Ռետրո

Հայաստանի 4-րդ վարչապետը. կոմպրոմիսային թեկնածուն (Լուսանկարներ)

Հայաստանի Առաջին Հանրապետությունն ունեցել է սոսկ 2.5 տարվա կյանք։ Այդ ընթացքում Հայաստանն ունեցել է 4 կառավարություն՝ գերազանցապես կազմավորված ՀՅԴ ներկայացուցիչներից։ Բնույթով խորհրդարանական պետություն լինելով՝ գործադիր իշխանությունը կառավարությանն էր, դրա գլուխը՝ վարչապետը։ Կարճ ժամանակում 4 կառավարություն փոխելը խոսում է պետության ներքին անկայունության ու հաստատուն քաղաքականության բացակայության մասին։ Radar Armenia-ն ներկայացնում է Հայաստանի Առաջին Հանրապետության 4 վարչապետներին։ 

Սիմոն Վրացյանը ծնվել է 1882թ. մարտի 24-ին Նոր Նախիջևանի Մեծ Սալա գյուղում, Ղրիմից գաղթած գյուղացու ընտանիքում։ Սկզբնական կրթությունը ստացել է ռուսական դպրոցում։ Գյուղի տարրական նախակրթարանն ավարտելուց հետո նա կրթությունը շարունակել է Նոր Նախիջևանի թեմական դպրոցում։ Էջմիածնի Գևորգյան ճեմարանի լսարանն ավարտել է 1906թ.։

1906թ. սկսել է հեղափոխական գործունեությունը. զենք ձեռք բերելով ուղարկել է Արևմտյան Հայաստան՝ ֆիդայական ջոկատներին։ 1907թ. մասնակցել է Վիեննայի դաշնակցական 4-րդ կոնգրեսին։ Պետերբուրգում ուսանելու ժամանակ Ս․ Վրացյանը Թիֆլիսի մամուլի պաշտոնական թղթակից էր՝ ուսումն ավարտելով 1910թ.։ Դաշնակցության դեմ սկսված հալածանքները հարկադրեցին Ս. Վրացյանին թողնել Պետերբուրգը եւ ապաստանել Թուրքիայում։ 1911-1913թթ. ԱՄՆ-ում թողարկել է «Հայրենիք» օրաթերթը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին վերադարձել է Թիֆլիս, որտեղ մասնակցել է հայկական կամավորական ջոկատների կազմակերպմանը։ 1917թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո Թիֆլիսում հրատարակել է «Հորիզոն» թերթը։ 1918թ. ընտրվել է Անդրկովկասյան սեյմի, ապա 1919թ. դաշնակցական բյուրոյի անդամ։ 1918թ. անդրկովկասյան կառավարության կազմում մասնակցել է Բաթումի թուրք-անդրկովկասյան բանակցություններին։

Անկախության հռչակումից հետո 1918թ. նշանակվել է Հարավ-ռուսական կամավորական բանակին կից դիվանագիտական առաքելության ղեկավար։ 1919թ. ընտրվել է Հայաստանի Հանրապետության խորհրդարանի անդամ։ 1920թ. մայիսին նշանակվել է Հ. Օհանջանյանի գլխավորած կառավարության գյուղատնտեսության և աշխատանքի նախարար։ 

1920թ. նոյեմբերի 23-ին Հայաստանի Հանրապետության Խորհրդարանի արտակարգ նիստում, որն ընթանում էր Ամերիկայից նոր վերադարձած Հովհաննես Քաջազնունու նախագահությամբ, Համո Օհանջանյանի Բյուրո-կառավարությունը ներկայացնում է իր հրաժարականը։ Այն ընդունվում է ձայների մեծամասնությամբ՝ 34 կողմ և մեկ ձեռնպահ։ Նիստում ձայների նույն հարաբերակցությամբ վարչապետ է ընտրվում Հ. Օհանջանյանի կառավարության գյուղատնտեսության և պետական գույքի նախարար Սիմոն Վրացյանը։ Վրացյանը համարվում էր Դաշնակցության ձախ թևի ներկայացուցիչ և կուսակցությունը հույս ուներ, որ նրան վարչապետ նշանակելով՝ հնարավոր կլիներ փրկել հայ-ռուսական հարաբերությունները և դրանք ծառայեցնել հայ-թուրքական հարաբերությունների հարաբերական կարգավորմանը՝ նկատի ունենալով, որ Հայաստանը պարտվել էր Թուրքիայի սկսած պատերազմում և կարիք կար առավել հարմար թեկնածուի։  Սակայն Վրացյանը, որը, թվում էր, կարող էր լինել կոմպրոմիսային թեկնածու, չկարողացավ կատարել այդ գործառույթը՝ նախ և առաջ այն պատճառով, որ ռուս-թուրքական համաձայնություններն արդեն հասել էին մի կետի, որտեղ անհատների դերակատարությունը այլևս ոչինչ չէր նշանակում ու գերակա էին Թուրքիայի ու Ռուսաստանի աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ծրագրերը։

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Վրացյանը հարկադրված էր թողնել կառավարության ղեկավարի պաշտոնը և իշխանությունը հանձնել բոլշևիկներին։ Սակայն 1921թ. փետրվարին Հայաստանում տեղի է ունենում փետրվարյան ապստամբությունը խորհրդային կառավարության դեմ։ Դրանից հետո, Վրացյան, որն ապստամբության նախօրյակին գտնվել է ընդհատակում և դեմ է եղել ապստամբության գաղափարին, գլխավորել է Հայրենիքի Փրկության Կոմիտեն։ Ավելի քան մեկ ամիս տևած քաղաքացիական բախումների անհաջող ելքի արդյունքում անցել է Զանգեզուր, որից հետո Պարսկաստանի միջով Նժդեհի հետ հեռացել է Հայաստանից։ 1921թ. օգոստոսից հետո ապրել է Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Լիբանանում՝ շարունակելով քաղաքական գործունեությունը։

Ուշագրավ է Սիմոն Վրացյանի «Հայաստանի Հանրապետություն» աշխատությունը, որտեղ նա ներկայացրել է Հայաստանի Առաջին Հանրապետության 2.5 տարվա պատմությունը՝ սեփական դիտանկյունից։ Կարևոր նշանակություն ունի նաև նրա պատասխան հոդվածը Հովհաննես Քաջազնունու՝ «Դաշնակցությունն այլևս անելիք չունի» հոդվածային զեկույցին և Քաջազնունու հետ նրա նամակագրությունը, որը հրատարակվել է մի քանի անգամ։ Այդ բանավեճերի մեջ են բացահայտվում Առաջին Հանրապետության տարիների եղելությունները և պարզ դառնում տեղի ունեցած անկման ողջ պատասխանատվությունը ու դերակատարները։