Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքով ձևավորվեց նոր՝ 8-րդ գումարման խորհրդարանը։ Այդ ընտրություններն, ըստ էության, աննախադեպ էին՝ թե՛ մասնակից կուսակցությունների քանակով, թե՛ պայմանավորված այն փաստով, որ միտված էին քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը։ Թեպետ ԱԺ չանցած ուժերը դժգոհ էին ընտրությունների արդյունքներից, ինչպես նաև ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, սակայն հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած իշխանությունը, ըստ էության, լեգիտիմ ճանաչվեց հանրության կողմից, իսկ քվեարկության ժամանակ էական ընտրախախտումներ չարձանագրվեցին։ Radar Armenia-ն առաջարկում է հետահայց ձգել Հայաստանի խորհրդարանական անցյալին պարզելու, թե երբ են տեղի ունեցել ԱԺ ընտրությունները, ինչ խմբակցություններ են ձևավորվել, ովքեր են կազմել իշխանություն, ովքեր՝ ընդդիմություն և այլ փաստական հետաքրքիր տվյալներ։
ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 90 համամասնական և 41 մեծամասնական ընտրակարգով) տեղի ունեցան 2007թ. մայիսի 12-ին: Մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններ տեղի ունեցան 2007թ. օգոստոսի 26-ին և 2008թ. օգոստոսի 24-ին:
Այս խորհրդարանի առանձնահատկությունն այն էր, որ դրա ընտրության արդյունքները հանգեցրին քաղաքական դաշտի ամայացմանը, իսկ ԱԺ-ում արմատական ընդդիմություն այլևս չկար։ Նախագահ Ռոբերտ Քոչարյանն ուներ իր ցանկալի ֆրակցիան՝ «Բարգավաճ Հայաստանը», իսկ վարչապետ Սերժ Սարգսյանը՝ իրենը՝ «Հանրապետականը»։ 2007թ. ԱԺ ընտրությունների ողջ ինտրիգն այն էր, թե արդյո՞ք Ռոբերտ Քոչարյանը կկարողանա ձևավորել իր համար լոյալ պառլամենտ, որպեսզի նախագահական ժամկետի լրանալուց հետո նշանակվի վարչապետ։ Դա նրան չհաջողվեց և Սերժ Սարգսյանի ՀՀԿ-ն հաղթանակ տարավ ընտրություններում, իսկ ԲՀԿ-ն զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ Դա կանաչ լույս վառեց ոչ միայն Սերժ Սարգսյանի՝ հաջորդ ընտրություններում նախագահի իշխանական թեկնածուն դառնալու համար, այլև փակեց Քոչարյանի՝ ԱԺ-ում մեծամասնություն ունենալու և վարչապետի կարգավիճակին հավակնելու դարպասները։
Ազգային ժողովում ընդդիմությունը ներկայացնում էին «Ժառագություն» և «Օրինաց երկիր» կուսակցությունները՝ նախկին ԱԳ նախարար Րաֆֆի Հովհաննիսյանի և նախկին ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի առաջնորդությամբ։ Նրանցից ոչ ոք էլ արմատական ընդդիմադիր չէր, սակայն հավակնում էր ընդդիմության թեկնածուն լինել առաջիկա նախագահական ընտրություններում։
ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները սկսվեցին 2007թ. հունիսի 7-ին և ավարտվեցին 2012թ. մայիսի 31-ին:
2007թ. հունիսի 7-ին Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Տիգրան Թորոսյանը, իսկ տեղակալներ ընտրվեցին Վահան Հովհաննիսյանը և Իշխան Զաքարյանը: Հետագայում Ազգային ժողովի նախագահի տեղակալներ ընտրվեցին Արևիկ Պետրոսյանը` 2007թ. նոյեմբերի 12-ին (Ի. Զաքարյանը նշանակվեց ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ), Հրայր Կարապետյանը` 2008թ. Մայիսի 20-ին (Վ.Հովհաննիսյանը հրաժարական ներկայացրեց), Սամվել Նիկոյանը` 2009թ. մայիսի 18-ին (Հ.Կարապետյանը հրաժարական ներկայացրեց): 2008թ. սեպտեմբերի 29-ին Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Հովիկ Աբրահամյանը (Տ. Թորոսյանը հրաժարական ներկայացրեց): 2011թ. նոյեմբերի 14-ի նիստում Հ. Աբրահամյանը հայտարարեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ շտաբը գլխավորելու պատճառով վաղաժամկետ վայր է դնում խորհրդարանի նախագահի իր լիազորությունները: 2011թ. Դեկտեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ս.Նիկոյանը, իսկ նախագահի տեղակալ` Էդ. Շարմազանովը:
ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեց պատգամավորական 5 խմբակցություն` «Հայաստանի հանրապետական կուսակցություն» (64 պատգ.), «Բարգավաճ Հայաստան» (25 պատգ.), «Հայ հեղափոխական դաշնակցություն» (16 պատգ.), «Օրինաց երկիր» (8 պատգ.), «Ժառանգություն» (7 պատգ.): Այս խմբակցությունները ստեղծվել են 2007թ. հունիսի 7-ին: Դրանցում չընդգրկվեց 11 պատգամավոր:
2008թ. ապրիլի 30-ին Ազգային ժողովը հավանություն տվեց ՀՀ կառավարության ծրագրին:
Ազգային ժողովը չորրորդ գումարման ընթացքում ընդունել է 1410 օրենք, որոնցից 94-ը «մայր» օրենքներ են իսկ 1316-ը` փոփոխություններ և լրացումներ արդեն գործող օրենքներում: Ընդունված օրենքներից 207-ի հեղինակները Ազգային ժողովի պատգամավորներն են, 1203-ի հեղինակը Հայաստանի Հանրապետության կառավարությունն է:
Ընդունվել է 1574 որոշում, որոնցից 329-ը նորմատիվային, իսկ 1245-ը` լոկալ:
Վավերացվել է Հայաստանի Հանրապետության 214 միջազգային պայմանագիր: