Ռետրո

Ռ․Քոչարյանը և ուժային նախարարները որոշեցին Լ․Տեր֊Պետրոսյանին մարտահրավեր նետել. Ժիրայր Լիպարիտյան

Radar Armenia-ն ներկայացնում է դիվանագետ, պատմագետ, 1991-1997թթ. ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանի «Պետականության մարտահրավերները» գրքի հատվածներից մեկը՝ «Ղարաբաղի կուսակցությունը»։ Նկատի ունենալով նորօրյա պատմության կեղծված բնույթը՝ Լիպարիտյանի՝ 1999թ. հրապարակած գրքի այս հատվածը չափազանց խոսուն է ու տեղեկատվական և հանդիսանում է հետաքրքիր մեկնաբանություն՝ նշյալ շրջանի պատմության և ԼՂ հարցի վերաբերյալ պատկերացում կազմելու մասին։

Որքան էլ տարօրինակ թվա՝ Ղարաբաղը հասկանալու լավագույն ձևն այն որպես կուսակցություն դիտարկելն է։ Կարելի է ասել, որ «Ղարաբաղի կուսակցությունը» ամենահինն է, այն նույնքան հին է, որքան Ղարաբաղի հիմնախնդիրը կամ Ղարաբաղն ինքը։ Այն նաև ամենապարզն է։ Ղարաբաղի ժողովուրդը գիտի, թե ինքն ինչին է դեմ։ Նա չի ցանկանում լինել Ադրբեջանի կամ ադրբեջանցիների գերիշխանության ներքո։ Ադրբեջանցիների գերիշխանության օրոք, որոնց Ղարաբաղի հայերը «թուրք» են անվանում, Ղարաբաղի նկատմամբ վարվել են որպես գաղութի՝ բառի դասական իմաստով՝ մարզը պահելով տնտեսական ու սոցիալական թերզարգացման պայմաններում։ Ղարաբաղի հայությունը չի կարող ընդունել ադրբեջանական կարգերը հատկապես այժմ՝ շրջափակվելուց, ռմբակոծվելուց, տեղահանվելուց և 1990֊ից ի վեր Ադրբեջանից ամբողջապես կտրված լինելուց հետո։

Ղարաբաղի ժողովուրդը գիտե նաև, թե ինչ կուզեր․ նրա նպատակն ադրբեջանական գերակայությունից ձերբազատվելն է։ Այդ նպատակը ձեռք կբերվի Հայաստանի հետ միավորվելու, թե անկախության, թե, ըստ որոշ առաջարկների, Ռուսաստանի հետ ինտեգրացվելու միջոցով՝ երկրորդական հարց է։ Ինչպես անունն է հուշում, սա մեկ խնդրի կուսակցություն է։ Խնդիրը Ղարաբաղն է։ Մնացյալը երկրորդական հարցեր են և մեծ նշանակություն չունեն։ Թուրքիայի հետ հարաբերությունները, ժողովրդավարությունը, տնտեսական համակարգը կամ կառավարության կառուցվածքը չնչին նշանակություն ունեն։ Ղարաբաղի հայերը գրեթե կարիք չունեն գաղափարախոսական ծրագրերի ու խճողված քաղաքական փաստարկների։ Նրանք ունեն խորապես արմատավորված հավատամքներ ու կարծիքներ, որոնք անդրադարձնում են նրանց աշխարհագրությունը, սոցիալական կառուցվածքը և այն, ինչ իրենց պատմությունն է, և այդ կարծիքները հեշտությամբ չեն կարող դուրս մղվել՝ նույնիսկ ամենաբարդ փաստարկների միջոցով։

Ղարաբաղի հայերը, ինչպես աշխարհում երբևէ նույնպիսի իրադրության մեջ գտնվող այլ ժողովուրդներ, պատմությունը սովորելու և նրանից դասեր քաղելու իրենց սեփական ձևն ունեն։ Ղարաբաղի հայերը իրենց սեփական ձևն ունեն նաև սովորածը յուրացնելու և այն շաղկապելու համար իրենց արդեն իմացածի հետ։ Օտարամուտ գաղափարախոսությունները դժվարություն ունեն Ղարաբաղում գոյատևելու, եթե չհարմարեցվեն տեղական մտածողության կառույցներին՝ սատարված սոցիալական ինստիտուտներով, որոնք ավելի կարևոր են, քան քաղաքականները։ Ղարաբաղի հայերի միջև տարաձայնությունները նվազ նշանակալի են, քան այլ վայրում մեկ քաղաքական կուսակցության մեջ առկա տարաձայնությունները։

Սակայն գոյություն ունի երկու հանգամանք, որ բարդացնում է Ղարաբաղի կարծեցյալ պարզ քաղաքական օրակարգը․ կա՞ արդյոք նպատակին հասնելու ռազմավարություն, և՝ ո՞վ է խոսում Ղարաբաղի ժողովրդի անունից (կամ, ինչպե՞ս է ժողովուրդը դառնում կուսակցություն)։

Ղարաբաղը նախևառաջ «արտաքին քաղաքականության» հարց է։ Այն պրոբլեմ է՝ ոչ թե որովհետև Հայաստանը կամ հայերը չգիտեն, թե իրենք ինչ կցանկանային անել, այլ որովհետև մեկ այլ երկիր՝ Ադրբեջանը, իր սեփական ծրագրերն ունի Ղարաբաղի վերաբերյալ։ Իբրև ԽՍՀՄ մաս կազմող հանրապետություն հակառակվելով Հայաստանին միավորվելու Ղարաբաղի պահանջին, թե իբրև անկախ պետություն պնդելով իր տարածքային ամբողջականությունը՝ Ադրբեջանը մնում է հակառակորդ և չի կամենում թույլ տալ Ղարաբաղի անջատումն իրենից։ Այս հարցում Ադրբեջանը վայելում է միջազգային հանրության հովանավորությունը։ Բացի այդ, Հայաստանն այս խնդրի մեջ ներգրավված է իբրև Ղարաբաղի պաշտպան, և հայկական Սփյուռքը վաղուց միացել է Ղարաբաղի սատարման գործին։ Ավելին, Մոսկվան նույնպես ներգրավված է․ նախ՝ իբրև Խորհրդային Միության մայրաքաղաք իր իրավասությունների շրջանակներում, իբրև հաշտարար դատավոր, երկրորդ՝ իբրև երկու կողմերին զենք մատակարարող հիմնական կողմ, և երկրորդ՝ իբրև հակամարտության կողմերի վրա մեծագույն ազդեցությունն ունեցող հարևան երկիր։ Ի վերջո․ ուրիշ հարևաններ և ԵԱՀԿ֊ն ու միջազգային հանրությունը նույնպես ներգրավվեցին, երբ հակամարտությունը ռազմականացվեց, երբ ետսառըպատերազմական միջազգային խաղերն սկսվեցին, և երբ նավթի ու նավթամուղների քաղաքականությունն ի հայտ եկավ։

Տեղական քաղաքական հակամարտությունն արագ վերածվեց արյունահեղության և շուտով ռազմականացվեց, ազգայնականացվեց, ձեռք բերեց տարածաշրջանային և միջազգային նշանակություն։ Թե այս փոխակերպումներն ի՛նչ չափով են օգնել կամ վնասել Ղարաբաղի հարցին, և թե հակամարտության էությունն ինքը ի՛նչ ուղղություններով է փոփոխվել այդ փոխակերպումներից՝ մեկ այլ ուսումնասիրության նյութ է։ Սակայն, այդուհանդերձ, կարելի է երեք եզրակացություն անել։ Առաջին՝ հակամարտության մեջ ուղղակիորեն և անուղղակիորեն ներգրավված կողմերը հարցին տնտեսական, կուսակցական, քաղաքական և աշխարհաքաղաքական շահերի երանգավորում են տվել։ Երկրորդ՝ ոչ պատերազմը և ոչ դիվանագիտությունը մինչև այժմ շահագրգիռ բոլոր կողմերի համար ընդունելի լուծում չեն ներկայացրել։ Երրորդ՝ Ղարաբաղի կուսակցությունը դեռևս չի կարողանում գտնել ճահճից դուրս գալու ուղին։

Ղարաբաղյան կուսակցության գործը բարդացնող բաղադրիչների երկրորդ խումբը ղեկավարության խնդիրն է․ ո՞վ է հանդես գալիս այս կուսակցության անունից։

Տնտեսական և ռազմավարական նկատառումներով խիստ միաձուլված կառույցներ ունեցող մի հասարակության մեջ Ղարաբաղի կառավարական ու ռազմական ղեկավարները գերագույն պատասխանատվություն են ունեցել ներկայացնելու այդ կուսակցությունը։ Այդ է պատճառը, որ ՀՀՇ֊ն նույնիսկ իր ծաղկման օրերին և Ղարաբաղի ղեկավարության հետ սերտագույն համագործակցության ժամանակ Ղարաբաղում մասնաճյուղեր չի ստեղծել։ Այն երկու քաղաքական կուսակցությունները, որ Ղարաբաղում գրանցվել են և ունեն մասնաճյուղեր՝ կոմունիստները և Դաշնակցությունը, այլընտրանքային ծրագրեր չեն ներկայացնում։

1992֊ից սկսած Ղարաբաղի ղեկավարությունը կազմված էր մի քանի ուժեղ կամքի տեր ու տաղանդավոր մարդկանցից, որոնցից ամենանշանակալին Ռոբերտ Քոչարյանն էր։ Մյուսներն էին Սերժ Սարգսյանը՝ հետագայում Հայաստանի կառավարության անդամ, Լեոնարդ Պետրոսյանը՝ Ռ․ Քոչարյանի օրոք Ղարաբաղի վարչապետ, Սամվել Բաբայանը, որը Ղարաբաղի բանակի մարտիկից հասավ մինչև հրամանատարի և այժմ Պաշտպանության նախարարի աստիճանի՝ վերահսկողություն ձեռք բերելով տնտեսական ու քաղաքական գործընթացների, ինչպես նաև արտաքին քաղաքականության վրա, և Արկադի Ղուկասյանը՝ որը նախ արտաքին գործերի նախարարն էր և ապա փոխարինեց Ռ․ Քոչարյանին Ղարաբաղի Նախագահի պաշտոնում։ Ընտրված թե նշանակված՝ այս պաշտոնյաները Ղարաբաղը կառավարել են ավելի շուտ իբրև մեծ ընտանիքի ավագներ, կամ, որպեսզի շարունակենք մեր հիմնական համեմատությունը՝ իբրև քաղաքական կուսակցության հզոր ղեկավարներ։

Լ․ Տեր֊Պետրոսյանի վարչակազմի գրեթե ողջ ընթացքում Ղարաբաղի ու Հայաստանի կառավարությունները հիմնականում գործել են միասին՝ կանոնավոր, շարունակական և ինտենսիվ խորհրդակցությունների միջոցով։ Այդ խորհրդակցությունների հիմքում ընկած էր այն համոզումը, որ Հայաստանի ու Ղարաբաղի շահերը հիմնականում նույնն են, և որ անհամաձայնությունները նման են ընտանիքում առկա տարաձայնությունների, որոնք կարող են կարգավորվել։

