Ռետրո

1918-1920թթ. պառլամենտը. 2 տարում՝ 4 վարչապետ

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքով ձևավորվեց նոր՝ 8-րդ գումարման խորհրդարանը։ Այդ ընտրություններն, ըստ էության, աննախադեպ էին՝ թե՛ մասնակից կուսակցությունների քանակով, թե՛ պայմանավորված այն փաստով, որ միտված էին քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը։ Թեպետ ԱԺ չանցած ուժերը դժգոհ էին ընտրությունների արդյունքներից, ինչպես նաև ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, սակայն հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած իշխանությունը, ըստ էության, լեգիտիմ ճանաչվեց հանրության կողմից, իսկ քվեարկության ժամանակ էական ընտրախախտումներ չարձանագրվեցին։ Radar Armenia-ն առաջարկում է հետահայց ձգել Հայաստանի խորհրդարանական անցյալին պարզելու, թե երբ են տեղի ունեցել ԱԺ ընտրությունները, ինչ խմբակցություններ են ձևավորվել, ովքեր են կազմել իշխանություն, ովքեր՝ ընդդիմություն և այլ փաստական հետաքրքիր տվյալներ։ 

Այսօր փորձենք հասկանալ, թե ինչպես է ծագել պառլամենտարիզմը Հայաստանում։ 

1918թ. մայիսի 28-ին հռչակված Հայաստանի առաջին հանրապետության պառլամենտը գումարվեց օգոստոսի 1-ին: Կազմվեց կառավարություն` հիմնականում դաշնակցականներից: Վարչապետ նշանակվեց Հ.Քաջազնունին: Հայաստանի Հանրապետությունը խորհրդարանական սկզբունքով կառավարվող երկիր էր: Խորհրդարանը միապալատ էր, ուներ մշտական հանձնաժողովներ և ավագների խորհուրդ: Հայաստանի 1-ին Հանրապետության գոյության 2.5 տարիներին կազմվել է 4 կառավարություն` վարչապետներ Հովհաննես Քաջազնունու, Ալեքսանդր Խատիսյանի, Համո Օհանջանյանի և Սիմոն Վրացյանի գլխավորությամբ: Պառլամենտը ղեկավարել են Ա.Սահակյանը (01.08.1918-01.08.1919թթ.), Ա.Ահարոնյանը (01.08.1919-04.11.1920թթ.) և Հ. Քաջազնունին (04.11.1920-02.12.1920թթ.): 

Ժողովրդական սկզբունքներով կազմավորված խորհրդարանում գործում էր 4 կուսակցություն` Հայ հեղափոխական դաշնակցությունը, Սոցիալ-դեմոկրատ հնչակյան կուսակցությունը, սոցիալ-հեղափոխականները և Հայ ժողովրդական կուսակցությունը։ Հայ հեղափոխական դաշնակցությունը կառավարող կուսակցություն էր, ուներ խորհրդարանական մեծամասնություն, իսկ մյուսները համարվում էին ընդդիմադիր: Հայաստանի խորհրդարանն իր գոյության ընթացքում հանրապետության ներքին և արտաքին քաղաքականության վերաբերյալ ընդունել է 1000-ից ավելի օրենքներ և օրենքի ուժ ունեցող իրավական փաստաթղթեր, այդ թվում՝ հայերենը պետական լեզու հռչակելու, պետական համալսարան, դպրոցներ, գրադարաններ, թանգարաններ հիմնելու, գաղթականության, բանվորների աշխատավարձերը, թոշակներն ավելացնելու, ազատագրական կռիվներում զոհվածների երեխաների ուսուցումը կազմակերպելու, հայ գրողներին, գիտնականներին նյութական օգնություն, արտասահմանում սովորող երիտասարդությանը նպաստներ հատկացնելու մասին և այլն: 

1920թ. նոյեմբերի 24-ին Համո Օհանջանյանի կառավարության հրաժարականից հետո կազմվեց դաշնակցական նոր կառավարություն` Սիմոն Վրացյանի ղեկավարությամբ: Ռուսաստանի Սովետական Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության լիազոր ներկայացուցիչ Բորիս Լեգրանը նոյեմբերի 30-ին դաշնակցական կառավարությանն առաջարկեց իշխանությունը հանձնել Հեղկոմին, որի զորքերն արդեն մտել էին Իջևան և շարժվում էին դեպի Երևան, որի արդյունքում՝ 1920թ. դեկտեմբերի 2-ին Երևանում ՌՍՖՍՀ և Հայաստանի Հանրապետության միջև կնքվեց համաձայնագիր, ըստ որի` Հայաստանը հայտարարվեց սոցիալիստական հանրապետություն: