Ռետրո

Խորհրդային Հայաստանի 12 պառլամենտները

Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքով ձևավորվեց նոր՝ 8-րդ գումարման խորհրդարանը։ Այդ ընտրություններն, ըստ էության, աննախադեպ էին՝ թե՛ մասնակից կուսակցությունների քանակով, թե՛ պայմանավորված այն փաստով, որ միտված էին քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը։ Թեպետ ԱԺ չանցած ուժերը դժգոհ էին ընտրությունների արդյունքներից, ինչպես նաև ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, սակայն հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած իշխանությունը, ըստ էության, լեգիտիմ ճանաչվեց հանրության կողմից, իսկ քվեարկության ժամանակ էական ընտրախախտումներ չարձանագրվեցին։ Radar Armenia-ն առաջարկում է հետահայց ձգել Հայաստանի խորհրդարանական անցյալին պարզելու, թե երբ են տեղի ունեցել ԱԺ ընտրությունները, ինչ խմբակցություններ են ձևավորվել, ովքեր են կազմել իշխանություն, ովքեր՝ ընդդիմություն և այլ փաստական հետաքրքիր տվյալներ։

1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանում հաստատվեցին խորհրդային կարգեր: Այդ կարգերի օրոք ընդունվել է երեք սահմանադրություն` 1924թ., 1937թ. և 1978թ.: Հայաստանի երկրորդ հանրապետության պետական իշխանության բարձրագույն մարմինը ՀՍՍՀ Գերագույն խորհուրդն էր` սկսած 1938թ., իսկ մինչ այդ` խորհուրդների համագումարը: ՀՍՍՀ Գերագույն խորհրդի իրավասությունները սահմանվում էին Հայկական ՍՍՀ սահմանադրությամբ: ՀՍՍՀ Գերագույն խորհուրդը իրավազոր էր լուծելու ՍՍՀՄ սահմանադրությամբ և ՀՍՍՀ սահմանադրությամբ ՀՍՍՀ տնօրինությանը վերապահված բոլոր հարցերը: Ընտրվում էր 5 տարի ժամկետով, միապալատ էր և կազմված էր 340 դեպուտատից, որոնք ընտրվում էին ըստ հավասար թվով բնակչություն ունեցող ընտրական օկրուգների: ՀՍՍՀ Գերագույն խորհրդի և նրա մարմինների գործունեության կարգը որոշվում էր ՀՍՍՀ Գերագույն խորհրդի կանոնակարգով և ՀՍՍՀ մյուս օրենքներով: ՀՍՍՀ Գերագույն խորհուրդը նշանակում էր ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահին, նրա ներկայացմամբ հաստատում էր Մինիստրների խորհրդի կազմը, վերջինիս առաջարկությամբ կազմում ու լուծարում էր ՀՍՍՀ մինիստրությունները և պետական կոմիտեները, ընտրում Գերագույն դատարան, հաստատում ՀՍՍՀ տնտեսական ու սոցիալական զարգացման պետական պլանները, ՀՍՍՀ պետական բյուջեն:

ՀՍՍՀ Գերագույն խորհուրդն ունեցել է 12 գումարում:

I ----------------- 1938
II ----------------- 1947
III -----------------1951
IV -----------------1955
V-------------------1959
VI------------------1963
VII----------------1967
VIII---------------1971
IX-----------------1975
X------------------1980
XI-----------------1985
XII----------------1990


ՀՍՍՀ Գերագույն խորհրդի մշտապես գործող մարմինը նրա նախագահությունն էր, որը նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում իրականացնում էր պետական իշխանության բարձրագույն մարմնի գործառույթները: ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահությունը գլխավորում էր ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահը: ՀՍՍՀ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ են եղել Մ.Պապյանը (1938-1954թթ.), Շ.Առուշանյանը (1954-1963թթ.), Ն.Հարությունյանը (1963-1975թթ.), Բ.Սարկիսովը (1975-1985թթ.), Հ.Ոսկանյանը (1985-1990թթ.):

ՀՍՍՀ Գերագույն խորհուրդը 1990թ. փետրվարի 13-ին ընդունեց որոշում` ՀՍՍՀ տասնմեկերորդ գումարման Գերագույն խորհրդի դեպուտատների լիազորությունների (դրանք լրանում էին 1990թ. փետրվարի 24-ին) երկարաձգման մասին (մինչև 1990թ. մայիսի 20-ը):