Ռետրո

Արկածախնդիրների ուղին տանելու է դեպի անխուսափելի պարտություն. «Պատերազմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը»

1997թ. նոյեմբերի 1-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրապարակեց «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը, որը հետագա տարիներին բազմիցս վերատպվեց։ Այս հոդվածը թերևս եզակի է իր բնույթով՝ որպես քաղաքական ռեալիզմի հանգամանալից արտադրանք, հայկական քաղաքական ռեալիզմի բարձրակետ։ Այն շուրջ երկու տասնամյակ եղել է արդիական՝ իր հնչեցրած խնդիրների, դրանց մեկնաբանության, բանավեճի հրահրման տեսանկյունից։ Դժբախտաբար, 2020թ. 44-օրյա պատերազմից հետո հոդվածը հանդես է գալիս որպես եղելությունների կանխատեսման չարագուշակ մի նմուշ, որտեղ արծարծված բոլոր մտահոգությունները, ապագայի կորուստների մասին անհանգստությունները հերթով իրականություն դարձան։ Հաստատապես, հեղինակը մեծ բավականություն կապրեր այժմ, եթե 25-ամյա վաղեմության հոդվածում նշված որևէ կանխատեսում իրականություն դարձած չլիներ։ Radar Armenia-ն իր ընթերցողին է ներկայացնում հոդվածն ամբողջությամբ։

Սեպտեմբերի 26-ի իմ մամլո ասուլիսը, ավելի ճիշտ՝ ասուլիսի Ղարաբաղին նվիրված հատվածը մամուլում եւ ընդդիմության կազմակերպած հավաքներում բուռն կրքերի բորբոքման առիթ տվեց։ Ինձ համար դա անակնկալ չէր, եւ ինչ-որ չափով ես նույնիսկ ավելի խիստ հակազդեցություն էի սպասում։

Անակնկալը բանավեճի որակն էր, իսկ պարզ ասած՝ բանավեճի իսպառ բացակայությունը։ Խոստովանում եմ, ես չհասա իմ նպատակին, այն է՝ մամուլում եւ հրապարակային ժողովներում լուրջ բանավեճ ծավալել հայ ժողովրդի առջեւ ծառացած ամենակնճռոտ խնդրի՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հնարավոր ուղիների շուրջ։

Ընդդիմության արձագանքը դուրս չեկավ հայհոյանքի, վերագրումների, պիտակավորումների ու խեղաթյուրումների շրջանակից։ Չարվեց ոչ մի բանական առաջարկ, չներկայացվեց ոչ մի այլընտրանքային ծրագիր, չբերվեց ոչ մի հիմնավոր հակափաստարկ։ Սրանից կարելի է անել երկու հետեւություն. կա՛մ ընդդիմությունը չունի ղարաբաղյան կարգավորման որեւէ ծրագիր, կա՛մ եթե ունի, բայց թաքցնում է, այնքան էլ ազգանպաստ գործով չի զբաղված. ավելի խիստ որակումից ես զերծ եմ մնում։
Ի՞նչ հասկացավ ժողովուրդն ընդդիմության հանած աղմուկից. Որ Արցախի համար մենք արյուն ենք թափել, որ գրավված տարածքները վերադարձնելով վտանգվում է Արցախի գոյությունը, որ հանուն Արցախի հայ ժողովուրդը նորից պատրաստ է արյուն թափելու, որ մենք թքած ունենք համաշխարհային կարծիքի վրա, որ մենք ծնկի կբերենք ե՛ւ Ադրբեջանը, ե՛ւ միջազգային հանրությունը, որ մենք «ազգովի կդառնանք ֆիդայի»։ Իսկ հետո՞։ Ոչ ոք չփորձեց պատասխանել հետեւյալ պարզ հարցերին.

- այս ամենն անելուց հետո մենք կհասնե՞նք մեր բաղձալի նպատակին, թե ոչ. - երբ մենք թքենք աշխարհի երեսին, նա մեզ ինչո՞վ կպատասխանի. - թափվելու է Կինոյի տանը հավաքված 500 հոգու, թե՞ մեր ժողովրդի անմեղ արյունը։

Առնվազն վերջին հարցին կարելի է միանշանակ պատասխան տալ. հինգհարյուրի գլխից մի մազ անգամ չի պակասի, անկախ այն բանից, թե նրանք այսօր ինչպիսի զոհողությունների գնալու պատրաստակամություն են հայտնում։ Երբ Արցախը վտանգի մեջ էր, երբ հակառակորդն ընդհուպ մոտեցել էր Գանձասարին, նրանցից ոչ ոք չարձագանքեց Վազգեն Սարգսյանի կոչին ու չմիացավ մահապարտների գնդին։ Ուրիշի արյան գնով փառք որոնողներից ու հերոս ձեւացողներից մեր ժողովուրդը պետք է որ կուշտ լինի։

Ընդդիմության շփոթը, բացի քաղաքական նկատառումներից, գուցեեւ մասամբ բացատրվում է անտեղյակությամբ, որ բնական է, քանի որ Ղարաբաղում եւ Հայաստանում հակամարտության կարգավորման գործընթացին փորձագիտական մակարդակով տիրապետում են ընդամենը վեց հոգի՝ Արկադի Ղուկասյանը, Ռոբերտ Քոչարյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Վարդան Օսկանյանը, Ժիրայր Լիպարիտյանը եւ ես։

Բանավեճի առարկան

Ինչեւէ, բանավեճ չստացվեց, բայց դա ոչ ինձ, ոչ էլ մեր հասարակությանը չպետք է հիասթափեցնի։ Միեւնույն է, ազգի ճակատագիրը տնօրինելու հավակնող ցանկացած քաղաքական գործիչ կամ մտավորական վաղ թե ուշ ստիպված է լինելու հրաժարվել հայհոյախոսությունից (խոսքս հոգեկան հիվանդների մասին չէ) եւ ժողովրդի առջեւ հանդես գալ կոնկրետ հաշվարկված ծրագրով։Չսպասելով դրան, ես այսօր էլ պատրաստ եմ լրջորեն քննարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ցանկացած բանական առաջարկ, համաձայն եմ ցանկացած մակարդակի հրապարակային բանավեճի։

Սակայն բանավեճը կարող է առարկայական լինել միայն նախապես կողմնորոշվելով մի քանի ելակետային դրույթների շուրջ, այն է.

- Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի պատերազմի, թե՞ խաղաղ բանակցությունների միջոցով.

- հնարավո՞ր է, արդյոք, հավերժորեն կամ թեկուզ երկար ժամանակով պահպանել ստատուս-քվոն եւ Ղարաբաղի խնդրի չկարգավորված վիճակը.

- Ղարաբաղին եւ Հայաստանին ձեռնտու է հարցի կարգավորված, թե՞ չկարգավորված վիճակը.

- հարցը պետք է լուծվի փոխզիջումով, թե՞ կողմերից մեկի պարտությամբ, եւ այդ դեպքում ո՞վ է լինելու պարտվող կողմը։

Այս դրույթների շուրջ ես հստակ կերպով արտահայտվել եմ բազմիցս եւ այսօր էլ պնդում եմ, որ՝

- պատերազմը պետք է բացառվի, ուստիեւ Ղարաբաղի հարցը պետք է լուծվի միայնումիայն խաղաղ բանակցությունների միջոցով.

- ստատուս-քվոն երկար ժամանակով պահպանել հնարավոր չէ, որովհետեւ դա թույլ չեն տա ո՛չ միջազգային հանրությունը, ո՛չ էլ Հայաստանի տնտեսական կարողությունները.

- Ղարաբաղին եւ Հայաստանին ձեռնտու չէ հարցի չկարգավորված վիճակը, որովհետեւ դա զգալիորեն խոչընդոտում է Հայաստանի, հետեւաբար նաեւ Ղարաբաղի տնտեսական զարգացմանը, բարդություններ ստեղծում միջազգային հանրության եւ մանավանդ հարեւան երկրների հետ հարաբերություններում, որոնք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ.

- Ղարաբաղի հարցի լուծման միակ տարբերակը փոխզիջումն է, որը նշանակում է ոչ թե մի կողմի հաղթանակ եւ մյուսի պարտություն, այլ հակամարտության հագեցման վիճակում ձեռք բերված հնարավոր համաձայնություն։Թող չփորձեն ժողովրդին մոլորեցնել, ասելով, թե փոխզիջումն այլընտրանք ունի. փոխզիջման այլընտրանքը պատերազմն է։

Փոխզիջման մերժումը եւ մաքսիմալիզմը (առավելագույնը եւ ոչ թե հնարավորը ձեռք բերելու ձգտումը) Ղարաբաղի իսպառ կործանման եւ Հայաստանի վիճակի վատթարացման ամենակարճ ճանապարհն է։

Խոսքը չի վերաբերում Ղարաբաղը տալուն կամ չտալուն։ Խոսքը վերաբերում է Ղարաբաղը հայկական պահելուն. 3000 տարի այն բնակեցված է եղել հայերով եւ 3000 տարի հետո էլ պետք է բնակեցված լինի հայերով։

Իմ ընտրած ուղին ապահովելու է այդ հեռանկարը եւ հնարավորություններ պահպանելու հասնել մեր բաղձալի նպատակին։ Արկածախնդիրների ուղին տանելու է դեպի անխուսափելի պարտություն։ Մենք մի անգամ արդեն, «Ստամբուլը արյան ծով դարձնելով», կորցրել ենք Արեւմտահայաստանը, իսկ մի այլ անգամ՝ պահանջելով Սեւրի դաշնագրով գծված տարածքները, կորցրել ենք Արեւելահայաստանի կեսը։

Փոխզիջման էությունից բացի կարեւոր է նաեւ փոխզիջման պահը։ Ակնհայտ է, որ փոխզիջման դեպքում հասանելի առավելագույնը ձեռքբերելու հնարավորություն ունի ուժեղ կողմը։ Հայաստանն ու Ղարաբաղն այսօր ուժեղ են քան երբեւէ, բայց հակամարտության չկարգավորման դեպքում մեկ-երկու տարի հետո անհամեմատ թուլանալու են։ Այն, ինչ մերժում ենք այսօր, ապագայում խնդրելու, բայց չենք ստանալու, ինչպես բազմիցս եղել է մեր պատմության մեջ։

Պետք է իրատես լինել եւ հասկանալ, որ միջազգային հանրությունը երկար չի հանդուրժելու Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը, քանի որ այն սպառնում է տարածաշրջանային համագործակցությանն ու անվտանգությանը, ինչպես նաեւ Արեւմուտքի նավթային շահերին։ Վաղ թե ուշ կողմերին պարտադրվելու է կարգավորման մի փոխզիջումային ծրագիր, որը լինելու է ոչ թե հարցի իրավական, այլ քաղաքական լուծում, թեեւ աշխարհի ուժեղները դա հրամցնելու են որպես միջազգային իրավունքի օրինակելի դրսեւորում։ Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Ղարաբաղն ու Հայաստանը փոխզիջումից խուսափել չեն կարողանալու, ինչպես չկարողացան խուսափել բոսնիական եւ արաբա-իսրայելյան հակամարտության կողմերը։Փոխզիջումը, սակայն, միայն պարտադրանք չպետք է դիտել. Ընդհակառակը, հակամարտող կողմերն իրենք դեռ պետք է հսկայական ջանքեր գործադրեն նրա շուտափույթ կայացման համար, որովհետեւ այլընտրանքն, ինչպես ասվեց, պատերազմն է ու ժողովուրդների նորանոր տառապանքները։

Փոխզիջումն ընտրություն չէ լավի ու վատի միջեւ, այլ վատի ու վատթարի միջեւ, այսինքն՝ փոխզիջումն ընդամենը վատթարից խուսափելու միջոց է, որից հակամարտող կողմերը հարկադրաբար օգտվում են, երբ հասել են վատթարի գիտակցմանը եւ ի վիճակի են դրսեւորել քաղաքական կամք ու անհրաժեշտ խիզախություն։

Փոխզիջման դիմելիս կողմերը սովորաբար առաջնորդվում են մի քանի նկատառումներով, այն է. ազատվել իրենց բնականոն կենսագործունեությունն ու զարգացումն արգելակող եւ լուրջ վտանգներով հղի հակամարտությունից. սառեցնել խնդիրը, հետաձգել այն՝ ժամանակ շահելու, ուժեր կուտակելու եւ ավելի բարենպաստ հանգամանքներում հօգուտ իրենց լուծելու նպատակով. խուսափել անկանխատեսելի բարդություններից՝ հույս փայփայելով, որ հետագայում ժողովուրդների հարաբերություններում նոր մտածողության արմատավորման եւ արժեքների վերագնահատման հետեւանքով խնդիրը կարող է կորցնել իր սրությունը, եւ սահմաններն, օրինակ, չունենան այն նշանակությունը, որ ունեն ներկայումս։ Այդ մտածողությունն ու արժեքների վերագնահատումն այսօր տիրապետող են Եւրոպայում, վաղը կարող են տիրապետող դառնալ նաեւ Մերձավոր Արեւելքում, որի մասնավոր վկայությունն է, թերեւս, արաբա-իսրայելյան խաղաղության գործընթացը։

Փոխզիջումն ինչ-որ չափով բավարարելու է հակամարտության բոլոր կողմերին, բայց միաժամանակ ամբողջովին չի գոհացնելու ոչ մեկին։ Նախագահ Ալիեւը դա ներկայացնելու է որպես Ադրբեջանի հաղթանակը, ես փորձելու եմ ներկայացնել որպես Հայաստանի հաղթանակը։ Ադրբեջանական ընդդիմությունը համարելու է, որ Ալիեւը դավաճանեց ու ծախեց Ղարաբաղը։ Հայաստանի ընդդիմությունը համարելու է, որ ես դավաճանեցի ու ծախեցի Ղարաբաղը։
Նման դեպքերում չպետք է բացառել, իհարկե, Ռաբին – Պերեսի սինդրոմի ազդեցությունը։ Բայց չի կարելի անտեսել նաեւ Նաթանյահուի սինդրոմը, որը անզիջող դիրքերից գալով իշխանության գլուխ, կարճ ժամանակ անց, թեեւ դժկամությամբ, ստիպված եղավ շարունակել Ռաբինի ու Պերեսի սկսած խաղաղության գործընթացը։

Որոշ թյուրիմացություններ

Ընդդիմության հետասուլիսյան քարոզարշավում շրջանառության մեջ են դրվել որոշ թյուրիմացություններ, որոնցից մի քանիսին հարկ եմ համարում թռուցիկ կերպով անդրադառնալ։

Առաջին թյուրիմացությունը, եթե կուզեք՝ վտանգավոր մոլորությունն այն է, թե Ղարաբաղի հակառակորդը Ադրբեջանն է, որին կարելի է հեշտությամբ ծնկի բերել։ Իրականում, սակայն, Ղարաբաղի հակառակորդը միջազգային հանրությունն է, որին մենք, փաստորեն, ձեռնոց ենք նետել։ Չհասկանալ այս պարզ իրողությունը, կնշանակի մեր ժողովրդին մատնել դաժան փորձությունների։

Երկրորդ թյուրիմացությունը այն անհիմն պնդումն է, թե Ղարաբաղը շահել է պատերազմը, հետեւաբար կարիք չունի որեւէ զիջման գնալու։ Դժբախտաբար, Ղարաբաղը շահել է ոչ թե պատերազմը, այլ ճակատամարտը։ Պատերազմը շահում են միայն այն ժամանակ, երբ հակառակորդը կապիտուլյացիայի է ենթարկվում։ Պատերազմի ու ճակատամարտի շփոթությունը շատ շատերին է փորձանքի բերել։

Երրորդ թյուրիմացություն. մինչեւ հիմա մեզ ամեն ինչ հաջողվել է, ուստի այսուհետեւ եւս կհաջողվի։ Այսինքն՝ մինչեւ հիմա մենք կարողացել ենք հաղթել Ադրբեջանին, այսուհետեւ էլ կհաղթենք, մինչեւ հիմա մենք դիմացել ենք արտաքին ճնշումներին, այսուհետեւ էլ կդիմանանք եւ այլն։ Սա թերեւս թյուրիմացություններից ամենավտանգավորն է, որովհետեւ ապագա հաջողությունների գրավականը դիտում է ոչ թե ուժերի ապագա հարաբերակցությունը, այլ անցյալի հաջողությունները։ Այսպես մտածողները լուրջ պրոբլեմ ունեն տրամաբանության տարրական օրենքների հետ։ Եթե ապագա հաղթանակները պայմանավորված լինեին անցյալի հաջողություններով, ապա մեկ անգամ հաղթողն այլեւս երբեք չէր պարտվի, այսինքն Հռոմեական կայսրությունը երբեւէ չէր կործանվի։

Հաջորդ թյուրիմացությունը կամ ավելի ճիշտ՝ անհեթեթությունն այն է, թե Հայաստանի Նախագահը ծախում է Ղարաբաղը իր իշխանությունը պահելու համար։ Դժվար է հավատալ, որ անգամ խելակորույսի մտքով կանցներ, թե Ղարաբաղը ծախելով, որեւէ մեկը Հայաստանում կարող է իշխանություն պահել։Ի դեպ, իշխանությունը պահելու մարմաջի մասին. ի՞նչը պիտի ինձ ստիպեր ամեն գնով պահպանել իշխանությունը. բարի՞քը, փա՞ռքը, թե հերոսականացումը։

Նախագահության օրոք ոչ մի բարիք կամ սեփականություն չեմ ստացել (կարող եք ստուգել) եւ չեմ էլ ուզում ստանալ։

Անձնական փառքի կամ հերոսականացման ձգտելու պարագայում ես պարզապես չէի մասնակցի 1996թ. ընտրություններին, սերունդների աչքում մնալով որպես անկախություն նվաճած, ղարաբաղյան հերոսամարտը շահած, հայկական տարածքներն ընդարձակած Նախագահ, անկախ այն բանից, թե որքան արդարացի է այդ ամենի ինձ վերագրումը։ Ինչ փույթ, թե դրանից հետո ինչ կպատահեր եւ ում վրա կընկներ վիճակի վատթարացման պատասխանատվությունը։ Միեւնույն է, իմ վարկանիշը դրանից չէր տուժի, այլեւ ընդհակառակը, թերեւս ավելի շահեր։ Կրկնում եմ, անձնական տեսակետից ինձ համար ամենալավ լուծումը թերեւս այդ էր, բայց դա կլիներ ոչ այլ ինչ, եթե ոչ փոքրոգի դասալքություն, որին, դժբախտաբար թե բարեբախտաբար, սովոր չեմ։ Ես վերընտրվել եմ իմ առջեւ կանգնած դժվարությունների եւ դրանց հաղթահարման գործում կրելիք պատասխանատվության սառը գիտակցությամբ, որի համար ամենեւին չեմ զղջում։

Մի՞թե ես չգիտեմ հերոս ձեւանալու, ազգային բոլոր իղձերի իրականացնողը ներկայանալու, ժողովրդին ամեն գնով դուր գալու էժան հնարքները։ Մի՞թե ես չէի կարող գիշեր-ցերեկ հայհոյել թուրքերին, ՄԱԿ-ի առջեւ բարձրացնել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը, չեղյալ հայտարարել Կարսի պայմանագիրը, Թուրքիայից պահանջել Սեւրի դաշնագրով գծված սահմանները, վերջնագիր ներկայացնել Ադրբեջանին, ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը, հայտարարել, որ ոչ մի թիզ հող չենք զիջի եւ այլն։

Այդ բոլոր հնարքները ես վարպետորեն կարող էի օգտագործել, համենայն դեպս ոչ ավելի վատ, քան Կինոյի տանը հավաքվածներից որեւէ մեկը. ինչ է, կրթությո՞ւնս չի ներում, խե՞լքս չի կտրում։ Ես հեշտությամբ կարող էի քաջի ու մեծ հայրենասերի համբավ ձեռք բերել, դառնալ ազգի կուռքը, Հայաստանի ու Սփյուռքի միասնության խորհրդանիշը։Ի՞նչն է, ուրեմն, խանգարում անել այդ ամենը՝ քաջության պակա՞սը, աշխարհաքաղաքացիական (կոսմոպոլիտ) մտածողությո՞ւնը, ապազգային էությո՞ւնը, թե սխալ դաստիարակությո՞ւնը։ Խանգարում է ընդամենը պարզ քաղաքական հաշվարկը եւ մեր ժողովրդին փորձանքներից հեռու պահելու գիտակցությունը։ Այլ կերպ վարվելու դեպքում աղետներն ու արհավիրքներն անխուսափելի կլինեին, եւ այսօր ոչ միայն կորցրած կլինեինք Ղարաբաղը, այլեւ վտանգված կլիներ Հայաստանի գոյությունը։ Լուսաբանությունների համար հեռու չգնալով, հիշենք մեր հարեւանների բախտը. Մեր աչքի առջեւ Գամսախուրդիան եւ Էլչիբեյը որդեգրեցին հերոսանալու քաղաքականությունը, դարձան ազգային կուռքեր, բայց անհամար աղետներ բերին իրենց ժողովուրդների գլխին։

Առասպելներ եւ հանելուկներ

Հայաստանի քաղաքական մտքի եւ հասարակական կարծիքի անդաստաններում դեգերում են նաեւ որոշ կայունացած պնդումներ, որոնք արդեն վերաբերում են առասպելի ու հանելուկի բնագավառին.

Առասպել առաջին. Հայաստանն իբր ճնշումներ է բանեցնում Լեռնային Ղարաբաղի իշխանությունների վրա։

Այս պնդման առթիվ ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ. Հայաստանը միայն մեկ անգամ է ճնշում բանեցրել Ղարաբաղի վրա՝ 1993 թվականին նրան համոզելով մասնակցել Մինսկի խմբի բանակցություններին, եւ այդ մասնակցությունը իրեն լիովին արդարացրել է։

Ոչ այսօր, ոչ վաղը Հայաստանը մտադիր չէ ճնշում գործադրել Լեռնային Ղարաբաղի վրա։ Ղարաբաղի անունից որոշումներ է ընդունում միայն նրա ղեկավարությունը՝ բնականաբար կրելով դրա պատասխանատվությունը ոչ միայն Ղարաբաղի բնակչության, այլեւ ողջ հայ ժողովրդի առջեւ։ Դա չի նշանակում, անշուշտ, որ Հայաստանը հրաժարվում է խորհրդակցել Ղարաբաղի իշխանությունների հետ եւ նրանց համոզել այն հարցերում, որոնք ճիշտ եւ նպատակահարմար է համարում։ Բայց միեւնույն է, վերջնական որոշումը մնում է Ղարաբաղի իշխանություններին։

Առասպել երկրորդ. Եթե Հայաստանը խիստ կեցվածք ընդունի Թուրքիայի նկատմամբ, նրա առջեւ դնի Ցեղասպանության ճանաչման, Կարսի պայմանագիրը չեղյալ հայտարարելու, հայկական հողերը վերադարձնելու հարցերը, ապա Թուրքիան եւ Ադրբեջանը ավելի զիջող կդառնան Ղարաբաղի հարցում։

Իմ խորին համոզմամբ, որը ես կարող եմ ապացուցել նաեւ կոնկրետ քաղաքական հաշվարկներով, այդպիսի կեցվածքը ոչ միայն որեւէ օգուտ չի բերի Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը, այլեւ նոր բարդություններ կառաջացնի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերություններում, որոնք ավելի եւս կծանրացնեն Հայաստանի ու Ղարաբաղի դրությունը։ Անզեն աչքով իսկ կարելի է նկատել, որ ընդհակառակը, Ադրբեջանի եւ Թուրքիայի համար դա լրացուցիչ կռվան կհանդիսանար ապացուցելու Հայաստանի ծավալապաշտական նկրտումները եւ նրա դեմ լարելու միջազգային հանրության առանց այդ էլ աննպաստ կարծիքը։

Առասպել երրորդ. Եթե Հայաստանը ճիշտ օգտագործեր Սփյուռքի լոբբիստական կարողությունները, ապա սփյուռքահայ համայնքները թույլ չէին տա իրենց կառավարություններին ոտնահարել Լեռնային Ղարաբաղի իրավունքները։

Այս առասպելը մեկնաբանելուց առաջ նախ պետք է ճշտել, որ լոբբիստական կարողություններ ունի միայն ամերիկահայ գաղութը, մյուս երկրներում լոբբիստական ավանդույթներ, հետեւաբար նաեւ կազմակերպված լոբբիստական խմբեր գոյություն չունեն։

Չթերագնահատելով, անշուշտ, ամերիկահայ համայնքի լոբբիստական աշխատանքը Հայաստանին լուրջ մարդասիրական օգնություն ցուցաբերելու եւ ամերիկյան կոնգրեսում Ղարաբաղի նկատմամբ դրական կարծիք ձեւավորելու հարցերում, դրա հետ մեկտեղ չպետք է մոռանալ, սակայն, որ լոբբիզմը սահման ունի. նրա ազդեցությունը վերջանում է այնտեղ, որտեղ բախվում է ԱՄՆ-ի ազգային շահերին։ Դա վերաբերում է ոչ միայն հայկական, այլեւ բոլոր մյուս լոբբիստական կազմակերպություններին, այդ թվում նաեւ հրեականին, որը թեեւ ամենահզորն է, բայց ամենեւին ոչ ամենակարող։

Առասպել չորրորդ. Ռուսաստանի ներկայիս կոսմոպոլիտ իշխանությունները չեն հասկանում իրենց երկրի ստրատեգիական շահերը (այս հարցում մեղավոր է նաեւ Հայաստանը, որը չի կարողանում դա նրանց բացատրել)։ Բայց շուտով Ռուսաստանում իշխանության կգան իսկական ազգայնական ուժեր, որոնք Հայաստանը դարձնելով Կովկասի Իսրայել, Ղարաբաղի հարցը մեր օգտին կլուծեն։Կասկածելի ու հարցական են, եթե չասենք անհեթեթ, այս առասպելի անխտիր բոլոր դրույթները.

- արդյոք իսկապե՞ս կոսմոպոլիտ են Ռուսաստանի ներկա իշխանությունները.

- իրո՞ք նրանք չեն հասկանում իրենց երկրի ստրատեգիական շահերը.

- Հայաստա՞նն է, որ դա պետք է հասկացնի նրանց.

- Ռուսաստանին դաս տվողները, արդյոք, իրենց ծիծաղելի վիճակի մեջ չե՞ն դնում ՝ վարկաբեկելով հայի կերպարը.

- իսկապե՞ս Ռուսաստանում իշխանության են գալու ազգայնական ուժերը.

- նրանք արդեն խոստացե՞լ են Ղարաբաղը նվիրել Հայաստանին կամ ճանաչել նրա անկախությունը, այդ խոստումը եղել է բանավոր, թե՞ գրավոր.

- եւ վերջապես, ինքնախաբեությամբ Ռուսաստանի կամ որեւէ այլ տերության խաղալիքը դառնալու մոլագարությունը դեռեւս որքա՞ն ժամանակ պետք է լինի հայի կենսակերպը։

Մի՞թե մեծ խելք է պետք հասկանալու համար, որ ինչպիսի իշխանություն էլ լինի Ռուսաստանում, միեւնույն է՝ նա չի կարող ճանաչել Ղարաբաղի անկախությունը, որովհետեւ իր կազմում ունի քսան Ղարաբաղ։

Առասպել հինգերորդ. Ադրբեջանը շատ ակտիվ գործելով միջազգային ատյաններում եւ զանգվածային լրատվամիջոցներում, փաստորեն շահել է քարոզչական պատերազմը (որը հաճախ շփոթվում է դիվանագիտական հաղթանակի հետ)։

Միակ առասպելն է, թերեւս, որ ամենեւին հիմքից զուրկ չէ. Հայաստանի եւ Ղարաբաղի համեմատ Ադրբեջանն իսկապես մեծ աղմուկ է բարձրացնում միջազգային ատյաններում ու լրատվամիջոցներում։ Պատճառը, սակայն, պարզից էլ պարզ է ու միանգամայն բնական։ Էլ ի՞նչ էր մնում անելու Ադրբեջանին. նա տանուլ է տվել ռազմական առճակատումը, լիովին կորցրել է վերահսկողությունը Ղարաբաղի վրա, զրկվել է զգալի տարածքներից, ընկել շուրջ հինգ հարյուր հազար փախստականների ծանր ճնշման տակ։ Ադրբեջանի Նախագահն ու արտգործնախարարը ի՞նչ պատասխան պետք է տային իրենց ժողովրդին, եթե ոչ գիշեր-ցերեկ աղմուկ բարձրացնելով ձեւացնել, թե խիզախորեն պայքարում են՝ Ղարաբաղն ու կորցրած տարածքները ետ նվաճելու համար։

Եթե անգամ ճիշտ է այն պնդումը, թե մենք իբր տանուլ ենք տվել քարոզչական պատերազմը, ապա պետք է գնահատել. ո՞րն էր ավելի նախընտրելի՝ պահել Ղարաբաղը եւ կորցնել քարոզչական պատերազմը, թե՞ կորցնել Ղարաբաղը եւ փայլուն հաղթանակ տանել քարոզչության ասպարեզում։ Պատմության մեջ մենք քարոզչական ու բարոյական այնքան հաղթանակներ ենք տարել, որ գուցե մեր քիմքին դա է պատշաճում։ Սա չի նշանակում, անշուշտ, որ մենք պետք է անտեսենք քարոզչական գործունեությունը եւ միջոցներ չձեռնարկենք չեզոքացնելու համար ադրբեջանական քարոզչության ազդեցությունը։

Սահմանափակելով առասպելների թվարկումը, այժմ թեթեւակի անդրադառնանք նաեւ մի քանի հանելուկների՝ նրանց լուծումը թողնելով, սակայն, բացառիկ հնարամտության տիրապետող մարդկանց։

Հանելուկ առաջին. Կարելի է հասնել Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչմանը եւ միաժամանակ խուսափել պատերազմից (Վազգեն Մանուկյանի նախընտրական ծրագրից)։

Ի՞նչ է սա. հանճարի մտքի փայլատակո՞ւմ՝ անմատչելի խեղճ մահկանացուներիս, թե՞ ուղեղի ժամանակավոր մթագնում, որը ամեն մարդու հետ կարող է պատահել։ Կամ գուցե Նախագահ Ալիեւը հանելուկի հեղինակի ականջին ինչ-որ բան է փսփսացել, որ մենք չգիտենք։ Համենայն դեպս, հայ քաղաքական մտքին մի այնպիսի կնճռոտ առեղծված է մատուցվել, որից անգամ Էյնշտեյնը դժվար թե գլուխ հաներ։

Հանելուկ երկրորդ. Հնարավոր է անտեսել միջազգային հանրությանը եւ շարունակել օգնություններ ստանալ նրանից։

Գործի բերումով միջազգային հանրության պատասխանատուների հետ ամենաշատը ես եմ շփվում, բայց երբեւէ նրանցից այդպիսի հավաստիացում չեմ ստացել։ Ընդհակառակը, ամեն քայլափոխում մենք տեսնում ենք օգնությունների նրբորեն քողարկված պայմանավորումը քաղաքական հանգամանքներով։ Գուցե այստեղ էլ մենք ենք մեղավոր, որ չենք կարողանում միջազգային հանրությանը բացատրել իր ստրատեգիական շահերը։ Հիրավի, մենք մոռանում ենք համաշխարհային ազգ լինելու, հետեւաբար ամբողջ աշխարհին դաս տալու մեր պատմական առաքելությունը։

Հանելուկ երրորդ. Մենք՝ ընդդիմադիրներս, ղարաբաղյան հակամարտության կարգավորման ծրագիր չունենք, բայց քանի որ Հայաստանի ներկա ապազգային իշխանություններն ի վիճակի չեն լուծելու այդ հարցը, ապա իշխանությունը տվեք մեզ, եւ մենք կլուծենք՝ ձեռի հետ էլ վերականգնելով Հայաստանի արդյունաբերությունը, հինգ-տաս անգամ բարձրացնելով աշխատավարձը, երկիրը ողողելով արտասահմանյան ներդրումներով։

Չգիտեմ իսկ, արժե, թե չարժե մեկնաբանել այս հանելուկը. համենայն դեպս, չեմ կարող չնշել, որ քաղաքականության մեջ ազնիվ խոսքն ամենեւին էլ լավագույն փաստարկը չէ, եւ երբեւէ ժողովուրդը հավատալով որեւէ մեկի ազնիվ խոսքին՝ նրան իշխանություն չի տվել, մանավանդ, երբ այդ խոսքը, հանելուկ պարունակելուց բացի, մոտենում է նաեւ հրաշապատում հեքիաթի ժանրին։

Փաթեթային, թե՞ փուլային լուծում

Ընդդիմադիր մամուլի կողմից ջանք չի խնայվում հասարակությանը տպավորելու համար, թե իբր Լեռնային Ղարաբաղը պաշտպանում է կարգավորման փաթեթային տարբերակը, իսկ Հայաստանը՝ փուլայինը, որը հղի է լուրջ վտանգներով։ Ես թերեւս չանդրադառնայի այս հարցին, եթե ի զարմանս ինձ, նման հայտարարություններ չանեին նաեւ Ղարաբաղի ներկայացուցիչները։

Սեպտեմբերի 26-ի մամլո ասուլիսին ուշադիր հետեւողները պետք է նկատած լինեին, որ թե՛ փաթեթային, թե՛ փուլային լուծումները ես համարել եմ «իրական (ռեալ) տարբերակներ»։ Նշել եմ նաեւ, որ Հայաստանը լուրջ վերապահումներով ընդունել է համանախագահների ներկայացրած առաջին ծրագիրը, որը ոչ այլ ինչ էր, եթե ոչ կարգավորման փաթեթային տարբերակ։ Եւ միայն այն բանից հետո, երբ Ադրբեջանը եւ Լեռնային Ղարաբաղը գրավոր կերպով կտրականապես մերժել են այդ տարբերակը, համանախագահներն ստիպված են եղել կողմերին առաջարկել փուլային լուծում։Ասուլիսում իմ կողմից մասնավորապես ասված է. «Ըստ էության ի՞նչ տեղի ունեցավ։ Միջնորդներն էլ, մենք բոլորս էլ համոզվեցինք, որ այսօր Ղարաբաղը եւ Ադրբեջանը պատրաստ չեն քննարկել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, որովհետեւ նրանցից յուրաքանչյուրն ունի այդ կարգավիճակի մասին իր սեփական պատկերացումը, որը կտրուկ հակադրվում է հակառակորդի տեսակետին։ Այս հարցում բոլորը համոզվեցին։ Ես կարծում եմ, ընտրվեց միակ իրատեսական մոտեցումը։ Եթե լուծման նման տարբերակը չի ընդունվում, այսինքն իրագործելի չէ, այսօր պետք է փորձ կատարել իրագործել լուծման «փուլ առ փուլ» տարբերակը» («Հայաստանի Հանրապետություն», 27 սեպտեմբերի, 1997թ.)։

Մերժելով նախ փաթեթային, ապա՝ փուլային լուծումները եւ այսօր առաջարկելով կրկին վերադառնալ փաթեթային տարբերակին, ղարաբաղյան կողմն անհարմար դրության մեջ է դրել թե՛ Ղարաբաղը, թե՛ Հայաստանը։ Այնուամենայնիվ, վիճակը ես ողբերգական կամ փակուղային չեմ համարում, քանի որ հնարավոր է այդ երկու տարբերակները հեշտությամբ համատեղել։ Գաղափարը շատ պարզ է. բանակցությունների արդյունքում ստորագրվում է կարգավորման փուլային տարբերակը, բայց այն կիրառվում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հստակեցումից հետո։ Դրանով Ղարաբաղը միջազգային հանրությանն ապացուցում է իր կառուցողականությունը, ցույց է տալիս, որ ոչ մի մտադրություն չունի պահպանել գրավված տարածքները, իսկ մյուս կողմից՝ լուրջ առաջխաղացում է արձանագրվում կարգավորման գործընթացում, եւ վերսկսվում են շուրջ մեկ տարի ընդհատված բանակցությունները։

Գլխավորն այսօր ընդհատված բանակցությունների վերսկսումն է, որի համար անհրաժեշտ է կարճ ժամանակում վերջիվերջո հակամարտող կողմերի միջեւ համաձայնեցնել բանակցությունների հիմք հանդիսացող փաստաթղթի նախագիծը։ Եթե դա տեղի չունենա մինչեւ ԵԱՀԿ նախարարների խորհրդի առաջիկա նիստը, որը կայանալու է այս տարվա դեկտեմբերին Կոպենհագենում, ապա մեզ լուրջ բարդություններ կարող են սպասել։

Դավադրությունը բացառվում է

Ընդդիմության կողմից փորձ է արվում ստեղծել նաեւ այն տպավորությունը, թե համանախագահների կողմից Ղարաբաղի դեմ դավադրություն է կազմակերպվում, որին ապաշնորհության պատճառով կամ դավաճանական դիտավորությամբ մասնակցում է նաեւ Լեւոն Տեր-Պետրոսյանը։ Նման տպավորության ստեղծման նպատակով մասնավորապես շահարկվում է բանակցությունների գաղտնիության հանգամանքը, թեեւ այդ մտավախությանը, կարծում եմ, ես սպառիչ կերպով անդրադարձել եմ ՀՀՇ 9-րդ համագումարի իմ ելույթում։ Ստիպված եմ կրկնել ելույթի համապատասխան հատվածը.

«Գաղտնին անպայման դավադրություն չի նշանակում։ Սա պարզապես միջազգային դիվանագիտական պրակտիկա է՝ հեշտացնելու համար բանակցությունների գործ ընթացը, այն հեռու պահելով ավելորդ աղմուկից ու պրոպագանդիստական շահարկումներից։ Բավական է հիշեցնել, որ արաբա-իսրայելյան կարգավորման ներկա գործընթացին նախորդել են տարիներ տեւած գաղտնի բանակցություններ։

Հասկանալի է, որ գաղտնի է ընթանալու միայն բանակցությունների փուլը, իսկ համաձայնությունների կայացումից հետո, բայց վերջնական պայմանագրերի ստորագրումից առաջ, կարգավորման ծրագիրը, բնականաբար, ներկայացվելու է ինչպես մեր, այնպես էլ Արցախի եւ Ադրբեջանի ժողովուրդների դատին…

Մի բանում ձեզ կարող եմ լիովին վստահեցնել. Հայաստանը երբեւէ չի ստորագրի որեւէ փաստաթուղթ, որ ի տակ չի լինի նաեւ Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը» («Հայաստանի Հանրապետություն», 15 հուլիսի, 1997թ.)։

Թվում է, թե քիչ թե շատ տրամաբանող եւ տարրական մտավոր կարողություններ ունեցող մարդկանց համար ասված է ամեն ինչ։ Բայց աճպարարության սովոր եւ ժողովրդին մոլորության մեջ գցելու տենդով տառապող մարդկանց համար ի ՜նչ փույթ հաշվի նստել տրամաբանության կամ ընդհանրապես բանականության հետ, երբ կարելի է ընդդիմախոսի խոսքերն աղավաղելու եւ երեւակայական վերագրումներ կա տարելու միջոցով քողածածկել սեփական մերկությունը՝ հույս դնելով ստորագույն մարդկային բնազդների վրա։Դավադրությունն, ըստ էության, բացառվում է ոչ թե ենթակայական (սուբյեկտիվ) հանգամանքներով, այսինքն ոչ թե այն պատճառով, թե Լեւոն Տեր-Պետրոսյանը կամ այլ ոմն այդպես է կամենում կամ պատկերացնում, այլ զուտ իրավական առումով։ Այսինքն՝ գործելու է Ղարաբաղի հարցի կարգավորման վերահսկման հստակ իրավական մեխանիզմ, որն ընդգրկելու է հետեւյալ հաջորդական հանգրվանները.

ա) ինչպես վերը նշվեց, համաձայնությունների կայացումից հետո, բայց վերջնական պայմանագրերի ստորագրումից առաջ կարգավորման ծրագիրը ներկայացվելու է շահագրգիռ ժողովուրդների դատին.

բ) կարգավորման ցանկացած ծրագրի կամ պայմանագրի տակ լինելու է Լեռնային Ղարաբաղի ստորագրությունը.

գ) ստորագրումից հետո կարգավորման ծրագիրը կամ պայմանագիրը պետք է վավերացվի հակամարտող կողմերի խորհրդարանների կողմից։

Ինչպես տեսնում ենք, ե՛ւ ժողովուրդը, ե՛ւ ընդդիմությունը հնարավորություն է ունենալու լիակատար կերպով վերահսկել կարգավորման գործընթացը եւ ազդել նրա արդյունքների վրա։ Ես միայն ուրախ կլինեմ, եթե հրապարակային քննարկումների եւ խորհրդարանական բանավեճերի ընթացքում ընդդիմությունը հանդես գա այլընտրանքային առաջարկներով ու ծրագրերով, որոնք մեզ հնարավորություն կտան կայացնել ճիշտ որոշումներ, քանի որ Լեռնային Ղարաբաղի հարցում մենք սխալվելու իրավունք չունենք։

Ինքնախաբեությամբ չզբաղվենք եւ զուր պատրանքներ չփայփայենք՝ Ղարաբաղի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք։ Ոչ ոք մեր փոխարեն չի լուծելու առկա կնճիռը։ Մենք ենք լուծելու, եւ լուծելու ենք մեր ուժերի ներածի չափով։ Մեր միակ դաշնակիցը արկածախնդրության մերժումն է։

Ես նպատակ չեմ հետապնդում ողբերգականացնել իրավիճակը եւ ամենեւին տագնապ չեմ հնչեցնում, քանի որ վստահ եմ մեր ժողովրդի ողջամտությանը։

 

«Հայաստանի Հանրապետություն», 1 նոյեմբերի, 1997 թ.։

ՀՀԱՆԱ, 28/01.11.97։ Բնագիր։ Ինքնագիր։

 

Լուսանկարի հեղինակ՝ Ռուբեն Բանուչյան