Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը (ԽՍՀՄ) գոյություն է ունեցել մոտ յոթանասուն տարի՝ 1922-1991թթ։ Այն հիմնադրվել է Բոլշևիկյան հեղափոխության բովում, անցել ստալինյան բռնաճնշումներով ու զանգվածային սպանություններով, համաշխարհային պատերազմով, խրուշչովյան վերակառուցմամբ, բրեժնևյան լճացմամբ ու փլուզվել գորբաչովյան վերակառուցմամբ։ Այդ համատեքստում Radar Armenia-ն ներկայացնում է Խորհրդային Միության բոլոր ղեկավարներին՝ Լենինից մինչև Գորբաչով։
Վլադիմիր Իլյիչ Ուլյանով (մականունը՝ Լենին) - 22.04.1870 - 21.01.1924թթ.։
Ռուս հայտնի հեղափոխական, քաղաքական գործիչ, քաղաքական տեսաբան։ 1917-1924թթ. եղել է Խորհրդային Ռուսաստանի, իսկ 1922-1924թթ.՝ Խորհրդային Միության կառավարության ղեկավարը։ Նրա իշխանության օրոք Ռուսաստանը, իսկ ապա ողջ Խորհրդային Միությունը, վերածվում է միակուսակցական կոմունիստական երկրի՝ Ռուսաստանի Կոմունիստական կուսակցության իշխանությամբ։
Լենինը ծնվել է Սիմբիրսկում՝ միջին խավի ընտանիքում, եղբոր մահապատժից հետո տարվել է սոցիալ-հեղափոխական գաղափարներով։ Հեռացվել է Կազանի Կայսերական համալսարանից՝ Ռուսական կայսրության և ցարի դեմ ցույցերին մասնակցելու համար, հետագա տարիներին ստացել իրավաբանի մասնագիտացում։ 1893թ. տեղափոխվել է Սանկտ Պետերբուրգ՝ դառնալով Մարքսիստական շարժման առաջնորդներից մեկը։ 1897թ. ձերբակալվել է խռովություններ հրահրելու համար և ուղարկվել Շուշենսկոյե բանտ՝ երեք տարով, որտեղ էլ ամուսնացել է Նադեժդա Կռուպսկայայի հետ։ Ազատ արձակվելուց հետո տեղափոխվել է Արևմտյան Եվրոպա, որտեղ դարձել է մարքսիստական ուղղվածությամբ Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության (ՌՍԴԲԿ) տեսաբանը։ 1903թ. առաջնային դեր է ունենում ՌՍԴԲԿ-ի գաղափարական պառակտման մեջ, որտեղ ղեկավարում է Բոլշևիկյան թևը՝ Յուլի Մարտովի (Լ․ Մարտով) դեմ, որը ներկայացնում էր մենշևիկներին։
Ոգևորվելով 1905թ. ռուսական հեղափոխությունից՝ նա մասնակցում է Առաջին Համաշխարհային պատերազմին այն հետագայում համաեվրոպական աշխատավորական հեղափոխության վերածելու նպատակով, ինչը, ըստ Լենինի, պետք է հանգեցներ կապիտալիզմի տապալմանը և դրա փոխարեն սոցիալիզմի հաստատմանը։ 1917թ. Փետրվարյան հեղափոխությունից, Նիկոլայ 2-րդ ցարին գահընկեց անելուց և Ժամանակավոր կառավարության՝ իշխանության գալուց հետո, Լենինը վերադառնում է Ռուսաստան՝ ղեկավարում 1917թ. Հոկտեմբերյան հեղաշրջումը, որի արդյունքում բոլշևիկները հաստատում են նոր վարչակարգ և միակուսակցական դիկտատուրա։
Իոսիֆ Վիսարիոնովիչ Ստալին (ի ծնե՝ Իոսեբ Բեսարիոնիս ձե Ջուղաշվիլի) - 18.12.1878-05.03.1953թթ.։
