Radar Armenia-ն ներկայացնում է 1990թ. Ռաֆայել Իշխանյանի «Երրորդ ուժի բացառման օրենքը» հոդվածից մի հատված, որը բավականին ակտուալ է ներկայիս հանրային-քաղաքական հարաբերությունների համատեքստում։
Մեր պատմության վերջին շրջանում մեր շատ գրողներ, բանաստեղծներ մեզ՝ հայերիս Թուրքիայի տված ահավոր վնասները ներկայացնելով, թուրքերին հայհոյելով փառաբանում էին ռուսներին։ Հայոց եղեռնի մասին մի շարք գործերի հեղինակ Հ․ Շիրազը Սևանա լիճը գավաթ էր դարձնում, խփում Մասիս սարին, խմում ռուս ժողովրդի կենացը։ Նման տրամադրություններ արտահայտել են նաև շատ ուրիշներ՝ Խ․ Դաշտենցը, Մ․ Գալշոյանը, Ս․ Կապուտիկյանը, Ս. Խանզադյանը, Հ․ Սահյանը և այլն, Ռուսաբանությունը հայ գրականության մեջ գալիս է Խ․ Աբովյանից (գուցե ավելի վաղ շրջանից)։ Ինչո՞ւ եմ գրականությունը մեջ բերում։ Որովհետև մեր պատմական մի դժբախտությունն էլ եղել է այն, որ մեր քաղաքական ղեկավարներից շատերը եղել են և են գրողներ։ Գեղարվեստական գրականությունը (Րաֆֆի, Պատկանյան, Ահարոնյան և այլն) շատ կողմերով մեզ համար եղել է քաղաքականություն, քաղաքական ծրագիր։ Սա իրոք, դժբախտության է։
Զ․ Բալայանը, որ հայերեն չի գրում (նրա հայերեն տպված բռլոր գրքերը թարգմանություն են ռուսերենից), ամեն առիթով բացականչում է՝ «Մահ թուրքերին»։ Նրա «Օջախ» կոչվող գիրքը նվիրված է ռուսներին հաճոյանալուն, նրանց պանիսլամիզմով վախեցնելուն և թուրքերին ու ադրբեջանցիներին հայհոյելուն․ «ճակատագիրը մեզ պարգևել է մեր հյուսիսային հարևանին՝ ռուս մեծ ժողովրդին։ Ճակատագիրը մեզ ժպտացել է նաև նրանով, որ Հոկտեմբերյան մեծ հեղափոխության շնորհիվ փրկվեց Արևելյան Հայաստանը․․․ Երկու ժողովուրդներն էլ (ռուսներն ու հայերը ― Ռ. Ի.) ունեցել են մեկ ընդհանուր թշնամի։ Թշնամի, որն իր հանգիստն է կորցրել Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միանալու պահից» և այլն։
Վերջերս հակաթուրքական մարտական հոդվածները շատացել են մեր մամուլում՝ Հայաստանի թե Սփյուռքի, այդ ոգով գրված նոր գրքերն էլ շատ են։ Մեզնից շատերի ուղեղում մեխված է «Թուրքիան մեր մշտական թշնամին է, Ռուսաստանը՝ մշտական բարեկամը» բանաձևը։
Պարզ է, հոգեբանորեն մեր հակաթուրքական մարտական կեցվածքը հենված է մեր թիկունքում ռուսական հզորության գիտակցման վրա։ Թուրքերն ու ադրբեջանցիները (եթե հաշվի առնենք նաև հարավային Ադրբեջանը) այսօր շուրջ 65 միլիոն են, հայերս ամբողջ աշխարհում 6 կամ ամենաշատը 7 միլիոն։ Թուրքիայի բանակը ըստ ռազմական տեղեկատուների ամենահզորն է եվրոպական ոչ կոմունիստական երկրների բանակների մեջ, մենք՝ հայերս բանակ առհասարակ չունենք, Թուրքիան կազմակերպված պետություն է, իսկ մենք իսկական իմաստով պետություն չունենք։ Երբ թուրքերի դեմ բռունցք ենք թափահարում, ո՞րն է մեր հենարանը։ Պարզ է՝ Ռուսաստանը, մասամբ էլ Արևմուտքը։
Ահա սա է երրորդ ուժը։ Երկրորդ ուժը մեր հարևաններն են։ Երբ ուշադիր նայում ենք վերջին մոտ 300 տարվա հայերիս քաղաքական պատմությանը, տեսնում ենք, որ գրեթե միշտ (մեկ, երկու բացառությամբ) այն հենված է եղել երրորդ ուժին ապավինելու գաղափարի վրա։ Այն, ինչ այսօր անվանում ենք Հայ ազգային ազատագրական շարժում, մեծ մասամբ ապավինել է երրորդ ուժին։ Մենք մեր ազատագրական ծրագրերը կազմելիս գլխավոր տեղը տվել ենք երրորդ ուժին՝ Արևմուտքին և Ռուսաստանին։
Շարունակելի