25 տարի առաջ այս օրը ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց։ Այդ կապակցությամբ Radar Armenia-ն ներկայացնում է նրա հրաժարականի տեքստը։
Սիրելի' հայրենակիցներ,
Իշխանության ձեզ հայտնի մարմինների կողմից ինձ ներկայացվել է հրաժարականի պահանջ: Նկատի ունենալով, որ ստեղծված իրավիճակում Նախագահի սահմանադրական լիազորությունների կիրառումը հղի է երկրի ապակայունացման լուրջ վտանգով, ես ընդունում եմ այդ պահանջը և հայտարարում իմ հրաժարականը:
Զերծ եմ մնում որևէ մեկնաբանությունից կամ գնահատականից՝ իրադրությունը չսրելու նպատակով: Միայն հարկ եմ համարում նշել, որ իշխանության ճգնաժամում Արցախի հարցի արծարծումն ընդամենը պատրվակ էր: Խնդիրը շատ ավելի խորն է և կապված պետականության հիմնադրույթների, խաղաղության ու պատերազմի այլընտրանքի հետ: Իսկ կյանքը ցույց կտա, թե ով ինչ է արել Արցախի համար, և ով է իրականում ծախում այն:
Արտառոց ոչինչ տեղի չի ունեցել. պարզապես Հայաստանում խաղաղության և արժանապատիվ հաշտության կուսակցությունը պարտություն է կրել: Բարդույթների մեջ չպետք է ընկնել. խաղաղության կուսակցությունը պարտություն է կրել մեզնից շատ ավելի զարգացած հասարակություններում, ինչպես, օրինակ, Իսրայելում: Բայց և Իսրայելում, և Հայաստանում դա անցողիկ է, ընդամենը ժամանակավոր նահանջ: Միևնույն է, վաղ թե ուշ խաղաղությունը հարթելու է իր ճանապարհը:
Կոչ եմ անում ձեզ ցուցաբերել զսպվածություն, պահպանել երկրի անդորրը և անցկացնել նոր Նախագահի օրինական, քաղաքակիրթ ընտրություններ: Դա կլինի ութ տարվա ընթացքում ձեզ հետ միասին մեր ստեղծած պետության հասունության վկայությունը և արտաքին վարկի պահպանման գրավականը: Նոր Նախագահին մաղթում եմ ամենայն հաջողություն ի շահ և ի բարօրություն մեր ժողովրդի: Հայտնում եմ ձեզ իմ խորին շնորհակալությունը անցած տարիներին իմ նկատմամբ ցուցաբերած վստահության և աջակցության համար:
Շնորհակալություն եմ հայտնում նաև իմ բոլոր զինակիցներին, ովքեր մշտապես անվերապահորեն եղան և մնում են իմ կողքին: Եթե ընդունել եմ հրաժարականի որոշում, հավատացեք, դա նշանակում է, որ այլընտրանքը մեր պետության համար համարել եմ ավելի վտանգավոր: Եթե արել եմ ինչ-որ լավ բան, չեմ ակնկալում որևէ երախտագիտություն, չարածիս ու սխալներիս համար հայցում եմ ձեր ներողամտությունը:
Բարին ընդ ձեզ: