Ռետրո

Հոկտեմբերի 27-ի պառլամենտը

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքով ձևավորվեց նոր՝ 8-րդ գումարման խորհրդարանը։ Այդ ընտրություններն, ըստ էության, աննախադեպ էին՝ թե՛ մասնակից կուսակցությունների քանակով, թե՛ պայմանավորված այն փաստով, որ միտված էին քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը։ Թեպետ ԱԺ չանցած ուժերը դժգոհ էին ընտրությունների արդյունքներից, ինչպես նաև ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, սակայն հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած իշխանությունը, ըստ էության, լեգիտիմ ճանաչվեց հանրության կողմից, իսկ քվեարկության ժամանակ էական ընտրախախտումներ չարձանագրվեցին։ Radar Armenia-ն առաջարկում է հետահայց ձգել Հայաստանի խորհրդարանական անցյալին պարզելու, թե երբ են տեղի ունեցել ԱԺ ընտրությունները, ինչ խմբակցություններ են ձևավորվել, ովքեր են կազմել իշխանություն, ովքեր՝ ընդդիմություն և այլ փաստական հետաքրքիր տվյալներ։ 

Հայաստանի Հանրապետության երկրորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները (131 պատգամավոր` 75 մեծամասնական և 56 համամասնական ընտրակարգով) տեղի են ունեցել 1999թ. մայիսի 30-ին:

Ըստ ընտրությունների արդյունքների` օրենքով սահմանված հինգ տոկոսի սահմանագիծը հաղթահարել են 6 կուսակցություն և դաշինք, որոնց միջև տեղերը բաշխվել են հետևյալ կերպ. «Միասնություն»  դաշինք` 41,69 տոկոս (29 պատգ.), ՀԿԿ` 12,09 տոկոս (8 պատգ.), «Իրավունք և միաբանություն» դաշինք` 7,96 տոկոս (6 պատգ.), ՀՅԴ` 7,86 տոկոս (5 պատգ.), «Օրինաց երկիր» կուսակցություն` 5,28 տոկոս (4 պատգ.), ԱԺՄ` 5,17 տոկոս (4 պատգ.):

Ազգային ժողովի 129 պատգամավորներից կուսակցական էին 76-ը, անկուսակցական` 53-ը:

Ըստ կուսակցական պատկանելության` պատգամավորների կազմը հետևյալն էր. ՀՀԿ` 24 պատգամավոր, ՀԺԿ` 8, ՀՅԴ` 8, ՀԿԿ` 7, «Օրինաց երկիր»` 7, ԺԴԿ` 6, ԱԺՄ` 4, «Ազգային միաբանություն» ՀՔԿ` 3, «Հանրապետություն»` 2, ՍԻՄ` 2, ԱԺԴ` 1, ԱԺԿ` 1, «Առաքելություն» ՀՔԿ` 1, Գիտաարդյունաբերական և քաղաքացիական միություն` 1,   ՀՀՇ` 1: 1999թ. հունիսի 10-ին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության համաձայն, բացվեց ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Կարեն Դեմիրճյանը, իսկ տեղակալներ ընտրվեցին Ալբերտ Բազեյանը և Ռուբեն Միրոյանը:

Ա.Բազեյանի քաղաքապետ նշանակվելուց հետո` 1999թ. սեպտեմբերի 13-ին, Ազգային ժողովի նախագահի տեղակալ ընտրվեց Յուրի Բախշյանը:

1999թ. հոկտեմբերի 27-ին` Ազգային ժողովի եռօրյայի վերջին օրվա նիստին` Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանի ընթացքում, խորհրդարանի նիստերի դահլիճ ներխուժեցին հինգ զինված անձինք և կրակ բացեցին Ազգային ժողովի պատգամավորների ու կառավարության անդամների վրա: Զոհվեցին Ազգային ժողովի նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ Յուրի Բախշյանը և Ռուբեն  Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը:

1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից հետո ՀՀ Նախագահի հրամանագրով 1999թ. նոյեմբերի 2-ին գումարված Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում ընտրվեց Ազգային ժողովի նոր ղեկավարություն: Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արմեն Խաչատրյանը, իսկ տեղակալներ ընտրվեցին Տիգրան Թորոսյանը և Գագիկ Ասլանյանը:

ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովում ստեղծվեցին պատգամավորական 6 խմբակցություն և պատգամավորական 3 խումբ: Պատգամավորական խմբակցություններն էին` «Միասնություն» (ստեղծվել է 10.06.1999թ., 46 պատգ.), «Հայաստանի կոմունիստական կուսակցություն» (11.06.1999թ., 8 պատգ.), «Հայ հեղափոխական դաշնակցություն» (11.06.1999թ., 8 պատգ.), «Իրավունք և միաբանություն» (11.06.1999թ., 5 պատգ.), «Օրինաց երկիր» (10.06.1999թ., 4 պատգ.) և «Ազգային ժողովրդավարական միություն» (11.06.1999թ., 4 պատգ.), իսկ պատգամավորական խմբերն էին` «Ագրարային-ադյունաբերական ժողովրդական միավորում» (23.07. 2001թ., 11 պատգ., մինչ այդ «Կայունություն» (10.06.1999թ.)), «Հայաստան» (16.05.2000թ., 12 պատգ.) և «Ժողովրդական պատգամավոր» (16.04.2001թ., 16 պատգ.):

ՀՀ երկրորդ գումարման Ազգային ժողովը աշխատանքն սկսեց 1999թ. հունիսի 10-ին և ավարտեց 2003թ. մայիսի 14-ին: Գումարվել են 9 հերթական, 22 արտահերթ նստաշրջան, 61 հերթական, 11 արտահերթ  և 1 հատուկ նիստ: Ազգային ժողովն ընդունել է 543 օրենք, որոնցից 170-ը` «մայր», իսկ 373-ը` փոփոխություններ ու լրացումներ գործող օրենքներում: Վավերացվել է 243 միջազգային պայմանագիր: Ընդունվել է 1290 որոշում, որոնցից 342-ը` նորմատիվային, իսկ 948-ը` արձանագրային: