Ռետրո

Անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ. Սերժ Սարգսյանը՝ UWC-ի բացմանը 2014թ.

Radar Armenia-ն ներկայացնում է Սերժ Սարգսյանի ելույթը 2014թ. հոկտեմբերի 11-ին Դիլիջանի միջազգային դպրոցի բացման արարողության ժամանակ։

Սիրելի՛ բարեկամներ, հյուրեր,

Այսօր բոլորիս համար տոնական և ուրախալի օր է: Այս արարողությամբ պաշտոնապես բացվում է «Աշխարհի միացյալ քոլեջներ» կրթական ցանցի մաս կազմող Դիլիջանի քոլեջը, որը Հայաստանում ավելի շատ հայտնի է որպես «Դիլիջանի միջազգային դպրոց»:

Ես շուրջբոլորս նայելով՝ ասում եմ՝ երանի այն երեխաներին, որ սովորելու են այստեղ: Եվ սա իսկապես ինձ համար շատ մեծ և կարևոր միջոցառում է: Եվ ոչ միայն այն պատճառով, որ սա Հայաստանում վերջին տարիներին իրականացված ծավալուն միջազգային ներդրումային ծրագրերից մեկն է: Երբ Ռուբենն առաջին անգամ ինձ հետ խոսեց այս ծրագրի մասին, նա ինձ անմիջապես վարակեց այս ծրագրի խիստ անհրաժեշտ լինելու իր համոզման ուժով: Կարծում եմ, այստեղ հավաքվածներից շատ քչերը գիտեն, որ ծրագրի սկիզբն այնքան էլ բարենպաստ չէր: Ավելի ճիշտ՝ կարող էր թվալ, որ բարենպաստ չէր, բայց մենք թիմ ունեինք, ովքեր համոզված էին այս դպրոցի անհրաժեշտության մեջ և կարողացան այնպես անել, որ Ռուբենը և իր ընկերները կասկած չունենան մեր ցանկության հետ կապված:

Սա մի ծրագիր էր, որ այլ դեպքերում կարող էր անհասկանալի թվալ. մեծ ներդրում է, բայց շահույթ չի հետապնդում: Մեր, ցավոք սրտի, շահերով առաջնորդվող դարում մարդկանց աչքերը հաճախ սևանում են մեծ գումարներից ու շահույթ ստանալու մոլուցքից:

Բայց հուրախություն բոլորիս ո՛չ Ռուբենը, ո՛չ Վերոնիկան, ո՛չ այս ծրագիրը հովանավորած մարդիկ այդպիսիք չեն: Եվ չափազանց կարևոր է, որ այս ծրագիրն իրականացնելու առաջարկը համընկավ Հայաստանի ապագայի շուրջ մեր ռազմավարական նպատակադրման հետ:

Մենք չենք պատրաստում որևէ մեկի հետ մրցակցել բնական պաշարների և սեփական երկրի ընդերքի շահագործմամբ: Ընդերքի անդառնալի մաշումը որևէ տեղ անվերջ լինել չի կարող՝ դրա հնարավորությունները սահմանափակ են: Մեր ընտրած ճանապարհը այլ է. մենք հետևողականորեն զարգացնելու ենք մարդկային կապիտալը՝ օգտվելով մարդու ստեղծագործական բոլոր հնարավորություններից: Հայերի ուսումնատենչությունը, ստեղծագործական տաղանդը, գործարար հաջողությունները միշտ և ամենուր հիացմունք են առաջացրել: Եվ եթե որևէ բնական պաշար անխուսափելիորեն սպառվելու է, ապա մարդկային այս որակն այդ վտանգին չի ենթարկվում:

Այո՛, մենք աշխարհին ներկայանում ենք ոչ թե նավթով, գազով, խավիարով, այլ Մատենադարանով, «Թումո» կենտրոններով, Դիլիջանի միջազգային դպրոցով և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր ձեռքբերումներով: Եվ հենց այս պատճառով էլ ապագան մերն է լինելու: Ապագայում մենք մեզ ավելի վստահ ենք զգալու:

Եվ այս դպրոցի մեկ կարևորագույն հատկանիշն էլ միջազգային լինելն է: Մեր պատմությունը և ներկան ապացուցում են, որ հայկական տաղանդի լավագույն բացահայտման համար անհրաժեշտ է ամենալայն համաշխարհային համատեքստ: Հայաստանը փոքր է հայերի համար: Մենք երբեք չենք պարփակվել մեր սեփական սահմանների մեջ և չենք պարփակվելու: Մենք պետք է բաց լինենք աշխարհի հանդեպ, մշտապես ընդօրինակենք, տեղայնացնենք և զարգացնենք ամեն մի առաջադեմ նորույթ:

Իհարկե, ուրախալի է, որ Դիլիջանի միջազգային դպրոցում հավաքվել է լուրջ մասնագետների մի շատ լավ թիմ աշխարհի տարբեր երկրներից և դա հարստացնելու է ոչ միայն այս դպրոցի աշակերտներին, այլև նոր հնարավորությունների դուռ է բացելու մեր երկրի համար: Դպրոցն իր գաղափարախոսությամբ քարոզում է հավիտենական ու բարի արժեքներ՝ իր հարկի տակ միավորելով աշխարհի տարբեր երկրներից ժամանող ուսանողների: Եվ այդ փոխըմբռնման և համերաշխության մթնոլորտը շատ թանկ է մեզ համար:

Այժմ մի բան ասեմ, որ կարող է շատ-շատերին անիրականալի թվալ կամ շատ տարօրինակ թվալ: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ այս դպրոցում սովորեն նաև ադրբեջանցի ուսանողներ: Եվ վստահ եմ, որ այդ օրը գալու է և ցանկանում եմ, որ այդ օրը գա հնարավորինս շուտ:

Սիրելի՛ բարեկամներ,

Այս դպրոցն իրականություն դարձնելու գործում միավորվել էին մասնավորի և պետության ջանքերը: Եվ սա ամենալավ առիթն է, որպեսզի ես խորին շնորհակալություն հայտնեմ բոլոր այն մարդկանց, ովքեր որևէ կերպ մասնակցել են այս դպրոցի կայացման գործում: Իհարկե, առաջին հերթին Ռուբեն Վարդանյանը և Վերոնիկա Զոնաբենդն են, Գագիկ Ադիբեկյանը, Օլեգ Մկրտչյանը, Վլադիմիր Ավետիսյանը և շատ ու շատ մարդիկ, ովքեր չեն ցանկացել, որպեսզի իրենց անունը հնչի: Ես խնդրում եմ նրանց էլ ծափահարեք:

Ռուբե՛ն և Վերոնիկա՛, մենք, իրոք, երախտապարտ ենք ձեզ: Մենք երախտապարտ ենք բոլոր այն մարդկանց, ովքեր կա՛մ ֆինանսական միջոցներով, կա՛մ իրենց բարի խոսքով, կա՛մ ձեզ ոգևորելու առումով մասնակցել են այս, չեմ վախենում այդ բառից, պատմական կառույցի կայացմանը: Եվ մենք ձեզնով հպարտ ենք:

Ես շնորհավորում եմ բոլորիս մեկ անգամ ևս այս հոյակապ օրվա՝ դպրոցի բացման առիթով, իսկ Դիլիջանի միջազգային դպրոցին մաղթում եմ բարի երթ:

Եվ ուզում եմ դպրոցին երկու գիրք նվիրել, որ շատ խորհրդանշական են: Սրանք այն գրքերն են, որտեղ ամփոփված են մեր պատմական հուշարձանների մեծ մասի մասին տեղեկություններ. Լուվրում և Վենետիկում կայացած ցուցահանդեսների գրքերն են»: