Ռետրո

Հայաստանի 2-րդ վարչապետը. Թիֆլիսի քաղաքապետն ու մասսոնական օթյակների անդամը (Լուսանկարներ)

Հայաստանի Առաջին Հանրապետությունն ունեցել է սոսկ 2.5 տարվա կյանք։ Այդ ընթացքում Հայաստանն ունեցել է 4 կառավարություն՝ գերազանցապես կազմավորված ՀՅԴ ներկայացուցիչներից։ Բնույթով խորհրդարանական պետություն լինելով՝ գործադիր իշխանությունը կառավարությանն էր, դրա գլուխը՝ վարչապետը։ Կարճ ժամանակում 4 կառավարություն փոխելը խոսում է պետության ներքին անկայունության ու հաստատուն քաղաքականության բացակայության մասին։ Radar Armenia-ն ներկայացնում է Հայաստանի Առաջին Հանրապետության 4 վարչապետներին։ 

Ալեքսանդր Խատիսյանը ծնվել է Թիֆլիսում՝ 1874թ. փետրվարի 17-ին ազնվականի ընտանիքում։ 1891թ. ավարտել է Թիֆլիսի պետական գիմնազիան, սովորել է Մոսկվայի և Խարկովի համալսարաններում և ստացել բժշկական կրթություն։ 1897թ. գերազանցությամբ ավարտել է համալսարանը ու ստացել բժիշկի մասնագիտություն։ 1898թ. մեկնել է արտասահման՝ վերապատրաստվելու լավագույն կլինիկաներում։ Այցելել է Իտալիա, Ֆրանսիա ու Գերմանիա, որտեղ ուսուցանել է հասարակական, իրավական գիտություններ ու մունիցիպալ գործ՝ սպանդանոցներ, հիվանդանոցներ, ջրամատակարարում։ 

Խատիսյանը տիրապետել է հայերենին, ռուսերենին, անգլերենին, ֆրանսերենին, գերմաներենին ու վրացերենին։

1900թ. վերադարձել է Թիֆլիս ու զբաղվել քաղաքականությամբ։ 1902թ. ընտրվել է Քաղաքային դումայի նախագահ, Թիֆլիսի քաղաքային խորհրդի խորհրդական, 1905թ.՝ քաղաքային վարչության անդամ։ Մասնակցել է 1905թ. հեղափոխությանը։ 1907թ. Թիֆլիսի քաղաքագլխի օգնականն էր, 1910-1917թթ.՝ Թիֆլիսի քաղաքագլուխը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին հայ գաղթականներին և Մեծ եղեռնի վերապրածներին օգնության կազմակերպողներից մեկն էր։ Աջակցել է հայկական կամավորական ջոկատների կազմավորմանը։ 1915 - 1917թթ. ընտրվել է Հայկական Ազգային Բյուրոյի (Թիֆլիս) նախագահի տեղակալ։

1917թ. Փետրվարյան հեղափոխությունից հետո ընդունվել է ՀՅԴ շարքերը։ Այդ ընթացքում ղեկավարել է Հայկական Ազգային Բյուրոն, 1917թ. տեղափոխվել Հայաստան և ընտրվել Ալեքսանդրապոլի քաղաքագլուխ։ 1918թ. ապրիլին նշանակվել է նորաստեղծ Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետության ֆինանսների և պարենի նախարար, նաև անդրկովկասյան Սեյմի կառավարության օգնության նախարար։ 

Մասնակցել է Թուրքիայի հետ խաղաղության բանակցություններին Տրապիզոնում (փետրվարին) և Բաթումում (մայիսին)։ Հայաստանի Հանրապետության հռչակումից հետ Խատիսյանը Հովհաննես Քաջազնունու հետ ստորագրել է Բաթումի խաղաղության պայմանագիրը։ 1918 նոյեմբերին Նա նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար։ 1919 թվականի փետրվարի 15-ին նա նշանակվում է ՀՀ վարչապետի պաշտոնակատար, երբ Քաջազնունին կենտրոնանում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների խորացման վրա։ Խատիսյանի կառավարման ժամանակ մի կարճ շրջափուլ հնարավորություն առաջացավ կենտրոնանալ պետության տնտեսության ու սոցիալական հարաբերությունների կարգավորման վրա։ Այդ շրջանում տնտեսական վերափոխություններ կատարվեցին, օրենսդրական բազա ստեղծվեց, կրթական ու մշակութային կյանքի աշխուժացում տեղի ունեցավ։ 1919 թ-ի ամռանը երկրորդ գումարման Ազգային Ժողովը պահանջեց Խատիսյանից ձևավորել նոր կառավարություն։ Օգոստոսի 10-ին կառավարության կոր կազմը հաստատվեց՝ 5 նախարարներով։ 1920 թ-ի գարնանը Խատիսյանը ներկայացնում է իր կառավարության երրորդ կազմը՝ 9 նախարարներով։

Խատիսյանի պաշտոնավարության վերջին շրջանում Հայաստանում իրավիճակը կրկին ապակայունացավ, Ադրբեջանը խորհրդայնացավ, այդ ընթացքում մայիսին տեղի ունեցան ցույցեր, և բոլշևիկներն օգտագործեցին այդ ցույցերը. արդյունքում առաջացավ կառավարական ճգնաժամ։ Բոլշևիկյան ապստամբության հետևանքով ստեղծված լարված դրության պայմաններում մայիսի 5-ին գումարվեց խորհրդարանի արտակարգ նիստ։ Խատիսյանի հրաժարականը օրենսդիրներին ներկայացրեց Հ. Քաջազնունին։ Խորհրդարանն ընդունեց Խատիսյանի կաբինետի հրաժարականը։ 

Հայաստանի Առաջին Հանրապետության անկումից հետո Խատիսյանը տեղափոխվում է Փարիզ, որտեղ հայկական ազգային պատվիրակության կազմում շարունակում է քաղաքական գործունեությունը, սկզբում որպես նախագահի տեղակալ, ապա նախագահ։ 1922-1923թթ. մասնակցում է Լոզանի կոնֆերանսին։ 

Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին՝ Փարիզի օկուպացիայի ժամանակ, տեղափոխվել է Պորտուգալիա՝ Պորտու քաղաք։ 1944թ. Խատիսյանը ձերբակալվել է՝ գաղտնի ամբաստանության հիման վրա և մեղադրել գերմանացիների հետ կապերի մեջ։ Սակայն շուտով ազատվել է բանտարկությունից՝ փաստերի բացակայության պատճառով։ Մահացել է 1945թ. մարտի 10-ին՝ Փարիզում։

Հետաքրքրական է, որ իր կյանքի ընթացքում Խատիսյանը սոցիալական ակտիվ գործունեություն է ծավալել՝ անդամակցելով ինչպես ռուսական տարբեր խմբակների, այնպես էլ մասոնական օթյակներին։1924—1931թթ. նա անդամակցել է Հյուսիսային աստղ օթյակին, 1931-1937թթ.՝ Ֆրանսիայի Մեծ Արևելքի Ազատ Ռուսաստան օթյակին։ 1932թ. անդամակցել է «Հյուսիսային աստղ» օթյակի ղեկավար մարմնին, որը համախմբում էր 18-րդ աստիճանի ռուսաստանցի մասսոններին։