Մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցան արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց արդյունքով ձևավորվեց նոր՝ 8-րդ գումարման խորհրդարանը։ Այդ ընտրություններն, ըստ էության, աննախադեպ էին՝ թե՛ մասնակից կուսակցությունների քանակով, թե՛ պայմանավորված այն փաստով, որ միտված էին քաղաքական ճգնաժամի հաղթահարմանը։ Թեպետ ԱԺ չանցած ուժերը դժգոհ էին ընտրությունների արդյունքներից, ինչպես նաև ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները, սակայն հաղթած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ձևավորած իշխանությունը, ըստ էության, լեգիտիմ ճանաչվեց հանրության կողմից, իսկ քվեարկության ժամանակ էական ընտրախախտումներ չարձանագրվեցին։ Radar Armenia-ն առաջարկում է հետահայց ձգել Հայաստանի խորհրդարանական անցյալին պարզելու, թե երբ են տեղի ունեցել ԱԺ ընտրությունները, ինչ խմբակցություններ են ձևավորվել, ովքեր են կազմել իշխանություն, ովքեր՝ ընդդիմություն և այլ փաստական հետաքրքիր տվյալներ։
Վեցերորդ գումարման Ազգային ժողովի ընտրությունները տեղի ունեցան 2017թ. ապրիլի 2-ին: Համամասնական ընտրակարգով ընտրվեց 105 պատգամավոր: Ընտրողների ցուցակում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը 2 միլիոն 585 հազար 134 էր, քվեարկության մասնակիցներինը՝ 1 միլիոն 577 հազար 323: Ընտրությունների արդյունքներով խորհրդարան անցավ քաղաքական չորս ուժ՝ երկու կուսակցություն և կուսակցությունների երկու դաշինք՝ հետևյալ համամասնությամբ. Հայաստանի հանրապետական կուսակցություն՝ 771 հազար 247 ձայն կամ 49.12 տոկոս, «Ծառուկյան» կուսակցությունների դաշինք՝ 428 հազար 965 ձայն կամ 27.32 տոկոս, «Ելք» կուսակցությունների դաշինք՝ 122 հազար 49 ձայն կամ 7.77 տոկոս, «Հայ Յեղափոխական դաշնակցություն» կուսակցություն՝ 103 հազար 173 ձայն կամ 6.57 տոկոս: 105 պատգամավորներից 18-ը կանայք էին: Խորհրդարան անցավ ազգային փոքրամասնությունների 4 ներկայացուցիչ՝ ռուսական, ասորական, եզդիական և քրդական համայնքներից: Վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանը գումարվեց մայիսի 18-ին: Ստեղծվեց չորս խմբակցություն՝ «Հայաստանի հանրապետական կուսակցություն» (58 պատգամավոր), «Ծառուկյան» (31 պատգամավոր), «Ելք» (9 պատգամավոր), «Հայ Յեղափոխական դաշնակցություն» (7 պատգամավոր): Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Արա Բաբլոյանը, Ազգային ժողովի նախագահի տեղակալներ ընտրվեցին Էդուարդ Շարմազանովը, Արփինե Հովհաննիսյանը և Միքայել Մելքումյանը: Ստեղծվեց 9 մշտական հանձնաժողով՝ առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողով, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողով, գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողով, եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողով, պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողով, տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողով, տնտեսական հարցերի մշտական հանձնաժողով, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողով: Ընտրվեցին մշտական հանձնաժողովների նախագահներ:
Ազգային ժողովը 2018 թվականի մարտի 2-ին Հանրապետության նախագահ ընտրեց Արմեն Սարգսյանին։ Ապրիլի 17-ի նիստում Սերժ Սարգսյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, սակայն հանրային ճնշման ներքո, ապրիլի 23-ին ներկայացրեց հրաժարական։ Մայիսի 8-ին Ազգային ժողովը Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ։ Հոկտեմբերի 16-ին Ն.Փաշինյանը ներկայացրեց հրաժարական։ Վեցերորդ գումարման Ազգային ժողովը հինգ տարվա փոխարեն գործեց մոտ մեկուկես տարի և նոյեմբերի 1-ին արձակվեց Սահմանադրությամբ նախատեսված իրավունքի ուժով՝ երկու անգամ՝ հոկտեմբերի 24-ին և նոյեմբերի 1-ին վարչապետ չընտրելու պատճառով։ Նույն օրը Հանրապետության նախագահի հրամանագրով 2018թ. դեկտեմբերի 9-ին նշանակվեց Ազգային ժողովի արտահերթ ընտրություն։
Վեցերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվեց՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման օրը՝ 2019թ. հունվարի 14-ին:
Այս խորհրդարանը պատմության մեջ մնաց որպես ամենակարճը։ Դրա քվեարկությունը տեղի էր ունեցել Ապրիլյան պատերազմից ուղիղ մեկ տարի առաջ և պատմության մեջ մնաց որպես ամենաշատ կաշառք բաժանված ընտրություն։ 2018թ. գարնանը Հայաստանում տեղի ունեցած հեղափոխության արդյունքում ՀՀԿ-ական մեծամասնությունը ստիպված եղավ փոքրամասնության առաջնորդին նշանակել վարչապետ։ Պառլամենտի գործունեությունը շարունակելու և հեղափոխությունը կանգնեցնելու փորձերը, սակայն, անհաջող եղան և 2018թ. վերջին այս խորհրդարանը ցրվեց և հանգեց արտահերթ ընտրությունների։
Վեցերորդ գումարման ընթացքում գումարվել են չորս հերթական և հինգ արտահերթ նստաշրջան, 18 հերթական, 18 արտահերթ և 5 հատուկ նիստ: Այդ ժամանակահատվածում Ազգային ժողովն ընդունել է 667 օրենք, որից 39-ը՝ ‹‹մայր›› օրենք, 569-ը՝ փոփոխություններ և լրացումներ գործող օրենքներում, իսկ 59-ը՝ միջազգային համաձայնագիր: Ընդունված օրենքներից 38-ի հեղինակները ԱԺ պատգամավորներն են, 629-ինը՝ Կառավարությունը: Ընդունվել է 346 որոշում, որից 303-ը՝ լոկալ, 11-ը՝ նորմատիվային, 32-ը՝ անհատական։