Հայաստանի Առաջին Հանրապետությունն ունեցել է սոսկ 2.5 տարվա կյանք։ Այդ ընթացքում Հայաստանն ունեցել է 4 կառավարություն՝ գերազանցապես կազմավորված ՀՅԴ ներկայացուցիչներից։ Բնույթով խորհրդարանական պետություն լինելով՝ գործադիր իշխանությունը կառավարությանն էր, դրա գլուխը՝ վարչապետը։ Կարճ ժամանակում 4 կառավարություն փոխելը խոսում է պետության ներքին անկայունության ու հաստատուն քաղաքականության բացակայության մասին։ Radar Armenia-ն ներկայացնում է Հայաստանի Առաջին Հանրապետության 4 վարչապետներին։
Հայաստանի առաջին վարչապետն է եղել Հովհաննես Քաջազնունին։
Հովհաննես Քաջազնունին ծնվել է 1868թ. փետրվարի 1-ին Թիֆլիսի նահանգի Ախալցխա քաղաքում։ Նրա նախնիները արմատներով Էրզրումից են եղել։ Նախնական կրթությունը ստացել է 1877 - 1886թթ.՝ Թիֆլիսում մասնավոր դպրոցում, ապա` ռեալական վարժարանում։
1887թ. ընդունվել է Սանկտ Պետերբուրգի քաղաքացիական ինժեներների ինստիտուտը, որը ավարտել է 1893թ.՝ ստանալով ճարտարապետի դիպլոմ։ 1886թ․ ավարտել է Թիֆլիսի ռեալական ուսումնարանը։ Որպես ինժեներ՝ 1895-1897թթ. ծառայել է Բաթումի սահմանապահ պահպանության կորպուսի սևծովյան բրիգադում։ 1897-1899թթ. եղել Թիֆլիսի քաղաքային վարչության ճարտարապետը։ Նա շատ էր նկարում ու մասնակցել է բազմաթիվ ցուցահանդեսների։
Դեռ պատանի հասակից սկսել է քաղաքական գործունեությունը։ Պետերբուրգում եղել է հայ ուսանողական միության վարչության նախագահ։ 1893թ անդամակցել է Դաշնակցությանը։
1914թ. վերադառնալով Կովկաս՝ 1917թ. Քաջազնունին ընտրվել է Հայոց Ազգային Խորհրդի անդամ, 1918թ. փետրվարին ընտրվել Անդրկովկասյան սեյմի անդամ, եղել ԱԺԴՀ խնամատարության նախարարը։ Քաջազնունին նաև եղել է Հայաստանի պատվիրակության կազմում, որը մասնակցում էր Տրապիզոնի ու Բաթումի հաշտության կոնֆերանսներին։ Ալեքսանդր Խատիսյանի հետ մեկտեղ՝ ստորագրել է Բաթումի պայմանագիրը՝ հայկական պատվիրակության անունից։
Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադրումից հետո Հովհաննես Քաջազնունին 1918թ. հունիսի 7-ին նշանակվել է վարչապետ։ Դեռևս Հայ Ազգային Խորհրդի՝ Թիֆլիսում գտնվելու օրերին՝ հունիսի 30-ին Քաջազնունին ներկայացրել է կառավարության կազմը՝ բաղկացած 4 նախարարներից։ 1918 թվականի հուլիսի 19-ին Հայաստանի կառավարության կազմը տեղափոխվել է Երևան։ Հոկտեմբերին Ազգային Ժողովի ճնշման հետևանքով Քաջազնունին հրաժարական է ներկայացնում, կազմում նոր կառավարություն, սակայն 1919թ. սկզբին կենտրոնանում է հայ-ամերիկյան հարաբերությունների զարգացման գործի վրա և անզիջում վարչապետի պաշտոնը Ալեքսանդր Խատիսյանին։
Հովհաննես Քաջազնունին հայոց պատմության եզակի դեմքերից էր, որը քաղաքականության մեջ մերժում էր արկածախնդրությունն ու երազայնությունը՝ պնդելով, որ պետությունը պետք է գործի առկա ռեսուրսների ելակետով։ Նա կողմ էր արտահայտվում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ համարելով, որ Բաթումի պայմանագիրը պետք է կատարել անպայմանորեն և ապահովել հայ ժողովրդի ու հայկական պետության անվտանգությունը։ Քաջազնունու և ՀՅԴ-ի հակասությունները ընթացիկ քաղաքականության վերաբերյալ բերեցին նրա հեռացմանը առաջին դեմքի կարգավիճակից՝ միաժամանակ ավելի խորը գնալով Հայաստանի Առաջին Հանրապետության անկումից հետո։ Քաջազնունին էր, որ հեղինակեց «Դաշնակցությունն այլևս անելիք չունի» գրքույկը, որը մեծ բանավեճ բացեց ՀՅԴ ներսում՝ ստիպելով դաշնակցական գործիչներին միմյանց հետ բանավեճերում բացահայտել Առաջին Հանրապետության ընթացքի ու անկման մանրամասները։
1937-38թթ. ԽՍՀՄ-ում ծավալված բռնությունները չեն շրջանցում բազմաթիվ մտավորականների, որոնց թվում և Հովհաննես Քաջազնունուն։ 1937թ. հուլիսի 29-ին նա Ստեփանավանում ձերբակալվում է ՀՍՍՀ ՆԿՎԴ-ի կողմից։ Քաջազնունու ձերբակալելու և մեղադրանք ներկայացնելու հիմք հանդիսացել է նրա որդի Կարեն Քաջազնունու ցուցմունք-մատնագիրը, որում նա հայտնում է, որ իր հայրը` Հովհաննես Քաջազնունին, համոզված դաշնակցական է, «կատարյալ բուրժուա», «խորհրդային կառավարության թշնամի», բացի դա` ձերբակալելու հիմք են եղել որոշ օպերատիվ տվյալներ։ Ժամանակակիցները, որոնք եղել են Չեկայի նկուղներում և տեսել են Հ. Քաջազնունուն ու հետագայում հրաշքով կարողացել դուրս գալ Խորհրդային Միությունից, պատմել են, որ Հ. Քաջազնունին բանտարկված է եղել թիվ 17 խցում և մեղադրվել «լրտեսության» մեջ, իբր «գողացել և օտար պետության է տրամադրել ինչ-որ գծագրեր»։ Եվ որպեսզի ստիպեն նրան խոստովանել իր արարքը, Քաջազնունուն ենթարկել են զանազան կտտանքների և կուրացրել 3500 մոմանոց էլեկտրական լամպերի միջոցով։
1937թ. դեկտեմբերի 5-ին Հ. Քաջազնունու հանդեպ կայացվել է գնդակահարության դատավճիռ՝ անձնական գույքի բռնագրավմամբ։ Առողջական խնդիրների պատճառով, սակայն, նա պառկած է եղել Երևանի բանտային հիվանդանոցում։ Նախկին վարչապետի առողջական վիճակի հետագա սրացումը (պաշտոնական վարկածով՝ ծերունական թուլություն, տուբերկուլյոզ և գրիպ) հանգեցնում է նրան, որ նա մահանում է բանտային հիվանդանոցում 1938 թ. հունվարի 15-ին, 70 տարեկան հասակում։
Քաջազնունու պետական-քաղաքական գործունեությունը, սակայն, դժբախտաբար պատշաճ ձևով հայկական իրականության մեջ այդպես էլ չի գնահատվել՝ պատմական գործչի, քաղաքական մտածողի նրա կերպարը օրինակելի չդարձնելով ոչ միայն համալսարաններում և հումանիտար մտքի այլ կրթական հաստատություններում, այլև անգամ հանրային-քաղաքական փորձագիտական ու մասնագիտական շրջանակներում։ Մինչդեռ նրա «Հ. Յ. Դաշնակցութիւնը անելիք չունի այլևս» աշխատությունը կոթողային նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի Առաջին Հանրապետության պատմության ուսումնասիրության, այլև ներկայումս ներքին ու արտաքին քաղաքական հարացույցների ընկալման համար։