Շաբաթ, 10 Դեկտեմբերի 2022

USD395.50

EUR409.81

RUB5.99

Երևան 2 ℃

Рус Eng

Արքայադավը երբեք արքա չի դառնա. իսկ առայժմ, կեցցե՛ հերթական հեղաշրջումը

Ռետրո

24 Սեպտեմբերի, 20:28

Radar Armenia-ն ներկայացնում է հրապարակախոս Տիգրան Հայրապետյանի՝ 1999թ. ապրիլին հեղինակած «Շոուն պետք է շարունակվի կամ հերթական հեղաշրջմանն ընդառաջ» հոդվածը։ Այն անդրադառնում է տվյալ շրջանի քաղաքական իրադարձություններին՝ ալեգորիաներով մեկնաբանելով դրանք ու գնահատելով դրանց պատմա-քաղաքական էությունը։

Արքայադավությունը ծանր մեղք է, ենթակա՝ թե՛ երկրային և թե՛ երկնային պատժի: Դավի հոգեբանական վերլուծության բոլոր ժամանակների փորձը վկայում է, որ մեկ անգամ արդեն այդ բարոյական արգելքը հաղթահարած մարդը գերի է դառնում ռեցեդիվի կամ կրկնահանցագործության ենթագիտակցական պահանջին: Պատահական չէ, որ հին ու միջնադարյան Արևելքում նույնիսկ արդարացված արքայադավությանը մասնակցած մարդկանց ինքնասպանություն էին պարտադրում: Դա է եղել և մնում դավերի արատավոր, իսկ վերջին հաշվով՝ նաև արյունոտ շղթան ընդհատելու միակ ճանապարհը: Եթե հաշվի առնենք քաղաքակրթական ինքնաբարոյազրկման ներկա մակարդակը, ապա անշուշտ ինքնասպանության պարտադրանքը կարելի է փոխարինել գոնե պաշտոնաթողության պահանջով, անգամ այնպիսի երանելի բարձունքից, ինչպիսին տիրունական գահն է: Ինչպես որ կուրտիզանուհին հրաշալի կին և մայր դառնալով հանդերձ երբեք չի պսակվի առաքինության լուսապսակով, այնպես էլ արքայադավը երբեք Արքա չի դառնա:

Խենթ գերմանացին բավական համոզիչ բացատրություն է տվել խոնարհ համակերպվածությամբ ինքնաքավությունը ժխտող կուրտիզանուհու և արքայադավության մեջ ինքնարդարացում գտած մարդու արյունռուշտության ակունքների վերաբերյալ: Այո՛, շրջապատի՝ մերձավորների և օտարների, իսկ ավելի ուշ՝ պարզապես զանգվածային արյունաթողությունը կրկնահանցագործության առարկայական ուղեկիցն է: Կարելի է իհարկե ձևացնել, թե չենք նկատում գործընթացի հախուռն սկիզբը: Իսկ ավելի ճիշտ հենց այդպես էլ անում ենք՝ ձևացնում ենք: Սակայն զգուշացե՛ք, մեծարգո տիկնայք և պարոնայք՝ սառը ցինիզմով, չարախինդ ոգևորությամբ և կամ բութ անտարբերությամբ սպարապետին կառափնարան ուղեկցելով՝ բացում եք սեփական ինքնաոչնչացման ճամփան: Այս խմորումը սպառնում է առատ արյուն տանել, Հայրենիք, պետականություն, անցյալի հիշատակ ու ապագայի երազ տանել: Մի գլխանի գազանը բազմագլուխ գազանով փոխարինելով՝ Փրկության չեն հասնում, այլ խարանի ամրագրմանը: Աշխարհը չգիտի այնպիսի արհեստավարժություն, առավել ևս արհեստավարժությամբ քողարկվող խեղկատակություն, որը հավակներ ժխտելու Հայտնության խորհուրդը: Իսկ ցանկացած պրոֆեսիոնալիզմ ընդամենը իմաստությունն է և շնորհը՝ հետևել Միածնի Օրենքին: Եթե անգամ ողջ երկիրը բանտախուց ու կառափնարան դարձնեք, եթե անգամ ոգեկոչեք գարշահոտ սփռող ձեր բոլոր ուսմունքները, եթե անգամ պատռված կոկորդներով լուտանք թափեք՝ երկինքը կպայթի ու հողը կգոռա, որ արքայադավը երբեք Արքա չի դառնա: Ուրարտական այս աքսորավայրը, որ անհեթեթ հպարտությամբ դեռ Հայաստան եք կոչում, նույնիսկ նա ձեզ դուրս կթքի, քանզի հողը անօրեններ չի հանդուրժում: Եվ մի տարվեք ինքնախաբեությամբ, թե Կեսարներին կամ Իվաններին հավասար առաքելություն եք կատարում՝ ընդամենը դավում եք:

Մի՞թե չեք տեսնում, որ ահել ու ջահելով, կենսախինդ ավանդականներով ու մեռյալ այլախոհներով իրար գլուխ հավաքված, միևնույն է, ոչ միայն ասելիք, այև անելիք չունեք: Եվ ի՞նչ կապ ունի դատարկության աշտարակաշինությունը պետականության կերտման հետ: Իրականում, պատմությունը հաղթահարելու համար պետք է, որ որևէ մեկը, երբևիցե, սիրի այս երկիրն ու ժողովուրդը ավելի, քան ինքն իրեն: Չգնա՛ գրոհի, չզոհվի՛ վասն Հայրենյաց, պարզապես հրաժարվի իշխանության գայթակղությունից, կամավոր: Իսկ առայժմ, կեցցե՛ հերթական հեղաշրջումը, հազար ափսոս մոլորյալ սպարապետին, ողջույն արխադաշ Ալուն, հաղթանակ գործին Իլյիչի: Եվ չեմ զլանա կրկնել. միայն թե հետո չկանչեք, թե «ո՞ւր էիր Աստված»:

Արման Գալոյան

Հարսները պատրաստ են նստել, իսկ Սաղաթելյանը՝ վազել

Արման Գալոյան

Ականատես կլինե՞նք նոր տեսարանների. ընդդիմությունը գլխահակ վերադառնում է խորհրդարան