Radar Armenia-ն ներկայացնում է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ելույթը 2000թ.՝ Հոկտեմբերի 27-ի զոհերի հետմահու պարգևատրման արարողության ժամանակ։
Վեհափառ Տեր,
Հարգելի բարեկամներ,
Այսօր ես պատվաբեր, բայց միևնույն ժամանակ տխուր պարտականություն ունեմ կատարելու՝ հետմահու պարգևատրել մեր զոհված գործընկերներին։ Արդեն կենդանության օրոք՝ հայրենիքի առջև ունեցած նրանց ծառայությունները արժանացան ժողովրդի բարձր գնահատականին ու երախտագիտությանը: Նրանց կորստով մեր պետականությանը ծանր հարված հասցվեց։
Օրերս՝ փետրվարի 20-ին, լրացավ Արցախյան պայքարի 12-րդ տարեդարձը։ Մի պայքար, որին Վազգեն Սարգսյանը նվիրվեց անմնացորդ և տվեց ամեն ինչ՝ դրսևորելով անձնազոհություն, կազմակերպչական տաղանդ, հասուն պետական գործչի վարք և պատասխանատվություն։ Անգնահատելի է նրա դերը մեր պետության և ազգային բանակի կայացման գործում։ Նա այդ պայքարին տվեց ամեն ինչ և, ինչպես ինքն էր ասում, «ձեռք բերեց հպարտություն»։ Այդ հպարտությունը նա կտակեց իր ժողովրդին։
Մեր ժողովուրդը ներշնչվել էր նոր հույսով ու հավատով՝ Վազգեն Սարգսյան-Կարեն Դեմիրճյան դաշինքի հետ կապելով երկրի վերելքն ու առաջընթացը։ Ժողովուրդը ճանաչում էր Կարեն Դեմիրճյանին, որպես հայրենասեր ու կառուցող ղեկավար, որպես փորձառու և իմաստուն պետական գործիչ։ Մեր ժողովրդի գիտակցության մեջ արդարացիորեն Կարեն Դեմիրճյանի անվան հետ էին կապվում մեր հանրապետության նախորդ շրջանի լուրջ ձեռքբերումները՝ տնտեսական նվաճումները, ազգային մշակույթի զարթոնքն ու գիտության աննախադեպ վերելքը։
Հոկտեմբերի 27-ի հրեշավոր հանցագործության զոհերի՝ պարգևատրումը տուրք է այն մեծ ծառայությունների դիմաց, որ նրանք մատուցել են երկրին։
Յուրի Բախշյանը՝ պարկեշտ, սկզբունքային մարդ և բարեխիղճ պետական գործիչ, որ մեծ արդյունավետություն էր հաղորդում Ազգային Ժողովի աշխատանքներին և կարևոր ներդրում ունեցավ հայոց անկախ պետականության կայացման գործում։
Ռուբեն Միրոյանը՝ համեստ, բանիմաց ու փորձառու, իր գործին նվիրված պաշտոնյա, որ անցել է հասարակական գործունեության և տնտեսական ղեկավարի բեղմնավոր ուղի։
Լեոնարդ Պետրոսյանը՝ որ մեծ ներդրում ունեցավ Արցախի պետականության հիմքերի ստեղծման ու ամրապնդման գործում: Իր կազմակերպչական կարողությունները նորովի դրսևորեց Հայաստանում՝ հաջողությամբ վարելով պատասխանատու պաշտոններ։
Տաղանդավոր լրագրող ու գիտնական Հենրիկ Աբրահամյանը, որ թողել է գրական ու գիտական հարուստ ժառանգություն։ Իբրև հրապարակախոս, նա միշտ իր տեղն է ունեցել հանրապետության հասարակական կյանքում:
Արմենակ Արմենակյանը՝ «Նորք-Մարաշ» կամավորական ջոկատի, այնուհետև՝ «Մեծն Տիգրան» գնդի հրամանատար։ Եվ՛ մարտի դաշտում, և՛ քաղաքացիական կյանքում նա միշտ եղավ խիզախ, հայրենասեր ու ընկերասեր մարդ։
Միքայել Քոթանյանը, որ թողել է 100-ից ավելի գիտական աշխատություն։ Էկոնոմիկայի զարգացման վերաբերյալ արժեքավոր ուսունասիրություններ հեղինակած տնտեսագետ և հարգված դասախոս։
Քանի կա հայ ժողովուրդը և Հայաստանի Հանրապետությունը, կան զոհվածների սրբազան գործի շարունակողները, մեր ընկերները մեզ հետ են։ Ես շնորհավորում եմ նրանց հայրենիքի բարձր պարգևներին արժանանալու առթիվ և մաղթում, որ նրանց հիշատակը միշտ վառ մնա։
Երկու օր առաջ Եռաբլուրի պանթեոնում մենք մայր հողին հանձնեցինք Անդրանիկ Զորավարի աճյունը։ Ինչպես Անդրանիկն ունեցավ իրեն արժանի հետնորդներ, այդպես, համոզված եմ, որ Վազգեն Սարգսյանը, Կարեն Դեմիրճյանը և մեր մյուս նահատակները կունենան իրե՛նց հաջորդները։ Իրենց պայծառ օրինակներով կդաստիարակվեն նոր սերունդներ, որոնք պատվով կբռնեն պատմության քննությունը: Հավատում եմ, որ այսպես ենք մենք դիմակայելու ճակատագրի մարտահրավերները և այսպես ենք անմահացնելու հիշատակը նրանց, ովքեր այսօր պարգևատրվում են։