Ռետրո

Ոչ մեկը չի կարող լինել oրենքից բարձր. Սերժ Թանկյանը՝ Սերժ Սարգսյանին 2013թ.

2013թ. փետրվարին Հայաստանում նախագահական ընտրություններ էին տեղի ունենում։ Սերժ Սարգսյանը իշխանության թեկնածուն էր և նրա՝ նախագահ դառնալը թերևս որոշված էր։ Փետրվարի 18-ին տեղի ունեցած ընտրություններից հետո, սակայն, Ազատության հրապարակը կրկին լցվեց քվեարկության արդյունքների հետ անհամաձայն քաղաքացիներով, որոնք ընտրված նախագահ էին համարում Րաֆֆի Հովհաննիսյանին։ Այդ օրերին Սերժ Սարգսյանին նամակ էր հղել հայտնի երաժիշտ Սերժ Թանկյանը։ Radar Armenia-ն ներկայացնում է վերջինիս նամակը։

Հարգելի պարոն նախագահ,

Շնորհավորում եմ Ձեր հաղթանակի առթիվ: Հաղթանակ նշանակում է ստանալ ձայների մեծամասնությունը, իհարկե՝ ժողովրդավարության դեպքում: Հիմնվելով բազմաթիվ ՀԿ-ների արձանագրած կեղծարարությունների վրա, անկախ ԵԱՀԿ զեկույցի, գիտականորեն անհնար է թվում, նույնիսկ Ձեզ համար, պարոն Նախագահ, իմանալ, թե արդյոք ստացե՞լ եք ձայների մեծամասնությունը, թե՞ ոչ:

Բավական ծիծաղելի է ստացվում, այնպես չէ՞, որ Դուք՝ Հայաստանի Նախագահը, ներքուստ լիովին համոզված չեք, թե Դո՛ւք եք ժողովրդի ընտրած ղեկավարը: Անձնապես ես կվրդովվեի նման պարագայում: Եթե ես ուզենայի ղեկավարել իմ ժողովրդին, ես շատ կուզենայի, որ նրանք ինքնուրույն կատարեն այդ ընտրությունը:

Այլապես ես կտիրեի Հայաստանին և կկոչեի ինձ Հայաստանի Գլխավոր Մարզպետ կամ Դիկտատոր դե յուրե կամ որևէ այլ ինքնակոչ ածականներ՝ ըստ իմ այդ օրվա քմահաճույքի: Միգուցե ձեր կուսակցությունը հսկողությունից դո՞ւրս է եկել և օլիգարխների խավիարը վերջացել է, ու նրանք ցանկանում են, որ լավ ժամանակները չվերջանա՞ն: Ինչևէ՝ ժամանակն է փոփոխության: Ազնվորե՞ն եք հաղթել, թե՞ ոչ, ինչ որ կերպով Դուք այժմ նորից նախագահ եք:

Ի՞նչ է դա նշանակում Ձեր համար: Այո, Արցախը կարևոր է բոլորիս համար, և պետք է պայքարենք այնտեղ բնակվող մեր եղբայրների համար: Բայց ես նկատի ունեմ թե ինչպե՞ս եք պատրաստվում հայերի շահերը պաշտպանել Հայաստանում և աշխարհում: Ինչպե՞ս եք պատրաստվում երկիրը հանել այս տնտեսական, սոցիալական և քաղաքական ճգնաժամից: Օբաման թեկուզ հույս է խոստանում՝ չնայած որ հիասթափեցրել է բոլորիս:

Տարիներ առաջ ես արշավ սկսեցի՝ խնդրելով նախագահ Օբամային հետևել իր խոստումին և ճանաչել Հայկական Ցեղասպանությունը: Դուք երդում եք ընդունել պահպանել Հայաստանի Սահմանադրությունը, պաշտպանել երկիրը արտաքին և ներքին թշնամուց:

Նրանք, ովքեր գողանում են ընտրությունները ժողովրդից, համարվում են ներքին թշնամիներ և պետք է պատժվեն: Ձեր պարտքը պետք է լինի այն ի կատար ածել, եթե նույնիսկ, ոմանց համար այն կեղծավորություն թվա: Դուք նաև պետք է նկատի ունենաք խորհրդարանի լուծարումը և լինեք այն առաջին հայ ռեֆորմիստ նախագահը, որը անում է ամեն ինչ՝ համոզվելու համար, որ ապագա ընտրություններն արդար և ներկայացուցչական լինեն:

Սերժ, նրանք ովքեր ինձ գիտեն, գիտեն նաև որ ես անարդարություն հանդուրժել չեմ կարող: Բազմաթիվ սփյուռքահայերի նման՝ ես միշտ վարանել եմ Ձեր իշխանությունը քննադատելուց ուղղակիորեն և հրապարակայնորեն: Բայց այն փաստը, որ ժողովրդի անհամար բազմությունը տառապում է ձեր իշխանության տակ կաշառակերության և անարդարության պատճառով, կշեռքի նժարները խախտում է բոլորիս համար: Դուք պետք է այս իմանաք:

Հայաստանը անհապաղ կարիք ունի oրենքի իշխանության առավել քան որևէ այլ բանի: Ոչ մեկը չի կարող լինել oրենքից բարձր:

Դուք կարող եք այն իրագործել հիմա, անձնական oրինակով և նախագահական հրովարտակով: Միացրե՛ք մեզ Սերժ: Ոգևորե՛ք մեզ:

Խնդրում եմ՝ ընդունե՛ք այս կոչը:

Շնորհակալ եմ ժամանակ տրամադրելու համար

Խաղաղություն եմ մաղթում:

Սերժ Թանկյան