Ռետրո

Իշխանությունները պատասխանատո՞ւ են Խորխոռունու սպանության համար. Վիգեն Խաչատրյանը՝ 1999թ.

Radar Armenia-ն ներկայացնում է ՀՀ ԳԽ և ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի՝ 1999թ. հունվարի 25-ին ՀՀ ԱԺ-ում Վանո Սիրադեղյանին անձեռնմխելիությունից զրկելու և կալանավորելու հարցով նիստում ունեցած ելույթը։ Այն համացանցում առաջին անգամ է հրապարակվում։

Մեկ տարի առաջ այս նույն դահլիճում պատիվ եմ ունեցել հրաժարական տալ ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնից, որովհետև մեկ տարի առաջ մի այլանդակ երևույթ տեղի ունեցավ Հայաստանում։ Մի խումբ մարդիկ, որպեսզի պահեն իրենց պաշտոնները, որոշեցին զոհաբերել Լևոն Տեր-Պետրոսյանին։ Այն ժամանակ հայտարարեցի, որ հասունացել է Լևոն Տեր-Պետրոսյանի հեռանալու պահը, բայց ոչ այն մարդկանց միջոցով, ովքեր նրա շնորհիվ էին հայտնվել այս դահլիճում։ Այն ժամանակ պնդեցի, որ այդ կարգի մարդիկ իրավունք չունեն ստանձնել խորհրդարանի ղեկավարությունը։ Այդ պահից այս մարմինը սկսեց վարկաբեկվել։ Ինչո՞ւ, որովհետև իշխանությունը զավթողներին խորհրդարանը պետք է խանգարեր և պետք էր «փչացնել» խորհրդարանը, որը շատ էլ առողջ չէր։ 

Այնուհետև, իշխանությանը ձգտող ուժերը մեզ խոստանում էին արդար նախագահական ընտրություններ։ Մասնակցելով այդ պայքարին՝ սեփական կաշվիս վրա եմ զգացել դրանց արդարությունը։ Բռնազավթվեց գործադիր իշխանությունը, արդար նախագահական ընտրություններ տեղի չունեցան, և մեծամասնությունը բերանները ջուր էին հավաքել։ Իբր թե կայուոնթւոյուն ու բարգավաճում են երազում։ Ոչ, երազում են, որ իրենց բարեկեցությունը հանկարծ չսասանվի։ Արդյունքում՝ իշխանություն բռնազավթվեց։ 

Մենք իրավունք չունենք այսօր ասել, թե թեկնածուն, պատգամավորը, որը անձեռնմխելիությունից պետք է զրկվի, մեղավոր է, թե՞ ոչ։ Դա դատարանի գործն է։ Մենք իրավունք չունենք կասկածելու արդար է, թե՞ ոչ։ Մենք պարտավոր ենք պատգամավորին հանձնել դատական իշխանությանը։ Բայց ա՞յս մթնոլորտում։ Թե՞ մենք պարտավոր ենք ապահովել օրինական ու առողջ մթնոլորտ Հայաստանում և ասել, որ խորհրդարանի գործը չէ որոշել մարդը մեղավոր է, թե՞ ոչ։ Բայց մի պայմանով՝ որ որևէ քաղաքական հաշվեհարդար տեղի չի ունենա։ Այս նպատակով է անձեռնմխելիության ինստիտուտն աշխատում։ Պետք չէ հրեշտակի կեցվածք ընդունել և ասել՝ թող դատեն։ Բոլորիս թող դատեն։ Բայց դատավորները դատեն, ոչ թե դրածոները, արդարություն փնտրեն, ոչ թե քաղաքական պատվեր կատարեն։

Երբ այստեղ պաթետիկ ելույթներ են լինում, որ իշխանությունը պատասխանատու է սպանությունները չբացահայատելու համար, լիովին համաձայն եմ, եթե անցյալ կատարյալով չխոսվի։ Իսկ այսօրվա իշխանությունները պատասխանատո՞ւ են Խորխոռունու սպանության համար։ Որևէ մեկը հրաժարական տվե՞ց  այդ սպանության չբացահայտման համար։ Ոչինչ չի փոխվել։ Ինչո՞ւ եք անցյալ կատարյալով խոսում։ Թե՞ վախի մթնոլորտն է վերացել, երբ այդ սպանությունների արդյունքում ասում են վախի մթնոլորտ է տարածվել։ Հիմա չկա՞ այդ վախի մթոնոլորտը։ Ինչո՞ւ չեք ասում՝ ներկա իշխանությունն ի՞նչ պատասխան պետք է տա։ Երևի հարմար չէ։ Ակնհայտ է՝ երբ այս իշխանությանը պետք է, որ ԱԺ-ն որոշում ընդունի, ընդունվում է։ Չե՞ք տեսել՝ ինչ են անում։ Պետք էր բյուջե, ընտրական օրենսգիրք անցկացնել։ Գիշեր ու զոր պատգամավորների հետ աշխատում էին՝ վեխեցնելով, հորդորելով, խոստանալով։ 

Ինչո՞ւ նույն բանը չեն անում այս որոշումը ստանալու համար։ Որովհետև այս իշխանությանը պետք չէ, որ խորհրդարանը համաձայնություն տա։ Եթե ցանկանան, կանեն։ Ուրեմն արդարադատություն չեն փնտրում, ուրիշ նպատակ ունեն։ Այս իշխանությունը դատապարտված է, խայտառակ վերաջաբան է ունենալու։ Այս ոճով, այսպես այլասերված կրկնե՞լ նախորդի սխալները՝ ոչ մի նոր բան չանելով։

Եթե կասկած կա, Վանո Սիրադեղյանը պետք է գնա դատարան։ Ինձ են կասկածում, ես պետք է գնամ դատարան։ Բայց ոչ այս իշխանության օրոք։ Ոչ, երբեք, որովհետև սրանք արդարություն չեն փնտրում։ Սրանք գիտե՞ն, որ ժողովրդի դատի առջև են կանգնելու։ Գուցե մեզ հետ միասին, ինձ հետ միասին։ Բայց հրեշտակի կեցվածքով չպետք է իրենց արարքները քողարկեն, երբ երկրում մթնոլորտը լարված է. էլեկտրաէներգիայի սակագների, հեռախոսի վարձի բարձրացում, սեփականշնորհում։ Այս լարված մթնոլորտում ի՞նչ էր պատահել, որ արտահերթ նստաշրջան հրավիրեցին։ Այս հարցով թող հատուկ նիստ հրավիրեին, որ պատրաստված գայինք։ Գիտե՞ք ինչ էր պատահել, որովհետև երեկ ընտրական օրենսգիրք ընդունեցինք, մի խայտառակ օրենք, որ եթե այս հարցը չմտցնեին, բոլորս այդ օրենքի մասին էինք խոսելու։ Մոռացանք այդ օրենքը։ Շատ լավ կառուցեցին, ընտրական օրենսգիրք ընդունեցին, թվում էր, թե ասուլիսներ պետք է լինեն, տեսակետներ հայտնվեն։ Հարցը փակվեց։ 

Դիմում եմ խորհրդարանի ղեկավարությանը՝ ի՞նչը ձեզ թույլ չտվեց դիմագրավել և ասել՝ համբերեք։ Յոթ օրը հետո այս հարցը քննարկենք։ Ցավակցում եմ զոհված և անհետ կորած այդ երկու երիտասարդների հարազատներին։ Գտնում եմ, որ նրանք պարտավոր են պահանջել պատասխանատուների դատավարություն։ 

Ինձ երբեք թույլ չեմ տվել Վանո Սիրադեղյանին հարցնել, թե ինչո՞ւմն է բանը՝ հարգելով իրեն և ինձ։ Ենթադրել եմ, որ լուրջ մեղադրանքներ են իրեն ներկայացվել, երբ ասացին, որ առերեսում կա։ Բայց այսպիսի՞ անհեթեթ բան մատուցեն մեզ՚ Ի՞նչ էր կատարվել։ Ասեիք՝ բոլորս պաշտպանեինք, առանձին խումբ կազմեինք բոլոր կուսակցություններից, գնայինք մեկուսարանում Վահան Հարությունյանի հետ հանդիպեինք, մենք էլ ձեզ հետ համոզվեինք։ 

Պարո՛ն դատախազ, Դուք իրավունք չունեք համոզմունքով շարժվելու, Դուք պետք է փաստերով շարժվեք։ Ուրեմն Ձեզ համար փաստ է, որ 9 հոգի ասում են, թե մեր ներկայությամբ խոսել են այսինչի հետ։ Կարող է Ձեզ հետ են խոսել։ Համոզեի մեզ։ Եվ այսպես ինքնահավան, քմծիծաղով գալ, այստեղ նստել։ Դատախազի առաջին ելույթից հետո հասկացանք, որ կմկմում էր հարցերին պատասխանելիս, որովհետև նրան ձեռնտու է համաձայնություն չստանալը։ Ոչինչ, այստեղ էլ եք սխալվելու։