Հայաստանի Առաջին Հանրապետությունն ունեցել է սոսկ 2.5 տարվա կյանք։ Այդ ընթացքում Հայաստանն ունեցել է 4 կառավարություն՝ գերազանցապես կազմավորված ՀՅԴ ներկայացուցիչներից։ Բնույթով խորհրդարանական պետություն լինելով՝ գործադիր իշխանությունը կառավարությանն էր, դրա գլուխը՝ վարչապետը։ Կարճ ժամանակում 4 կառավարություն փոխելը խոսում է պետության ներքին անկայունության ու հաստատուն քաղաքականության բացակայության մասին։ Radar Armenia-ն ներկայացնում է Հայաստանի Առաջին Հանրապետության 4 վարչապետներին։
Համո Օհանջանյանը ծնվել է Ախալքալաքում։ Ծննդյան օրվա մասին կա 3 վարկած՝ 1873թ. կամ 1874թ. փետրվարի 1, կամ փետրվարի 10։
Ծննդյան անունը՝ Համազասպ էր, կուսակցական ծածկանունը՝ Մհերյան։
Համո Օհանջանյանը սովորել է Ախալքալաքի դպրոցում, ավարտել Թիֆլիսի ռուսական վարժարանը։ Մեկնել է Մոսկվա՝ համալսարանում բժշկական կրթություն ստանալու։ Այդժամ էլ կապեր է հաստատել հեղափոխականների հետ, Մոսկվայից հեռացել Թիֆլիս։
1899թ. մեկնել է Շվեյցարիա՝ Լոզանում բժշկական մասնագիտացման համար։ 1902թ. ավարտելով ուսումը՝ վերադարձել է Թիֆլիս։
Օհանջանյանը մասնակցել է ՀՅԴ 3-րդ և 4-րդ ընդհանուր ժողովներին, դարձeլ Արևելյան բյուրոյի անդամ։ Կուսակցության ներսում հանդիսացել է կապող օղակ տարբեր հոսանքների միջև։ Կուսակցական գործունեություն է իրականացրել 1905-1907թթ. ռուսական առաջին հեղափոխության ժամանակ։
1908թ. մոտ 160 դաշնակցականների հետ ձերբակալվել է ցարական իշխանության կողմից, տարվել Մետեխի բանտ։ Նրան ուղարկել են Սիբիր՝ ապրելու որպես աքսորյալ ու բարելավելու առողջական վիճակը։
Բանտարկությունից ազատվել է 1915թ. Գևորգ Ե կաթողիկոսի և փոխարքա Իլլարիոն Վորոնցով-Դաշկովի միջնորդությամբ, վերադարձել Թիֆլիս։ Փետրվարյան հեղափոխությունից հետո մեկնել է Պետրոգրադ, իսկ այնուհետև Ռոստով։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո Հայ ազգային խորհուրդը Գերմանիա է ուղարկել պատվիրակություն՝ Օհանջանյանի գլխավորությամբ, սակայն բանագնացները չեն կարողացել լուծել դրված խնդիրը։ 1918թ. մայիսին Օհանջանյանը գործուն մասնակցություն է ունեցել Ղարաքիլիսայի ճակատամարտում, որտեղ զոհվել է նրա ավագ որդին։
1918թ. մայիսին Փարիզի վեհաժողովին մասնակցելու համար հայկական պատվիրակության կազմում էր նաև Օհանջանյանը, որը Եվրոպայում մնացել է մինչև 1920թ.։ 1919թ. ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովում Օհանջանյանն ընտրվել է բյուրոյի անդամ։ 1920թ. սկզբին նա վերադարձել է Հայաստան ու ստանձնել Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կազմում ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնը։
Բոլշևիկների կողմից մայիսյան ապստամբության ժամանակ Ա. Խատիսյանի հրաժարականից հետո, 1920թ. մայիսի 5-ին Համո Օհանջանյանն ընտրվել է ՀՀ վարչապետ։ Օհանջանյանի կառավարությունը դաժան միջոցառումներ ձեռնարկեց՝ ճնշելով բոլշևիկյան ապստամբությունը։ Նրա ջանքերի արդյունքում կառավարության դեմ դիմադրությունը ջախջախվում է և Հայաստանում ձախողվում է խորհրդայնացման փորձը։
Օհանջանյանի կառավարման շրջանում պետությունը հայտնվում է տնտեսական բարդ դրության մեջ, իսկ ծախսերը սկսում են հոգալ հավելյալ թղթադրամներ տպագրելով։ Տնտեսական դժվարություններին համարժեք պատասխան չտալու հետ միասին վատթարանում է Հայաստանի արտաքին դրությունը։ Հայաստանի կառավարությունն անկարող է լինում Թուրքիայի և Ռուսաստանի հետ համարժեք քաղաքականություն վարելու հարցում, ինչը հանգում է 1920թ. սեպտեմբերին Թուրքիայի ռազմական ագրեսիային։
1920թ. սեպտեմբերի 22-ին՝ քեմալական թուրքերի բանակը Քյազիմ Կարաբեքիր փաշայի գլխավորությամբ հարձակվում է Հայաստանի վրա՝ գրավելով Օլթին, Արդվինը, Կաղզվանը, Իգդիրը, Սարիղամիշն ու Կաղզվանը։ Հոկտեմբերի 30-ին առանց դիմադրության հանձնվում է Կարսը։ Արտաքին ծանրագույն մարտահրավերին համարժեք պատասխան տալու անկարողությամբ Օհանջանյանի կառավարությունը նոյեմբերի 23-ին հրաժարական է տալիս։
Հայաստանի խորհրդայնացումից հետո Օհանջանյանը փորձեց խուսափել բոլշևիկների հալածանքներից, փորձեց հեռանալ Հայաստանից, սակայն հայ-վրացական սահմանի վրա ձերբակալվեց։ 1921թ. փետրվարյան ապստամբության շնորհիվ փրկվեց, հեռացավ Սյունիք, ապա՝ Պարսկաստան։ Հաստատվեց Կահիրեում։ Նա մահացել է 1947թ. հուլիսի 31-ին։