Բոլշևիկ հեղափոխական, այնուհետև՝ խորհրդային կուսակցական, քաղաքական և զինվորական գործիչ, Կոմունիստական կուսակցության առաջնորդ, ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար։
1920-ական թվականներին դարձել է Ռուսաստանի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության, նաև ամբողջ Խորհրդային Միության առաջնորդ։ Իր ձեռքում կենտրոնացրել է երկրի կառավարման բոլոր լծակները։ Հաշվեհարդար է տեսել բոլոր քաղաքական հակառակորդների նկատմամբ։
Նրա կառավարման տարիներին քաղաքական բռնաճնշումները դարձել են զանգվածային։ Պետանվտանգությունը հետևում էր քաղաքացիների պահվածքին ու գործերին. քաղաքացուն անարգել կարող էին ձերբակալել և ճամբարներ ուղարկել անհիմն մեղադրանքներով։ Ծայրահեղ բռնի միջոցներով Ստալինը իրականացրել է ԽՍՀՄ ինդուստրացումն ու կոլեկտիվացումը։ Նրա անունով է կոչվել Ստալինգրադ (ներկայումս՝ Վոլգոգրադ) քաղաքը։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ԽՍՀՄ ԶՈՒ գերագույն գլխավոր հրամանատարը։ Ակտիվ մասնակցել է հակահիտլերյան կոալիցիայի ստեղծմանը, նպաստել է նացիստական Գերմանիայի նկատմամբ հաղթանակին։ Ստալինը կրում էր «Գեներալիսիմուս» կոչումը։ Հետպատերազմյան տարիներին Ստալինի նախաձեռնությամբ կրկին սկիզբ են առել բռնությունները։ Մահացել է 1953թ. մարտի 5-ին՝ 74 տարեկան հասակում կասկածելի հանգամանքներում։
Նիկիտա Սերգեևիչ Խրուշչով - 03.04.1894 - 11.09.1971թթ.։
Խորհրդային պետական գործիչ, ԽՄԿԿ ԿԿ առաջին քարտուղար 1953-1964թթ., ԽՍՀՄ մինիստրների խորհրդի նախագահ 1958-1964թթ., Խորհրդային Միության հերոս, Սոցիալիստական աշխատանքի եռակի հերոս։
1930-ական թթ. սկսած զբաղեցրել է բարձր պաշտոններ։ Եղել է Ուկրաինայի կոմկուսի առաջին քարտուղար։ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին եղել է տարբեր ռազմաճակատների ռազմական խորհրդի անդամ։ 1953թ.՝ Իոսիֆ Ստալինի մահից հետո, հաղթել է իշխանության համար մղվող պայքարում։
Իշխանության գալուց հետո հանդես է եկել ստալինյան բռնությունների քննադատությանբ, չնայած որ ինքն էլ ժամանակին հատուկ դաժանությամբ էր աչքի ընկել հակակոմունիստական ուժերի ու անհատների դեմ պայքարելիս։ Խրուշչովի իշխանավարության տարիներին բռնությունների ծավալն անհամեմատ նվազել է, մեծ քանակությամբ բռնադատվածների ներում է շնորհվել, բազմաթիվ կալանավորներ ու աքսորյալներ ազատ են արձակվել և նույնիսկ տեղի են ունեցել դատավարություններ բռնություններն իրականացնողների նկատմամբ։
Միևնույն ժամանակ «Խրուշչովյան ձնհալի» տարիներին մեղմացան խորհրդային գաղափարախոսական գրախոսության պահանջները, որոշ թույլտվություններ ու մարդիկ որոշ ազատություններ ստացան, փոքր-ինչ ավելացավ մասնավոր տնտեսություն ունենալու իրավունքը, տեղաշարժվելու հնարավորությունները։ Իշխանությունից հեռացվել է 1964թ.՝ հեղաշրջման արդյունքում։
Լեոնիդ Իլյիչ Բրեժնև - 19.12.1906 - 10.11.1982թթ.։
Ծնվել է Ռուսական կայսրության Եկատերինոսլավի նահանգի Կամենսկոե քաղաքում։ 1941-1945 թվականներին ծառայել է խորհրդային բանակում, եղել է Հարավային ռազմաճակատի քաղվարչության պետի տեղակալ, 18-րդ բանակի քաղվարչության պետ, Չորրորդ Ուկրաինական ռազմաճակատի քաղվարչության պետ։ 1943թ. Բրեժնևին շնորհվել է գեներալ-մայորի կոչում։ Նա մասնակցել է մարտական գործողությունների Կովկասում, Ղրիմում, Ուկրաինայում, ինչպես նաև Չեխոսլովակիայի, Լեհաստանի, Հունգարիայի գրավման համար մղված մարտերին։ 1953թ. մարտից մինչև 1954թ. փետրվարը եղել է խորհրդային բանակի և ռազմածովային նավատորմի գլխավոր քաղվարչության պետի տեղակալ, 1954թ. փետրվարից՝ Ղազախստանի կոմկուսի ԿԿ-ի երկրորդ, 1955թ. օգոստոսից՝ առաջին քարտուղար։
ԽՄԿԿ XX համագումարում Բրեժնևն ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ անդամ, նախագահության անդամության թեկնածու և ԽՄԿԿ ԿԿ քարտուղար, 1957թ. հունիսից՝ ԽՄԿԿ ԿԿ նախագահության անդամ։ ԽՍՀՄ Գերագույն սովետի V գումարման V նստաշրջանում (1960թ. մայիս) ընտրվել է ԽՍՀՄ Գերագույն սովետի նախագահության նախագահ, 1963թ. հունիսից՝ ԽՄԿԿ ԿԿ քարտուղար։ 1964թ. հոկտեմբերին Բրեժնևն ընտրվել է ԽՄԿԿ ԿԿ-ի առաջին քարտուղար՝ փոխարինելով Նիկիտա Խրուշչովին։ Բրեժնևի կառավարման տարիները բնութագրվում էին քաղաքական հարաբերական կայունությամբ, ինչպես նաև կոռուպցիայով, անարդյունավետությամբ, տնտեսական լճացմամբ։
Յուրի Վլադիմիրովիչ Անդրոպով - 02.06.1914 - 09.02.1984թթ.։
Խորհրդային քաղաքական գործիչ, ԽՍՀՄ ղեկավար 1982-1984 թվականներին (ԽՄԿԿ կենտկոմի գլխավոր քարտուղար)։
Եղել է ԽՄԿԿ անդամ 1939թ.-ից։ 1937–1951թթ. կոմերիտական և կուսակցական ղեկավար աշխատանք է վարել Յարոսլավլում և Կարելիայում։ 1951թ. աշխատել է ԽՄԿԿ Կենտկոմի ապարատում։ 1953-1957թթ. ԽՍՀՄ-ի դեսպանն էր Հունգարիայում, 1957թ.՝ ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ, 1961թ.՝ ԽՄԿԿ Կենտկոմի անդամ, 1962–1967թթ. եղել է ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար, 1973թ.՝ ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ (թեկնածու 1967թ.), 1967թ.՝ ԽՍՀՄ Մինիստրների խորհրդին կից Պետական անվտանգության կոմիտեի նախագահ։ Մահացել է 1984թ. փետրվարի 9-ին, Մոսկվայում։
Կոնստանտին Ուստինովիչ Չեռնենկո - 24.09.1911 - 10.03.1985թթ.։
Խորհրդային քաղաքական գործիչ, Խորհրդային Միության Կոմունիստական կուսակցության հինգերորդ գլխավոր քարտուղար (1984-1985)։ Չեռնենկոն ծնվել է 1911թ. սեպտեմբերի 24-ին, Կրասնոյարսկի երկրամասի Սովոսյոլովոյի շրջանի Բոլշայա Տես գյուղում, ազգությունը ռուս։ ՍՄԿԿ անդամ է 1931թ.-ից։
1956թ. Չեռնենկոն աշխատանքի է առաջ քաշվում ՍՄԿԿ Կենտկոմի ապարատում, որտեղ գլխավորել է պրոպագանդայի բաժնի սեկտորը և միաժամանակ հաստատվել է որպես «Ագիտատոր» հանդեսի խմբագրական կոլեգիայի անդամ։ 1960թ. նա աշխատել է որպես ՍՍՀՄ Գերագույն սովետի նախագահության քարտուղարության պետ։ 1965թ. Չեռնենկոն հաստատվում է որպես ՍՄԿԿ Կենտկոմի ընդհանուր բաժնի վարիչ։ 1966-1971թթ. նա ՍՄԿԿ Կենտկոմի անդամության թեկնածու էր։ Կուսակցության XXIV համագումարում (1971թ. մարտ) ընտրվում է ՍՄԿԿ Կենտրոնական կոմիտեի անդամ, իսկ 1976թ. մարտին կուսակցության XXV համագումարից հետո կայացած ՍՄԿԿ Կենտկոմի պլենումում՝ ՍՄԿԿ Կենտկոմի քարտուղար։ Երկրի ղեկավարի կարգավիճակում պաշտոնավարել է ընդամենը մեկ տարի։
Միխայիլ Սերգեևիչ Գորբաչով - 02.03.1933 - 30.08.2022թթ.։
Խորհրդային և ռուսական քաղաքական և հասարակական գործիչ։ ԽՄԿԿ գլխավոր քարտուղար (1985-1991թթ.) և ԽՍՀՄ ղեկավար։ ԽՍՀՄ առաջին և վերջին նախագահ (1990թ. մարտի 15 - 1991թ. դեկտեմբերի 25)։ 1990թ. խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
1966-1968թթ.՝ ԽՄԿԿ Ստավրոպոլի քաղկոմի առաջին քարտուղար, 1968-1978թթ.՝ Ստավրոպոլի երկրկոմի առաջին քարտուղար, 1975-1985թթ.՝ ԽՄԿԿ ԿԿ քարտուղար (Քաղբյուրոյի անդամ՝ 1985-1990թթ.), 1988-1990թթ.՝ ԽՍՀՄ ԳԽ նախագահության նախագահ։ ԽՍՀՄ փլուզումից հետո հիմնադրել է (1991թ.) Սոցիալ-տնտեսական և քաղաքագիտական հետազոտությունների միջազգային հիմնադրամ («Գորբաչով-ֆոնդ»), որի նախագահն էր։
ԽՍՀՄ ղեկավարությունը Գորբաչովի գլխավորությամբ 1980-ականթթ. կեսերին, ձգտելով «նորոգել» խորհրդային ամբողջատիրական համակարգը, այն դուրս բերել քաղաքական և տնտեսական ճգնաժամից, որդեգրել է «Վերակառուցման» քաղաքականությունը։ Սկզբնական շրջանում որոշակի առաջընթաց է գրանցվել հրապարակայնության հաստատման, հասարակական կյանքի ժողովրդավարացման, քաղաքական բազմակարծության արմատավորման, «Սառը պատերազմի» ավարտի և այլ ուղղություններով։ Սակայն այդ միջոցառումներով հնարավոր չեղավ կասեցնել երկրի տնտեսական և քաղաքական ճգնաժամը։ 1991թ. օգոստոսի 19-ի ԳԿՉՊ-ի պուտչի ձախողումից հետո Գորբաչովը վերադառնում է իշխանության գլուխ, սակայն դեկտեմբերին արդեն ստիպված է լինում հրաժարական տալ ԽՍՀՄ առաջին ու վերջին նախագահի պաշտոնից՝ հայտարարելով ԽՍՀՄ լուծարման մասին։