Երկու կարևոր զարգացում փոխեց այդ հարաբերությունը։ Առաջին, փոխվեց հակամարտությունը փոխզիջման հիման վրա լուծելու վերաբերյալ Ղարաբաղի կուսակցության ղեկավարության դիրքորոշումը։ Ոմանք վիճարկում էին առաջարկված համաձայնության դրույթները, ոմանք վստահ չէին, թե փոխզիջումներն անհրաժեշտ են այդ պահին։ Իսկ ուրիշներ, հիմնականում պաշտպանության նախարարները, կասկածներ ունեին այն տարածքների վերադարձման վերաբերյալ, որոնք անվտանգության և ռազմավարական նկատառումներով գրավել էին պատերազմի ընթացքում։ Մի շարք առիթներով Վազգեն Սարգսյանը հրապարակավ հայտնել էր իր այն կարծիքը, որ արյունով նվաճված հողը չի կարելի վերադարձնել՝ դրանով իր դիրքորոշումը մերձեցնելով նրանց, ովքեր գտնում էին, որ Ղարաբաղի հիմնախնդիրը պատմությունը շտկելու հարց է, թեև, պետք է նշել, Վ․ Սարգսյանը միշտ չէ, որ այսպես է մտածել։

Երկրորդ զարգացումը Հայաստանում Ղարաբաղի կուսակցության առաջացումն էր՝ Երկրապահների տեսքով։ Սկզբնապես կազմված իբրև պատերազմի վետերանների կազմակերպություն՝ այն վայելում էր Պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հովանավորությունը։ 1995 թ․֊ին ութ երկրապահներ Ազգային ժողովի անդամ ընտրվեցին՝ ՀՀՇ֊ի հովանավորությամբ և առանց սեփական հատուկ քաղաքական ծրագրի։ Նրանք օժանդակում էին Լ․ Տեր֊Պետրոսյանին՝ խորհրդարանում մնալով վետերանների շահերի պաշտպան։

Երբ վարչակազմում ներքին պայքարը սաստկացավ, Երկրապահները վերածվեցին քաղաքական կուսակցության։ Իսկ երբ Ռ․ Քոչարյանը և ուժային երկու նախարարները որոշեցին Լ․Տեր֊Պետրոսյանին մարտահրավեր նետել, տատանվող տերպետրոսյանական պատգամավորները ուղղվեցին դեպի խորհրդարանի Երկրապահ խմբակցությունը, որպես նոր ընդդիմության միջուկ։ Բավականաչափ պատգամավորներ փոխեցին իրենց դիրքերը՝ հանգեցնելով Լ․ Տեր֊Պետրոսյանի կողմնակիցների մեծամասնության կորստին և, ի վերջո, նրա հրաժարականին։

Դրանից հետո Երկրապահները, չունենալով քաղաքական ծրագիր, միացան աջակողմյան և որոշ չափով ռազմաշունչ փոքր Հանրապետական կուսակցությանը՝ փոխելու համար իրենց իմիջն ու դերը և, դառնալով քաղաքական կուսակցություն, հաղթելու ընտրություններում։ Երկրապահները մեծ մասամբ Ղարաբաղի կուսակցության մաս են կազմում, և մինչև վերջերս ներկայանում էին որպես մեկ հարցի կրողներ, ընդհանուր առմամբ նույն գծի վրա մնալով Ղարաբաղի ղեկավարության հետ։

Ղարաբաղի կուսակցությունը, Ղարաբաղում թե Հայաստանում, շատ հարցերում ոչ֊գաղափարախոսական կուսակցություն է։ Նրա համար Ղարաբաղը մտահոգությունների սանդղակի գագաթին է, և մնացյալ ամեն ինչ ենթակա է այդ տրամաբանությանը։ Ղարաբաղի կուսակցության ղեկավարներն իրենք՝ Ռ․ Քոչարյանը, Ս․ Բաբայանը, Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը, հիմնականում գործնական մարդիկ են և տնտեսական ու քաղաքական ոլորտներում կբռնեն այն ուղին, որը կգործի։ Չորսն էլ, հատկապես ներկա պաշտպանության նախարարները, համարում են, որ Ցեղասպանության վրա շեշտադրումը սխալ արժեքներ է ներարկում նոր սերնդի մեջ։ Պատերազմը շահած ժողովրդի մեջ, ինչպես իրենք են գտնում, փոխանակ ինքնահարգանքի ու ոգու, զարգանում է զոհի հոգեբանությունը։ Նրանք Թուրքիայի հետ հարաբերություններին նայում են գործնական տեսանկյունից։ Եթե դրանք ծառայելու են գործնական նպատակի (իսկ նախարարների կարծիքով այդ այդպես է) ապա Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը մի նպատակ է, որը պետք է հետապնդվի, թեև՝ ոչ Ղարաբաղի հարցում որևէ զիջման գնով։

Հայաստանի քաղաքական ներկապնակի լայն ոլորտում Ղարաբաղի կուսակցությունը գտնվում է մեջտեղում։ Չունենալով գաղափարախոսական բնույթ՝ այն ավելի մոտ է ՀՀՇ֊ին ու Լ․ Տեր֊Պետրոսայնին, որոնց հետ աշխատել էր այդքան երկար ժամանակ և անցել այդքան շատ դժվարություների միջով։ Իր թեկնածության նկատմամբ վստահություն ապահովելու նպատակով և առնվազն որոշ խնդիրներ լուծելու իրական հնարավորություն ստանալու համար, վարչապետ, այնուհետև՝ Նախագահի պաշտոնակատար Ռ․ Քոչարյանը կազմեց երկրապահների և մի քանի այլ կուսակցությունների, ներառյալ ՀՅԴ֊ի կոալիցիա։ Նա նաև մի քանի ժեստ արեց վերջինիս հանդեպ․ ինչպես կուսակցությունն օրինականացնելը, նախորդ վարչակազմի օրոք քրեական գործունեության մեջ մեղադրված կուսակցության ղեկավարներին (սակայն ոչ շարքային անդամներին) բանտից ազատելը։ Ռ․ Քոչարյանը ժեստեր արեց նաև Սփյուռքի հանդեպ, ինչպիսին է Թուրքիայի և ՄԱԿ֊ի առջև Ցեղասպանության ճանաչման հարցի հարուցումը։

Ղարաբաղի կուսակցությունը կարող էր պահպանել իր մաքրությունն ու ուղղության հստակությունը, քանի դեռ այն մեկ֊հարցի կուսակցություն էր։ Դառնալով քաղաքական կուսակցություն Հայաստանում, այն պետք է ստանձնի ոչ միայն Ղարաբաղի հիմնախնդրի լուծման, այլ նաև կառավարական բոլոր գործերի վարման՝ բյուջեի և բյուջեի դեֆիցիտի, գործազրկության, ինֆլյացիայի, կրթության, ուսուցիչների աշխատավարձերի ու թոշակների պատասխանատվությունը, միևնույն ժամանակ, Ադրբեջանի հետ սպառազինման մրցակցության պայմաններում, կարողանա ապահովել զինված ուժերի լուրջ և ծախսատար մատակարարումները։

Այս հարցերը փոքր֊ինչ ավելի հանգամանորեն քննարկվում են հետագա գլուխներում։ Սակայն Ռ․ Քոչարյանի հայտարարած արտաքին քաղաքականության սկզբունքները էականորեն չեն տարբերվում նախորդ վարչակազմի սկզբունքներից։ Ցեղասպանության ճանաչումը, թեև արծարծվում է իբրև քննարկումների առարկա, Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների նախապայման չի դարձել, և Հայաստանը Թուրքիային տարածքային որևէ պահանջ չի ներկայացրել։ Հավասարակշիռ արտաքին քաղաքականության սկզբունքը նույնպես կարծես թե պահպանված է՝ ելնելով ԵԱՀԿ֊ի միջնորդական խմբի հետ Հայաստանի շարունակվող համագործակցության փաստից։ Եվրոպական կառույցների ու ԱՄՆ֊ի հետ հարաբերությունները նույնպես կարծես թե փոփոխություն չեն կրել առաջին տարվա ընթացքում։

Ռ․ Քոչարյանը նախագահական պաշտոնավարումն սկսեց մի հիմնական հիասթափությամբ, բայց նաև մի շարք կանխադրույթներով։ Ղարաբաղի հերոս ու ղեկավար լինելը նրա համար Հայաստանում քաղաքական աջակցության հիմք չապահովեց։ Ղեկավարելով Լ․ Տեր֊Պետրոսյանի դեմ մարտակոչը՝ Քոչարյանը դարձավ Ղարաբաղի կուսակցության փաստացի ղեկավարը։ Զարմանալիորեն, իբրև Նախագահ վերահսկելով Հայաստանի կառավարությունը, Քոչարյանն ուղիղ ազդեցություն չունեցավ իր կուսակցության երկու հատվածների վրա․ մի հատվածը՝ Ղարաբաղը, որը մի ժամանակ նա էր կառավարում, անցել է նրանից հետո մնացած ղեկավարների, հիմնականում Պաշտպանության նախարար Սամվել Բաբայանի վերահսկողության տակ, իսկ մյուս հատվածը՝ Երկրապահները, հավատարմություն են պահպանում Վազգեն Սարգսյաի հանդեպ։

Քոչարյանը գտնում էր, որ, Լ․ Տեր֊Պետրոսյանին հեռացնելով, կկարողանար միասնություն ստեղծել՝ միասնություն ներսում և միասնություն դրսում՝ անորսալի այն բուժամիջոցը, որով կուսակցությունները կհաղթահարեին իրենց տարաձայնությունները և կգործեին ընդհանուր շահի համար, երկիրը կառուցելու պարզ ծրագրի համար, այն տնտեսապես հզորացնելու և ռազմական առումով հզոր պահելու համար։ Հզոր Հայաստանը Ադրբեջանին կստիպեր կատարել առավել շատ զիջումներ, իսկ հայկական կողմը կկատարեր հնարավորին չափ պակաս զիջումներ և հնարավորին չափ ուշ։ Նա վստահ էր, որ կարող էր որոշ միջոցներ փոխառնել սովորական ընդդիմության զինանոցից, որոնցով կկարողանար ընդդիմությունն ու Սփյոռքն ի մի բերել։

Հաջողության նրա հույսն, անշուշտ, կախված էր նաև ներքին ասպարեզում իրականացնելիք մի շարք միջոցառումներից, ինչպիսիք են կառավարության մեջ ավելի ամուր կարգապահությունը, վարչակազմի ու պետական ծառայողների աշխատունակության բարձրացումը, կոռուպցիայի դեմ համապարփակ ու արդյունավետ պայքարը, գործարարության և արտաքին ներդրումների համար ավելի բարենպաստ միջավայրի ստեղծումը։

Քոչարյանի ծրագիրն, ըստ էության, հենվում էր նախևառաջ միասնության ոգու վրա, որը նա հույս ուներ ստեղծել ազգային հարցի՝ Ղարաբաղի շուրջ, ընդդիմության հետ ավելի սերտ հարաբերություններով։ Երկրորդ, նա հույս ուներ Սփյուռքի հետ, որին համարում էր արտասահմանյան օգնության ու ներդրումների ապահովող, հասնել ավելի արդյունավետ հարաբերությունների, նույնիսկ եթե հարկ լիներ՝ ավելի մեծ ուշադրություն հատկացնելով մի հարցի, որը կարծես թե Սփյուռքին խորապես հուզում էր, Ցեղասպանության հարցին։ Քոչարյանը հույս էր փայփայում, որ կարող էր կամուրջներ գցել ժամանակի ու տարածության վրայով։