Ռետրո

Անկախության պառլամենտը (Լուսանկարներ)

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքով ձևավորվեց նոր՝ 8-րդ գումարման խորհրդարանը։ Այդ ընտրություններն, ըստ էության, աննախադեպ էին՝ թե՛ մասնակից կուսակցությունների քանակով, թե՛ պայմանավորված այն փաստով, որ միտված էին քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը։ Թեպետ ԱԺ չանցած ուժերը դժգոհ էին ընտրությունների արդյունքներից, ինչպես նաև ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, սակայն հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած իշխանությունը, ըստ էության, լեգիտիմ ճանաչվեց հանրության կողմից, իսկ քվեարկության ժամանակ էական ընտրախախտումներ չարձանագրվեցին։ Radar Armenia-ն առաջարկում է հետահայց ձգել Հայաստանի խորհրդարանական անցյալին պարզելու, թե երբ են տեղի ունեցել ԱԺ ընտրությունները, ինչ խմբակցություններ են ձևավորվել, ովքեր են կազմել իշխանություն, ովքեր՝ ընդդիմություն և այլ փաստական հետաքրքիր տվյալներ։

Անկախացման նախաշեմին Հայաստանի առաջին գումարման Գերագույն խորհուրդը 1990թ. կազմավորվեց մեծամասնական ընտրակարգով (260 պատգամավոր), երկու փուլով` մայիսի 20-ին և հունիսի 3-ին: Այդ ժամանակ Հայաստանը դեռևս խորհրդային հանրապետություն էր: Նոր խորհրդարանում, որն սկսեց գործել հուլիսի 20-ից, ներկայացված էր երկու քաղաքական ուժ` Կոմունիստական կուսակցությունը և Հայոց համազգային շարժումը: Հետագայում խորհրդարանում կազմավորվեցին ՀՀՇ, ՀՌԱԿ, ՀՅԴ, ՀԱԺԿ, ՀԿԿ կուսակցական խմբակցությունները: Գերագույն խորհրդում ստեղծվեցին «Հանրապետություն» (38 պատգ.), «Արցախ» (11 պատգ.), «Լիբերալ-դեմոկրատներ» (10 պատգ.), «Ազգային առաջադիմություն» (10 պատգ.) պատգամավորական խմբերը: ՀՅԴ խմբակցությունը վերափոխվեց պատգամավորական խմբի (12 պատգ.):

1990թ. օգոստոսի 4-ին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ օգոստոսի 6-ին նախագահի տեղակալներ ընտրվեցին Բաբկեն Արարքցյանը` առաջին տեղակալ, և Գագիկ Հարությունյանը: Օգոստոսի 13-ին կազմվեց կառավարություն՝ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ։

1990թ. սեպտեմբերի 17-ին ՀՀ Գերագույն խորհրդում ձևավորվեցին «Արցախի կանչ» (26 պատգ.) և «Ազգայնական» (31 պատգ.), իսկ 1991թ. մարտի 6-ին` «Կոմունիստ» (25 պատգ.) և «Հանրապետություն» (21 պատգ.) պատգամավորական խմբերը: 1991թ. նոյեմբերի 28-ին ձևավորվեց «Ազգային ժողովրդավարներ» պատգամավորական խումբը (10 պատգ.):

ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհուրդն առաջին նստաշրջանում` օգոստոսի 23-ին, ընդունեց «Հայաստանի անկախության մասին» հռչակագիրը, որով հռչակվեց անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը: Հռչակագրի ընդունումից անմիջապես հետո` օգոստոսի 24-ին, հիմնվելով «Հայաստանի անկախության մասին» հռչակագրի վրա, ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը որոշեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունը վերանվանել Հայաստանի Հանրապետություն, իսկ գործող տասներկուերորդ գումարման Գերագույն խորհուրդը համարել Հայաստանի Հանրապետության առաջին գումարման Գերագույն խորհուրդ:

1991թ. մարտի 1-ին Գերագույն խորհուրդն ընդունեց «1991թ. սեպտեմբերի 21-ին ՀՀ տարածքում ԽՍՀՄ-ի կազմից դուրս գալու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու մասին» որոշումը:

1991թ. հունիսի 25-ին ՀՀ Գերագույն խորհուրդը որոշեց ՀՀ Նախագահի ընտրությունները նշանակել 1991թ. հոկտեմբերի 16-ին:

1991թ. սեպտեմբերի 23-ին ՀՀ Գերագույն խորհուրդը, հիմք ընդունելով ԽՍՀՄ կազմից դուրս գալու մասին 1991թ. սեպտեմբերի 21-ի անցկացված հանրաքվեի արդյունքները, Հայաստանի Հանրապետությունը հռչակեց անկախ պետություն:

  1991թ. հոկտեմբերի 16-ին Հայաստանի Հանրապետության Նախագահ ընտրվեց Լևոն Տեր-Պետրոսյանը, իսկ փոխնախագահ` Գագիկ Հարությունյանը: Նոյեմբերի 11-ին  հրավիրվեց ՀՀ Գերագույն խորհրդի հատուկ նիստ` նվիրված ՀՀ Նախագահի երդման արարողությանը: 1991թ. դեկտեմբերի 24-ին ՀՀ Գերագույն խորհրդի նախագահ ընտրվեց Բաբկեն Արարքցյանը:

ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհուրդն իր աշխատանքները սկսեց 1990թ. հուլիսի 20-ին և ավարտեց 1995թ. մայիսի 15-ին: Այդ ընթացքում ընդունվեցին 1169 որոշում և 185 օրենք, որոնցից 104-ը` «մայր», իսկ 81-ը` փոփոխություններ և լրացումներ գործող օրենքներում:  Վավերացվել է 148 միջազգային պայմանագիր:

1995թ. հուլիսի 5-ին ընդունվեց Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը: