշտոնապես դիմել է հայաստանյան իշխանություններին` մանրամասն տեղեկություններ տրամադրելու խնդրանքով: Համապատասխան դիվանագիտական նոտան դեսպանությունն ուղարկել էր մարտի 5-ին: Պատասխանը, որ ստացվեց միայն մարտի 24-ին, իրենից ներկայացնում էր Գլխավոր դատախազության տրամադրած տեղեկատվությունը` թվագրված մարտի 10-ով: Հավելյալ տեղեկատվություն ստանալու խնդրանքին ի պատասխան Գլխավոր դատախազությունը պահանջել է դեսպանությունից ևս մեկ դիվանագիտական նոտա ուղարկել:

Զոհերի թիվը

Մարտի 1-ի երեկոյան նախագահ Քոչարյանի կողմից արտակարգ դրության ռեժիմի հայտարարելուց հետո, լրատվամիջոցներին հնարավորություն տրվեց միմիայն պաշտոնական տեղեկատվություն հաղորդել: Լրատվամիջոցների գործունեության վրա սահմանված այս արգելքի հետևանքով լուրերը սկսեցին շրջանառվել անգամ մինչև մարտի 2-ին բախումների ավարտը: Այդ լուրերի թվում էին, մասնավորաբար, զոհերի շատ ավելի մեծ թվի մասին շշուկները, որոնց համաձայն մարտի 1-2-ին զոհվածների թիվը տատանվում էր 20-ից 50-ի միջակայքում: Լուրեր կային նաև Ազատության հրապարակում մարտի 1-ի առավոտյան զոհված 12-ամյա աղջկա մասին, բայցևայնպես, ապրիլի 3-ին երեխայի հայրը հանդես եկա հրապարակային հայտարարությամբ` հերքելով իր դստեր սպանության մասին լուրերը։ Հաղորդագրությունը գրելու պահին չկա որևէ տեղեկություն, որի հիման վրա հնարավոր լինի պնդել, թե զոհերի թիվն ավելին է, քան պաշտոնապես հիշատակված ութը:

YouTube-ում հայտնված տեսագրություններից մեկում երևում է, թե ինչպես են անվտանգության ուժերը կրակում հորիզոնական ուղղությամբ։ Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այդ տեսանյութն անմիջապես կեղծված որակեց` փորձագիտական հետազոտության համար դիմելով ՄԱԿ-ի երևանյան գրասենյակ:

Խայտառակությունը հետապնդելու է իշխանություններին

Թերևս կարող ենք արձանագրել, որ մարտի 1-2 բախումների մասին լիարժեք ճշմարտությունը ոչ Հայաստանի հասարակությունը, և ոչ էլ միջազգային հանրությունը երբեք չեն իմանա: Չնայած իշխանությունների և ընդդիմության վարկածները իրարամերժ են, այդուհանդերձ դրանց բնույթը լուրջ մտահոգության տեղիք է տալիս` առկա ճգնաժամին իշխանությունների արձագանքի վերաբերյալ: Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ կառավարությունը հրապարակայնորեն հաշվետու չէ այն կոշտ և մահվան հանգեցրած միջոցների համար, որ ձեռնարկվել են: Քանի դեռ իշխանությունները անկախ ու թափանցիկ միջոցներով Հայաստանի քաղաքացիներին չեն բացատրել, թե ինչ տեղի ունեցավ մարտի 1-ի մութ ժամերին, այս իրադարձությունների խայտառակությունը շարունակելու է հետապնդել իշխանություններին` կասկածի տակ դնելով նրանց լեգիտիմությունը: