Ռետրո

Մենք մեր ժողովրդին հնարավորություն չտվեցինք գնահատել անգամ իր հաղթանակած պատերազմը. Վազգեն Սարգսյանը՝ 1999թ.

Radar Armenia-ն ներկայացնում է 1999թ. ՀՀ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի ելույթի հատվածը ՀՀԿ համագումարում։ Սարգսյանը խոսում է ներազգային պառակտվածության հարցերից։

Ողջունում եմ ՀՀԿ նորընտիր խորհրդին, խորհրդի նախագահ պարոն Մարգարյանին։ Ցանկանում եմ անմնացորդ աշխատանք, անքուն գիշերներ, մաքառում։ Ցանկանում եմ, որպեսզի անձնական օրինակով, որովհետև միայն անձնական օրինակով հնարավոր է մեկ մարդ տանել, ուր մնաց թե ամբողջ կուսակցություն` բազմահազարանոց, անձնական օրինակով կարողանանք ոգևորել, քաջալերել և մեր ետևից տանել բազմահազարանոց այս կուսակցությունը։ 16 Ես շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության բոլոր քաղաքական ուժերին։ Թող տարօրինակ չթվա, իսկապես շնորհավորում եմ, չնայած նրանցից շատերը, հասկանալի է, վերջին օրերի քաղաքական տեղատվություններից բավականին հոգնել էին և իրենք շնորհավորելու հնարավորություն չունեցան։ Ես շնորհավորում եմ նրանց և ասեմ, թե ինչու։ Շնորհավորում եմ, որովհետև այս կուսակցությունը, այս շարժումը չի ստեղծվել ձեր դեմ, չի գործելու ձեր դեմ, գործելու է ձեզ հետ միասին։ Եվ եթե կամքներս ու համբերություններս ների, և եթե Աստված կամենա, փորձելու ենք ստեղծել վերկուսակցական մի շարժում, որ բոլորիդ փոխարեն բոլորիդ արժանիքները գնահատելու և իր չափով պատմական կտրվածքով, պատմական կտավի վրա լավին ու վատին տեր է կանգնելու։ Որովհետև քաղաքական բոլոր տեսությունները, գաղափարական սիստեմներն ու կուսակցական կրքերը անցողիկ են։ Կա ազգային շահերի երկաթյա օրենք։ Իսկ ազգը, պետությունը միայն կուսակցությունները չեն։ Դա նույնիսկ այս ժամանակահատվածում, այս փոքրիկ հողի վրա ապրող 4 միլիոն հայերս չենք։ Ազգը հանդես է գալիս հազարամյա անցյալում և ապագայում, որոնք միստիկական հավատի և մնայուն արժեքների միավորման մեջ ստեղծում են Հայաստանի կերպարը և տեղը այս արևի տակ։

Մինչդեռ, ցավոք, մենք այնքան ենք մանրացել, այնքան ենք դառել օրվա կրքերի ու քաղաքական կոնյուկտուրայի գերին, որ կորցրել ենք անցյալի և ապագայի զգացողությունը, վտանգի զգացողությունը։ Մեր ներքին ժանգը մեզ ներսից ուտում ու պառակտում է մեզ, պառակտում է մեր ժողովրդին։ Ժողովուրդը կորցնում է հավատն իր ներուժի նկատմամբ, և սա ամենասարսափելին է։ Մեր արած լավ գործերն անգամ մենք չենք կարողանում նկատել։ Բացասման բացասումը մեր տունը քանդում է կամ կարող է քանդել։ Իրականում մենք շատ ավելի լավն ենք, քան ինքներս մեզ ներկայացնում ենք աշխարհին։ Դրեք ուրիշ ժողովրդի մեր վիճակում և դիտարկեք հենց միայն անցյալ հարյուրամյակի կտրվածքով։ Առաջին համաշխարհային պատերազմ` պետականության լիակատար բացակայության պայմաններում, Հայոց մեծ եղեռն, հեղափոխություն, համաշխարհային երկրորդ պատերազմ, Հայրենական մեծ պատերազմ, արցախյան պատերազմ, երկրաշարժ։ Եվ այդ ամենից հետո մենք 21-րդ դար ենք մտնում բացարձակ դրական հաշվեկշռով` Հայոց անկախ պետականությամբ, հայացած Հայաստանով, որ ես նույնքան կարևոր, կամ ինձ կներեք, ավելի կարևոր եմ համարում, քան Հայաստանի անկախացումը, ազատագրված Արցախով, ռազմական հաղթանակներով, որ դարերով չենք ունեցել, կայացած ամուր բանակով։

Ուրեմն դառնանք ու փառաբանենք մեր հերոս ժողովրդին։ Դառնանք ու փառաբանենք Հայաստանի Առաջին Հանրապետությունը կերտողներին։ Այսօր հեշտ է խոսել նրանց մասին, հեշտ է խոսել սխալների մասին։ Սխալների մասին այնքան ենք խոսել արդեն, այնքան ենք մեկս մյուսին մերժել, որ երբեմն անգամ անունները տալ մարդիկ չեն համարձակվում։ Իրականում հանրապետություն կերտողները մեծապատիվ մարդիկ էին, գաղափարի մարդիկ էին։ Եվ ես չեմ պատկերացնում, եթե չլիներ առաջին Հանրապետությունը, թերևս, Հայաստանի սովետականացման ժամանակ Հայաստանի Սովետական Հանրապետությունը հանրապետության կարգավիճակ չունենար։ Որովհետև բազմաթիվ ժողովուրդներ կային, որ և՛ քանակով, և՛ տարածքով մեզանից մեծ էին, բայց Սովետական Միության կազմում հանրապետության կարգավիճակ չունեցան։ Եվ դժվար է այսօր պատկերացնել, եթե չլիներ քաղաքական կամք, այդ խառնիճաղանջ ժամանակահատվածում հնարավո՞ր էր, արդյոք, Հայաստանի այս փոքր հատվածը փրկել։ Մարդիկ կարողացան Սարդարապատ կազմակերպել, մարդիկ կարողացան Հանրապետություն ստեղծել, որը դարձավ մեր ապագա բոլոր հանրապետությունների հիմքը։ Եվ, քանի որ մեր հանրապետությունները միշտ կուսակցականացվել են, առաջին հանրապետությունը համարվում է դաշնակցական։ Չի կարելի չշեշտել նաև այն մեծ դերը, որ դաշնակցական կուսակցությունն ունեցավ Սփյուռքի պահպանության գործում։ Այս մասին չի խոսվել, բայց այդ դերը չափազանց մեծ է, և չի կարելի դա չգնահատել և չի կարելի չօգտագործել Դաշնակցության հիրավի համաշխարհային կառույցը։ Ուրեմն, դառնանք ու փառաբանենք Հայաստանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն կերտողներին։ Հիշենք, ի՞նչ ունեինք մենք։ Երբեմն խոսում ենք մեր պապերի թողած ժառանգության մասին, անցյալի փառքի մասին։ Բացի մեր 17 հիշողություններից, բացի մեր մշակույթից, ըստ էության, ոչինչ թողնված չէր։ Եվ 70 տարիների ընթացքում, որի մասին ամեն վատն արդեն ասել ենք, Հայաստանի Սովետական Հանրապետություն կերտողները կարողացան, արանքում հաղթելով համաշխարհային երկրորդ աշխարհամարտում` աշխարհի ամենադաժան պատերազմում, այնուամենայնիվ, 70 տարվա ընթացքում կարողացան ստեղծել հզոր տնտեսություն, հզոր մշակույթ, որպիսին մենք երբևէ չենք ունեցել։ Եվ քիչ էր մնացել արդեն` այդ մարդկանց մենք դասելու էինք դավաճանների շարքը։ Չգնահատել նրանց ձեռքբերումները, չգնահատել նրանց արածը՝ ուղղակի սրբապղծություն է։

Ուրեմն դառնանք ու փառաբանենք Հայաստանի նորօրյա պատմություն, պետականություն կերտողներին։ Յուրաքանչյուր պետության մասին, պատերազմող պետության մասին առաջին հերթին դատում են պատերազմի արդյունքներով` հաղթեցի՞նք պատերազմում, թե ոչ, երկիրը պահպանեցի՞նք, թե ոչ, սահմանները պաշտպանեցի՞նք , թե ոչ։ Շագրենի կաշու պես փոքրացած այս պետությունն ի վերջո սպառվե՞ց, թե՞ պաշտպանվեց ու հաղթանակներ տարավ։ Եվ եթե այս տեսանկյունով ենք դատում, ապա այստեղ մենք ունենք մեծագույն ձեռքբերումներ, հաղթանակներ, որ դարերով չէինք ունեցել։ Եվ չգնահատել այս ձեռքբերումները, դա նմանապես սրբապղծություն է։ Չգնահատե՞լ, որ այս ժամանակահատվածում մենք կարողացանք իսկապես անկախ երկիր ունենալ, իսկապես ամուր բանակ ունենալ։ Սրանք մնայուն ձեռքբերումներ են, այս ամենը չգնահատելը սրբապղծություն է։ Վերջապես, Հայաստանի հաստատման խնդիրը։ Այն պրոցեսը, որը սկսվել էր Հայաստանի Առաջին Հանրապետության ժամանակ, Նժդեհի, Դրոյի օրոք, ավարտվեց Հայաստանի 3-րդ հանրապետության ժամանակ։ Սա չափազանց կարևոր խնդիր է։ Ահա այս վիճակում ենք մենք գտնվում։ Մենք ունեցել ենք բազմաթիվ սխալներ, կրկնում եմ, սխալներից պիտի դասեր քաղել։

Բայց մեկս մյուսին սևացնելով, աշխարհին ներկայացնելով մեր ժողովրդի միայն վատը, մենք կործանարար քայլ ենք կատարում մեր նկատմամբ։ Սխալներից դասեր քաղենք, բայց չսևացնենք, չոչնչացնենք իրար և պատմական կտրվածքով մեր ձեռք բերածը։ Դաշնակները քննադատում էին կոմունիստներին, կոմունիստները` դաշնակներին։ Հետո ՀՀՇ-ն եկավ, միանգամից քննադատեց և՛ կոմունիստներին, և՛ դաշնակներին։ Հիմա դաշնակները կոմունիստների հետ միացել և քննադատում են ՀՀՇ-ին։ Եվ այդպես շարունակ։ Եվ, ի վերջո, հասնելու ենք այն վիճակին, որ այս երկիրը, այս ժողովուրդը մտածելու է` վերջապես կա՞ն այս ժողովրդի մեջ ոչ դավաճաններ։ Արդյունքում սևանում են նաև ազգային բացարձակ ձեռքբերումները։ Արդյունքում արդեն ժողովուրդն սկսել է չհավատալ իր բացարձակ արժեքներին, չի հավատում անկախությանը, չի հավատում հաղթանակներին։ Աշխարհի ոչ մի ժողովուրդ պատերազմ չի սիրում։ Բայց աշխարհի ոչ մի ժողովուրդ նաև չի ատում իր հաղթանակած պատերազմը։ Պատերազմի նկատմամբ տոտալ, համաժողովրդական ատելությունը հղի է նոր պատերազմների և կործանման վտանգով։ Մենք մեր ժողովրդին հնարավորություն չտվեցինք գնահատել անգամ իր հաղթանակած պատերազմը։ Արդյունքում հասել ենք արդեն սիմվոլների ոչնչացմանը։ Մայիսի 28-ը դաշնակներինն է` չենք տոնում, սեպտեմբերի 21-ը ՀՀՇ-ինն է` չենք տոնում, Սահմանադրությունը Լևոնինն է` մերը չէ։ Այս շարժումը մտադիր է վերցնել այն ամբողջ դրականը, որ հարյուրամյակի կտրվածքով ստեղծված է, և ձեզ հետ, բոլորիդ հետ միասին ստեղծված բացարձակ արժեքները։ Այդ բացարձակ արժեքների` անկախության, պետականության, ազատագրված Արցախի, անվտանգ սահմանների հիմքի վրա, սոցիալական լիբերալիզմի հիմքի վրա բարձրացնել Հայաստանը, ոտքի կանգնեցնել կաթվածահար տնտեսությունն ու մշակույթը։

Ոչ ոք մեր փոխարեն մեր տունը չի շինելու։ Իսկ տուն շինելու համար ամենաառաջին հերթին օջախում համերաշխություն է պետք։