Շաբաթ, 10 Դեկտեմբերի 2022

USD395.53

EUR409.62

RUB5.98

Երևան 2 ℃

Рус Eng

«Հայաստանը մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի»․ Վանո Սիրադեղյանն այսօր կդառնար 76 տարեկան

Ռետրո

13 Նոյեմբերի, 13:35

Նոյեմբերի 13-ին «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, գրող, հրապարակախոս ու պետական գործիչ Վանո Սիրադեղյանը կդառնար 76 տարեկան: Radar Armenia-ն իր ընթերցողին է ներկայացնում «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» պատմվածքից մի հատված։ 

«Մեծ արագությունների երկիր չէ Հայաստանը: Արագությունը փոքրացնում է երկիրը: Հանդարտ ընթացքի դեպքում Հայաստանը մեծ հայրենիք է: Հայաստանը ինքը հանդարտ ընթացք է թելադրում: Որքան գետնի երեսը, տասն այդքան գետնի տակ է Հայաստանը, և տողերս գրելու հուլիսի այս օրերին հնագետ ընկերոջս հետ Արարատյան դաշտի ղռերում երեք հազար տարվա դամբարան պեղելիս ժամանակը ինձ պատկերանում է ուղղահայաց ընթացքով: Ինձ համար մարդկության քաղաքակրթությունը ծլում է երկրի ընդերքից և ճառագում տիեզերք… Գուցեև սպառվելու միտումով:

Հայաստանը իր խորությամբ է երկիր: Հայաստանը մանրամասն սիրելու հայրենիք է և այդպես մանրամասն սիրելու դեպքում մեկ չէ՝ տասը կյանք էլ չես սպառի: Միայն թե շտապելու հարկ չկա: Առավել ևս համեմատելու կարիք չկա: Քարտեզը երկրի ու հայրենիքի մասին գաղափար չի տալիս, մասշտաբայնությունը հանգստություն չի բերում բնակչի հոգուն, որովհետև մեծը դեռ համարժեք չէ, նաև մեծից մեծը միշտ կա»:

***

Վանո Սիրադեղյանը Հայաստանի Երրորդ Հանրապետության հիմնադիրներից է, «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, Հայոց համազգային շարժման (ՀՀՇ) հիմնադիր և ղեկավար անդամ: Եղել է Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր, ՀՀ ՆԳ նախարար, Երևանի քաղաքապետ, ԱԺ պատգամավոր: Հեղինակել է «Կիրակի», «Ծանր լույս» «Շատ չհամարվի», «Ձեռքդ ետ տար ցավի վրայից» «Երկիր ցպահանջ» ժողովածուները: Վանո Սիրադեղյանի մահվան մասին ընտանիքը հայտնել է 2021թ. հոկտեմբերի 15-ին:  

«Ծանր լույս» պատմվածքում նա գրում է. «Գիտե՞ս ինչն է էս աշխարհի տունը քանդում՝ իրենից հետո բան թողնելու մահկանացուի մեծամիտ ջանքը։ Այնինչ աշխարհը նրա թողածի կարիքը չունի։ Համենայն դեպս, բան թողնելու ճիգ չի պահանջում որևէ մեկից այս հպարտ ու ժուժկալ աշխարհը։ Միայն թե՝ եղածը մնա։ Դու ցանքսդ արա, հունձդ հնձի, քեզանից հետո երեխա թող՝ անպիղծ արյունով, մերձավորիդ սիրել չես կարող՝ վնաս մի տուր, մի բան էլ նույնիսկ առ ու հետդ տար ու համեստորեն համոզված եղիր, որ առանց քեզ էլ այս հին աշխարհը իր լավ ու վատից գլուխ կհանի»։

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան