Ռետրո

Կառավարությունը պետք է զգույշ լինի չընկնելու ռազմարդյունաբերական համալիրի ազդեցության տակ. Դուայթ Էյզենհաուեր (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

1961թ. հունվարի 17-ին ԱՄՆ 34-րդ նախագահ Դուայթ Էյզենհաուերը հանդես եավ իր հրաժեշտի ելույթով։ Ելույթը միջազգային քաղաքականության մեջ առանձնացավ ոչ միայն հեռացող նախագահի հրաժեշտի ուղերձի փաստով, այլ նաև նախագահական բարձր մակարդակով հնչած նախազգուշացմամբ՝ կապված ԱՄՆ-ում ետպատերազմյան շրջանում ստեղծվող և արագորեն ամրապնդվող ռազմարդյունաբերական համալիրի հետ։ Radar Armenia-ն ներկայացնում է Էյզենհաուերի այդ ելույթի մի հատվածը։ Ելույթի հատկանշականությունը նաև այն էր, որ Էյզենհաուերը Երկրորդ աշխարհամարտի փայլուն գեներալներից էր, ամերիկյան քաղաքական դաշտում ընկալվում էր որպես հին զինվոր և ռազմաարդյունաբերական համալիրի հարցում նրա վերապահումը առնվազն արտառոց էր թվում։

«Խաղաղության երաշխավորման կենսական գործոնը մեր ռազմական կարողությունն է։ Մեր զենքը պետք է լինի զորեղ, պատրաստ ակնթարթային գործողության, որպեսզի որևէ պոտենցիալ ագրեսոր չգայթակղվի վտանգի ենթարկելու սեփական գոյությունը:

Մեր ռազմական կառույցն այսօր գրեթե ամբողջովին տարբեր է իմ նախորդներից որևէ մեկի, այդ թվում՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի կամ Կորեայի պատերազմի շրջանների կարողությունների հետ:

Մինչև վերջին համաշխարհային հակամարտությունը, Միացյալ Նահանգները չուներ սպառազինության արդյունաբերություն։ Ամերիկյան գութանի արտադրողները կարող էին ժամանակի ընթացքում և, ըստ պահանջարկի, պատրաստել նաև թրեր: Բայց այժմ մենք այլևս չենք կարող վտանգի ենթարկել մեր ազգային պաշտպանությունը և արտակարգ իրավիճակում հույս դնել իմպրովիզացիայի վրա։ Մենք ստիպված եղանք ստեղծել հսկայական չափերի սպառազինության մշտական արդյունաբերություն։ Ավելին՝ այժմ շուրջ 3.5 միլիոն մարդ ուղղակիորեն ներգրավված է պաշտպանական համակարգում: Ռազմական անվտանգության վրա մենք տարեկան ծախսում ենք ավելի շատ, քան Միացյալ Նահանգների բոլոր կորպորացիաների մաքուր եկամուտն է:

Խոշոր ռազմարդյունաբերական համակարգը նոր փորձառություն է Ամերիկայի համար։ Դրա ամբողջական ազդեցությունը տնտեսական, քաղաքական, անգամ հոգևոր բնագավառներում, այլևս զգալի է յուրաքանչյուր քաղաքում, յուրաքանչյուր տանը, կառավարության յուրաքանչյուր սենյակում: Մենք գիտակցում ենք այսպիսի զարգացման լրջագույն անհրաժեշտությունը: Այնուամենայնիվ, չպետք է աչքաթող անենք նաև դրա ծանր հետևանքները: 

Կառավարության խորհրդակցություններում մենք պետք է զգույշ լինենք չընկնելու ռազմարդյունաբերական համալիրի ազդեցության ներքո՝ կամա, թե ակամա։ Այդպիսի աղետալի ազդեցություն ձեռք բերելու ներուժն այլևս կա և շարունակելու է աճել։ 

Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ վտանգի ենթարկվեն մեր ազատությունները կամ ժողովրդավարությունը: Մենք չպետք է որևէ բան ընդունենք առանց քննելու, քանզի զգոն և բանիմաց քաղաքացին է, որ կարող է դիմակայել պաշտպանության հսկայական արդյունաբերական և ռազմական տեխնիկական համալիրի ազդեցությանը խաղաղ միջոցներով ու գերագույն նպատակով, որ անվտանգությունն ու ազատությունը միասին բարգավաճեն։

Այս է իմ վերջին բարի գիշերը ձեզ՝ որպես ձեր Նախագահ։ Շնորհակալ եմ բազմաթիվ հնարավորությունների համար, որոնք ընձեռել եք ինձ իմ հանրային ծառայության համար պատերազմի և խաղաղության ժամանակներում: Համոզված եմ, որ այդ ծառայության մեջ դուք արժանի բաներ կգտնեք, իսկ մնացած հարցերում՝ կբարձրացնեք եղածի արդյունավետությունը»։